ՀՀ սփյուռքի նախարարն ընդունեց Սիրիայի հայ ավետարանական եկեղեցիների խորհրդի նախագահ, վերապատվելի Հարություն Սելիմյանին

Փետրվարի 10-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Սիրիայի հայ ավետարանական եկեղեցիների խորհրդի նախագահ, վերապատվելի Հարություն Սելիմյանին:

Հրանուշ Հակոբյանը կարևորեց Սիրիայում շտապ օգնության մարմինների՝ հայապահպանությանը, համայնքը պահելուն, առկա սոցիալական, կրթական, առողջապահական և այլ խնդիրները լուծելուն, մարդկանց ապահովությունն ու անվտանգությունն ապահովելուն  ուղղված  ամենօրյա ջանքերը:

Սիրիայի հայ ավետարանական եկեղեցիների խորհրդի նախագահը ներկայացրեց վերջին շրջանում Սիրիայում տիրող իրավիճակը և դրա հնարավոր զարգացումների ազդեցությունը հայ համայնքի վրա: Հարություն Սելիմյանը հանգամանորեն ներկայացրեց համայնքում կազմակերպված միջոցառումները, մասնավորապես Հայոց բանակի կազմավորման 25 ամյակին նվիրված հանդիսությունները, նշեց, որ դրանք երիտասարդ սերնդի ազգային դաստիարակության, հայրենասիրական ոգին արթնացնելու, հայացքը դեպի Հայրենիք ուղղելու հզոր ազդակ են: Նա նշեց, որ սիրիահայերի հիմնախնդիրների կարգավորումը անհրաժեշտ է դարձնում Սփյուռքի բոլոր կառույցների և հայկական ներուժի հետագա համախմբումը, որում մեծ դեր է վերապահված սփյուռքի նախարարությանը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց Սիրիայի իրավիճակից բխող հնարավոր զարգացումներին, հայ համայնքի անվտանգությանն առնչվող մի շարք խնդիրներին: Քննարկվեցին հետագա համագործակցությանը և կազմակերպչական խնդիրներին վերաբերող հարցեր, նախանշվեցին անելիքները:

Scroll Up