Բյուրականում կայացավ ՀՄԸՄ-ի 100-ամյակի և 11-րդ համա-ՀՄԸՄ-ական բանակումի փակման արարողությունը

Հուլիսի 28-ին ՀՀ սփյուռքի նախարարության աջակցությամբ Բյուրականի բանակավայրում անցկացվեց ՀՄԸՄ-ի 100-ամյակի և 11-րդ համա-ՀՄԸՄ-ական բանակումի փակման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցեցին Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, Սփյուռքի փոխնախարար Բաբկեն Տեր-Գրիգորյանը, ՀՀ-ում Սիրիայի դեսպան Մհդ. Իսսամ Նայալը, հասարակական գործիչներ, պատվավոր այլ հյուրեր:

Բացման խոսքով հանդես եկավ ՀՄԸՄ Կենտրոնական վարչության ատենապետ Գառնիկ Մկրտիչյանը, ով ներկայացրեց հյուրերին, կենտրոնական վարչության անունից ողջունեց Վեհափառ տիրոջ այցելությունը բանակավայր:

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն իր խոսքը սկսեց տերունական աղոթքով: Շնորհավորելով ՀՄԸՄ 100-ամյակի առթիվ՝ նա հավելեց. «Ուրախ եմ գտնվել ձեզ հետ, ձեր մեջ: Շնորհիվ մեր հավատքի ու մշակույթի մեր ազգը վերապրեց ամենածանր փորձությունները, կարողացավ վերակերտել պետականությունը: Այս տարի մեծ շուքով տոնախմբում ենք Հայոց պետության 100-ամյակը: Վստահ եմ, որ այս բանակավայրում, այս բարձունքի վրա զգում եք հայոց հողի ուժն ու զորությունը և տուն պիտի վերադառնաք ավելի զորացած: Վստահ եմ, որ մեր հայրենիքի ձեռքբերումները հպարտությամբ են լցնում ձեր սիրտն ու հոգին»:

Ողջույնի խոսքով հանդես եկավ Սփյուռքի փոխնախարար, նախկին հոմենեթմենական Բաբկեն ՏերԳրիգորյանըԴիմելով հոմենեթմենականներին՝ նա հայրենիք վերադառնալու կոչ արեց. «Սիրելի ՀՄԸՄ-ականներ: Իմ ուղերձը շատ հստակ է՝ եկեք Հայաստան: Կյանքի կոչեք «Դեպի Երկիր» կարգախոսը: Մաս կազմեք պետականաշինության գործընթացին: Սա ոչ միայն ձեր հայրենիքն է, սա ձեր երկիրն է, ձեր պետականությունը, երբեք դա չմոռանաք: Հայրենիքը սիրով սպասում է ձեզ: Մենք միասին ենք կերտելու մեր ազգի լուսավոր ապագան, միասին ենք կառուցելու այն նոր Հայաստանը, որը ձեռք բերվեց մեր թավշյա, ոչ բռնի, ժողովրդական հեղափոխության արդյունքում: Ինչպես պարոն Վարչապետը նշեց, թավշյա հեղափոխությունը, ըստ էության, կյանքի է կոչել ՀՄԸՄ-ի կարգախոսը՝ «Բարձրացի՛ր, բարձրացո՛ւր»: Տրամաբանորեն, կարող ենք արձանագրել, որ հեղափոխության հաղթանակն էլ է ձերը: Նորից եմ կրկնում, սա պետք է միշտ հիշել և հպարտանալ: Շնորհավորում եմ ձեզ, ձեր հաղթանակի կապակցությամբ»:

Հուլիսի 19-29-ը Հայաստանում մեծ շուքով նշվում է ՀՄԸՄ-ի մեկդարյա հոբելյանը` ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի, Մեծ Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի, Սփյուռքի նախարարության աջակցությամբ:

ՀՄԸՄ-ի 100-ամյակին նվիրված՝ «Պատվաբեր անցյալից հաղթական ապագա» խորագրով 11-րդ համա-ՀՄԸՄ-ական բանակումին մասնակցելու համար Հայաստան է ժամանել 1200 հոմենեթմենական՝ ԱՄՆ-ի, Կանադայի, Ավստրալիայի, Լիբանանի, Եգիպտոսի, Ամմանի, Իրանի, Իրաքի, Քուվեյթի, Իսրայելի, Ռուսաստանի, Սիրիայի, Հունաստանի, Կիպրոսի, Ավստրիայի, Շվեդիայի, Բուլղարիայի, Ֆրանսիայի, Անգլիայի, Հոլանդիայի և այլ երկրների 26 քաղաքներից: 

Scroll Up