Ավարտվեց «Արի տուն» ծրագրի անցումային երրորդ փուլը
Երևանի Եղիշե Չարենցի անվան թիվ 67 հիմնական դպրոցում օգոստոսի 2-ին տեղի ունեցավ «Արի տուն» ծրագրի անցումային երրորդ փուլի փակման արարողությունը: Ողջունելով ծրագրի մասնակիցներին՝ Սփյուռքի նախարարության աշխատակազմի համահայկական ծրագրերի վարչության գիտակրթական ծրագրերի բաժնի պետ Սիրվարդ Համբարյանն իր խոսքում նշեց, որ նրանք օտար երկրներում հայի շառավիղներն են և պետք է իմանան, որ Հայաստանն իրենց Հայրենիքն է, որտեղ վաղ թե ուշ՝ վերադառնալու են: «Հորդորում եմ շարունակել պահպանել սերտ կապը Հայրենիքի հետ և մասնակցել հայապահպանությանն ուղղված այլ ծրագրերի նույնպես: Դուք հայ ժողովրդի զավակներն եք, մենք միշտ սպասում ենք ձեզ»,-ընդգծեց Սիրվարդ Համբարյանը:
Միջոցառման գեղարվեստական հատվածում սփյուռքահայ պատանիներն ու աղջիկները ներկայացան ազգային, ժողովրդական երգերի ու պարերի կատարումներով, ասմունքով: Նրանք նաև թևավոր խոսքեր և ժողովրդական ասույթներ ասացին հայոց լեզվի մասին, իսկ վերջում միասնաբար երգեցին «Էրեբունի-Երևան» երգը և հնչեցրին «Հայր մեր» Տերունական աղոթքը:
Ծրագրի մասնակիցները շրջայց կատարեցին դպրոցի Եղիշե Չարենցի անվան սենյակում, ծանոթացան նրա կյանքին ու ստեղծագործական գործունեությանը, տեսան սենյակում պահվող մեծանուն գրողի անձնական գորգը:
Հիշեցնենք, որ «Արի տուն» ծրագրի անցումային երրորդ փուլին մասնակցում էր 33 պատանի՝ Ռուսաստանից, Մոլդովայից, Լատվիայից, Բելգիայից և Ֆրանսիայից: