«Սփյուռք ամառային դպրոց-2014». Սփյուռքահայ ուսուցիչների հյուրն այս անգամ Տիգրան Ներսիսյանն էր

Շարունակվում է ՀՀ սփյուռքի նախարարության «Սփյուռք ամառային դպրոց-2014» ծրագիրը: Դասընթացներին զուգահեռ, մասնակիցների առօրյան առավել հետաքրքիր դարձնելու համար, կազմակերպվում են զանազան մշակութային միջոցառումներ, հանդիպումներ հասարակական, մշակութային գործիչների հետ:

Սփյուռքի ուսուցիչների վերապատրաստման դասընթացներին մասնակից սփյուռքահայ ուսուցիչների հյուրն այս անգամ ՀՀ վաստակավոր արտիստ Տիգրան Ներսիսյանն էր: Հուլիսին 23-ին ճանաչված  ու սիրված դերասանի հետ հանդիպումը կազմակերպվել էր Երևանի Վազգեն Առաջինի անվան թիվ 168 հիմնական դպրոցում:

Մինչ դերասանի ժամանելը` սփյուռքահայ ուսուցիչները դպրոցի փոխտնօրեն ԱլլաՄարգարյանի ուղեկցությամբ փոքրիկ շրջայց կատարեցին գեղեցիկ ու բարեկարգ դպրոցում, ծանոթացան դպրոցի պայմաններին: Իսկ արդեն դահլիճում, ծափերի ուղեկցությամբ, դիմավորեցին Տիգրան Ներսիսյանին: Սփյուռքի նախարարության Համահայկական ծրագրերի վարչության գիտակրթական ծրագրերի բաժնի պետ Սիրվարդ Համբարյանը շնորհակալություն հայտնեց դերասանին, որ կարողացել է ժամանակ գտնել ու հանդիպել սփյուռքահայ ուսուցիչներին: Մի փոքր ներկայացնելով Տիգրան Ներսիսյանի բեմական ուղին` տիկին Համբարյանը խոսքը փոխանցեց սիրված դերասանին:

Տիգրան Ներսիսյանը, ողջունելով դահլիճում հավաքվածներին, ասաց, որ իր համար միշտ հաճելի, նաև` պատասխանատու են հանդիպումներն իր հայրենակիցների հետ: Սիրված դերասանը նշեց, որ Սփյուռքում ապրող մեր հայրենակիցներն առավել ուշադիր են Հայաստանում կատարվող իրադարձությունների, արվեստագետների նկատմամբ:

Խոսելով իր կյանքի, ընտանիքի, Մուշից գաղթած գերդաստանի մասին` Տիգրան Ներսիսյանն առաջակեց հանդիպումը շարունակել զրույցի տեսքով: Ու պատմեց իր հիշողությունները Հայաստանի ճանաչված ու անվանի դերասանների մասին, փոքրիկ դրվագներ հիշեց նրանց հետ հանդիպումներից: Խոսեց իր առաջին բեմելի, թատրոնում ու կինոյում խաղացած դերերի և բոլոր այն մարդկանց մասին, որոնք մեծ հետք են թողել նրա կյանքում և օգնել են կայանալ ոչ միայն որպես դերասան, այլ նաև` որպես մարդ: Պատմությունների ու հիշողությունների առանցքը, բնականաբար, անվանի դերասան Բաբկեն Ներսիսյանն էր` Տիգրան Ներսիսյան հայրը:

Սիրված դերասանի պատմություններն իրենց հարցերով ու հիշողություններով «համեմում» էին սփյուռքահայ ուսուցիչները, որոնց համար այս մտերմիկ հանդիպումը կդառնա գեղեցիկ ու հաճելի հուշ` Ամառային դպրոցում անցկացրած օրերից:

Լուսինե Աբրահամյան

Scroll Up