Սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ հանդիպում Համահայկական 8-րդ կրթական խորհրդաժողովի մասնակիցների հետ

Օգոստոսի 6-ին Սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ հանդիպում Համահայկական 8-րդ կրթական խորհրդաժողովի մասնակիցների հետ, որին մասնակցում են Հայաստանի, Արցախի և Սփյուռքի 24 երկրների 120 ներկայացուցիչ:
Սփյուռքից ժամանած ուսուցիչներին ողջունեց Սփյուռքի նախարարության աշխատակազմը՝ փոխնախարար Դավիթ Սարգսյանի գլխավորությամբ: Իր խոսքում Դավիթ Սարգսյանը նշեց, որ այսօրվա հանդիպման նպատակն է լսել Սփյուռքի կրթօջախներում առկա խնդիրները և փորձել հնարավորինս այդ խնդիրներին լուծում տալ:
Ուսուցիչների հնչեցրած հարցերը հիմնականում վերաբերում էին դասագրքերին, վերապատրաստման խնդիրներին: Նախարարության աշխատակիցները ամենայն ուշադրությամբ լսեցին մանկավարժների հարցերը և առաջարկները, քննարկեցին և հետագա համագործակցությամբ որոշեցին կարգավորել Սփյուռքում առաջացած խնդիրները:
Քննարկման մասնակիցները շնորհակալություն հայտնեցին Սփյուռքի նախարարությանը ջերմ ընդունելության և իրենց հարցերին սպառիչ պատասխաններ տալու համար: