«Իմ և Հայաստանի կառավարության անունից շնորհակալ եմ ձեզ, Իրաքի հայ համայնքին». Մխիթար Հայրապետյան

Օգոստոսի 14-ին Սփյուռքի նախարարություն այցելեցին Իրաքի Հանրապետությունում ՀՀ դեսպան Կարեն Գրիգորյանը, Իրաքի Ազգային Կենտրոնական վարչության փոխատենապետ Գևորգ Գաթոյանը՝ տիկնոջ՝ Սիլվա Մանուկյանի հետ, գանձապահ Վարդան Վարդանյանը, ատենադպիր, բանաստեղծ Արամ Քեթենջյանը, Հայ մշակութային միության փոխատենապետ Նուշիկ Մելքոնյանը, ՀՀ-ում իրաքահայ համայնքի ներկայացուցիչ Վարանդ Պետրոսյանը՝ տիկնոջ՝ Սոսի Ավագյան-Պետրոսյանի հետ:

Ողջունելով հյուրերին՝ Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը նշեց. «Ուրախ եմ ընդունել ձեզ Սփյուռքի նախարարությունում, ինձ համար մեծ պատիվ է, որ այստեղ եք: Չնայած բոլոր դժվարություններին և մարտահրավերներին, որոնց առերեսվում է Իրաքի հայ համայնքը, Հայաստանի կառավարությունը, Սփյուռքի նախարարությունը մեծ անելիքներ ունեն ձեր թիկունքին կանգնելու համար: Այսօր, սակայն, դուք եք կանգնել Հայաստանի թիկունքին: Չափազանց կարևոր է, անգնահատելի է ձեր աջակցությունը սահմանամերձ Խաչիկ գյուղին: Թեև նախաձեռնությունը նախորդ կառավարությանն է, բայց մեր կառավարությունը չափազանց կարևորում է սահմանամերձ շրջանների կայուն զարգացումը: Եթե ուզում ենք կառուցել ուժեղ պետություն՝ ուժեղ անվտանգությամբ, ուժեղ տնտեսությամբ, պետք է լծվենք սահմանամերձ գյուղերի զարգացման գործին: Իմ և ՀՀ կառավարության անունից շնորհակալ եմ ձեզ, Իրաքի հայ համայնքին: Վստահ եմ, որ այս նախաձեռնությունը վարակիչ կդառնա մյուս հայկական համայնքների համար»:

Հայանպաստ ակտիվ գործունեության, հզոր, խաղաղ և ապահով Հայաստան ունենալուն, սահմանամերձ գյուղերի համաչափ զարգացմանն ուղղված ազգանվեր գործունեության համար նախարարը Իրաքի հայ համայնքին պարգևատրեց ՀՀ սփյուռքի նախարարության Ոսկե հուշամեդալով:

Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը շնորհակալագրեր հանձնեց Իրաքի Ազգային Կենտրոնական վարչության փոխատենապետ Գևորգ Գաթոյանին, Իրաքի Ազգային Կենտրոնական վարչության գանձապահ Վարդան Վարդանյանին, ՀՀ-ում իրաքահայ համայնքի ներկայացուցիչ Վարանդ Պետրոսյանին:

Իրաքի Հանրապետությունում ՀՀ դեսպան Կարեն Գրիգորյանը խոսելով համայնքի առջև ծառացած դժվարությունների մասին՝ շեշտեց, որ համայնքն իր ունեցած փոքր հնարավորությունների սահմաններում կատարել է առավելագույնը, ինչը դեպի հայրենիքն ունեցած վերաբերմունքի դրսևորումն է:

Իր շնորհակալական խոսքում Գևորգ Գաթոյանը նշեց Հայրենիքին օգտակար լինելու, նրա զարգացմանը նպաստելու՝ Իրաքի հայ համայնքի պատրաստակամության մասին:

 ՀՀ-ում իրաքահայ համայնքի ներկայացուցիչ, 2003թ ընտանիքով հայրենադարձված  Վարանդ Պետրոսյանը հավելեց. «Այս հողի վրա է, որ պիտի կերտենք մեր ներկան ու ապագան»:

2017թ. ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնած՝ սահմանապահ բնակավայրերի աջակցության ծրագրի շրջանակներում նախարարության և Իրաքի Հանրապետությունում հայ համայնքի համագործակցության արդյունքում Իրաքի Ազգային Կենտրոնական վարչությունը պատրաստակամություն է հայտնել աջակցություն տրամադրել ՝ՀՀ Վայոց ձորի մարզի Արենի համայնքի Խաչիկ բնակավայրում առկա հիմնախնդիրները լուծելու նպատակով: Աշխատանքերի մեկնարկը տրվել է 2018թ. մարտ ամսին: Իրականացվել է ջրազտիչ ավազանի  կառուցում, 500մ խմելու ջրի խողովակի անցկացում, երեխաների համար նախատեսված ջրավազանի կառուցում, խաղահրապարակի վերանորոգում, ինչպես նաև 2500 պտղատու ծառերի տնկիների տրամադրում:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել Խաչիկ բնակավայրի մշակույթի տունը վերանորոգելու վերաբերյալ: Բարեգործական աշխատանքները կրելու են շարունակական բնույթ, նախնական բանակցություններ են իրականացվում բնակավայրում արտեզյան ջրի ջրամբար և ջրագիծ կառուցելու վերաբերյալ:

Scroll Up