Սփյուռքահայ երիտասարդ առաջնորդները հանդիպեցին Սևան Կաբակյանի հետ
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2015/07/20150721_161407.jpg)
Հուլիսի 21-ին ՀՀ սփյուռքի նախարարության «Սփյուռք ամառային դպրոց-2015» ծրագրի Սփյուռքահայ երիտասարդ առաջնորդների դասընթացների մասնակիցները հանդիպեցին «Դեպի Հայք» հիմնադրամի գործադիր տնօրեն Սևան Կաբակյանի և ծրագրի մասնակից Դիանա Խառատյանի հետ:
Սևան Կաբակյանը երիտասարդ առաջնորդներին ներկայացրեց 2004 թվականին հիմնադրված «Դեպի Հայք» հիմնադրամի գործունեությունը: Խոսելով ծրագրի նպատակների մասին՝ նա նշեց, որ իրենք ունեն մեկ ընդհանուր նպատակ՝ սփյուռքահայ երիտասարդներին կապել հայրենիքին, որպեսզի նրանք Հայաստանը ճանաչեն ո´չ թե զբոսաշրջիկի աչքերով, այլ ավելի խորքից:
Խոսելով հիմնադրամի առաքելության մասին՝ Սևան Կաբակյանը նշեց, որ հիմնադրամը փորձում է զարգացնել ու ամրապնդել Հայրենիքում ու Սփյուռքում ապրող երիտասարդների միջև կապերը՝ հնարավորության տալով սփյուռքահայ երիտասարդներին կամավորական աշխատանքներով մասնակից դառնալ Հայաստանի առօրյա կյանքին և նպաստել հայրենիքի զարգացմանը:
«Դեպի Հայքը» բաց ծրագիր է, որին կարող են մասնակցել 20-32 տարեկան սփյուռքահայ երիտասարդներ. տևողությունը 9 շաբաթից մինչև մեկ տարի է: Անցնող տարիների վիճակագրության համաձայն ՝մասնակիցների 50 տոկոսը ԱՄՆ-ից է, մյուսները Ռուսաստանից են, Ուկրաինայից, Մերձավոր Արևելքից և եվրոպական երկրներից:
Ներկայացնելով ծրագրի շրջանակներում իրականացվող կամավորական աշխատանքները՝ Սևան Կաբակյանը շեշտեց, որ կազմակերպությունն անում է հնարավոր ամեն ինչ, որպեսզի կամավորի փորձառությունը լինի նպատակային:
Սևան Կաբակյանը խոսեց նաև մասնակիցների ճանապարհածախսի փոխհատուցման մասին, ներկայացրեց «Հյուրընկալ ընտանիք» ծրագիրը:
Բացի կամավորական աշխատանքներից, որոնց տևողությունը շաբաթական 30 ժամ է, մասնակիցների համար կազմակերպվում են հայերենի ուսուցման դասընթացներ, շրջագայություններ, սփյուռքահայ երիտասարդները ծրագրված հանդիպումների շնորհիվ հնարավորություն են ունենում շփվելու տարբեր ոլորտի մարդկանց հետ:
«Դեպի Հայքի» կամավորական աշխատանքներում ընդգրկված Դիանա Խառատյանը ապրում է Մոսկվայում, աշխատում է քաղաքի բանկերից մեկում: Արձակուրդը որոշել է անցկացնել Հայաստանում, կամավորական աշխատանքի միջոցով փորձել ոչ միայն ճանաչել, այլև բացահայտել Հայաստանը: Խոսելով «Օրրան» բարեգործական կազմակերպությունում իր կատարած աշխատանքի, մեկամսյա փորձառության մասին՝ Դիանան սփյուռքահայ երիտասարդներին խորհուրդ տվեց մասնակցել ծրագրին ու սեփական փորձով բացահայտել Հայաստանը. «Տխրում եմ, որ ստիպված եմ վերադառնալ: Կցանկանայի ավելի երկար մնալ: Այստեղ ես ո´չ միայն հնարավորություն ունեցա աշխատել, այլև կարողացա շփվել աշխարհի տարբեր երկրներից եկած երիտասարդների հետ, որոնք խոսում են արևելահայերեն, արևմտահայերեն կամ ընդհանրապես հայերեն չեն խոսում: Սա մի ուրիշ կյանք էր ինձ համար, որը մեկ այլ տեղ չէի կարող գտնել»:
Հանդիպման վերջում Սփյուռքահայ երիտասարդ առաջնորդների դասընթացների մասնակիցներն իրենց հարցերն ուղղեցին Սևան Կաբակյանին: