Հայկական մշակույթը բարձր մակարդակով ներկայացնելն անչափ կարևոր է ինձ համար. Մասիս Առաքելյան

Գերմանաբնակ  հայ երգահան, տենոր Մասիս Առաքելյանը հունիսին Երևանի Կոմիտասի թանգարան-ինստիտուտում համերգային ծրագրով հանդես եկավ, որն անցավ լեփ-լեցուն դահլիճում և մեծ արձագանք գտավ: «Կռունկ, Պոետի սերը» խորագրով համերգի երգացանկում ընդգրկված էին Կոմիտասի, Ռոբերտ Շումանի, Արամ Խաչատրյանի, Գրիգոր Տալյանի, Շահեն Սարգսյանի և այլ կոմպոզիտորների գործերը, ինչպես նաև Մասիս Առաքելյանի հեղինակային ստեղծագործությունները:

Երեկոյի ընթացքում տեղի ունեցավ նաև Մասիս Առաքելյանի «Պար փոթորիկում» դաշնամուրի և թավջութակի համար գրված ստեղծագործության առաջնախաղը՝ դաշնակահարուհի Մարինա Վարդանյանի և թավջութակահար Գոռ Մանթաշյանի մեկնաբանությամբ: Ստեղծագործությունը գրվել է 2015 թվականին:

Երգելով տարբեր կոմպոզիտորների ստեղծագործություններ՝ Մասիս Առաքելյանն առանձնակի ջերմությամբ է կատարում Կոմիտասի գործերը. «Կոմիտասից շատ եմ ոգևորված ու անչափ գնահատում եմ նրա կատարած աշխատանքը: Կոմիտասի շնորհիվ մոռացությունից փրկվել են մեր երգերը, որոնք ապրում են առ այսօր: Այդ երգերի շնորհիվ մենք Ցեղասպանությունից հետո չկորցրեցինք կապը մեր պատմության, մշակույթի հետ»,- «Հայերն այսօր»-ի հետ զրույցում ասաց Մասիս Առաքելյանը:

Երաժիշտը նկատում է, որ Սփյուռքում այսօր նմանօրինակ առաքելություն կարող է կատարել հայ մշակույթը, որպեսզի այն մարդիկ, որոնք ծնվել ու ապրում են հայրենիքից հեռու, մոտ լինեն իրենց արմատներին. «Ինքս այդ ամենի օրինակն եմ: Սփյուռքում եմ ծնվել՝ Իրանում, և դեռ փոքր հասակից հնարավորություն եմ ունեցել ծանոթանալ հայկական մշակույթին: Մայրս շատ լավ ձայն ուներ, երգչախմբում էր երգում: Քույրիկս նույնպես լավ ձայն ունի: Հիշում եմ, մի անգամ՝ Նոր տարվան, նա Իրանի ռադիոյով հայերեն երգ կատարեց: Եթե մշակույթը չփոխանցենք նոր սերնդին, ինչպիսի կապ նրանք կարող ենք ստեղծել հայրենիքի հետ: Միակ ճանապարհը մշակույթն է: Ես ինձ հաճախ հարց եմ տալիս՝ մենք դարերի ընթացքում մնայուն ինչ ենք ստեղծել՝ լեզու, մշակույթ, որոնք և դեպի Հայաստան կամուրջ կարող են ստեղծել Սփյուռքի սերունդների համար»:

Գերմանաբնակ երգիչը համերգներ է ունեցել աշխարհի տարբեր երկրներում՝ Շվեյցարիա, Իրան, Հնդկաստան, Հոլանդիա, Հունաստան և այլն: «Անցյալ տարի երկար ժամանակ Հունաստանում էի: Համագործակցելով Աթենքի հայկական պարախմբի հետ՝ «Հայկական ավանդույթներ՝ պար և դասական երաժշտություն» խորագրով բացօթյա համերգ ունեցանք Ռոդոս կղզու 13-րդ դարում կառուցված պալատում: Համերգին բավականին հանդիսատես էր ներկա, հիմնականում՝ օտարազգիներ: Ինձ համար հայկական մշակույթը բարձր մակարդակով ներկայացնելն անչափ կարևոր է: չէ՞ որ նաև մշակույթի միջոցով են ճանաչում մեր երկիրը, նրա պատմությունը: Եվ ամեն ինչ պետք է անենք, որպեսզի հնարավորինս շատ տարածենք հայկական երաժշտությունը կարողանանք աշխարհին ներկայացնել մեր բազմադարյա մշակույթը»,-նշեց գերմանաբնակ երաժիշտը:

Մասիս Առաքելյանը Հայստան կատարած այցի ընթացքում եղել է նաև Արցախում: Նրան շատ է տպավորել ու զարմացրել Արցախի հազարամյա պատմությունը, մշակույթը: Վստահ է՝ այնքան հարուստ ժառանգություն ունենք, որն անպայման պետք է ներկայացնել աշխահին: «Շատ կարևոր է, որ մեր մոտեցումներն ավելի լայն լինեն: Չպետք է սահմանափակվել միայն մեզանով: Պետք է դուրս գանք մեր սահմաններից ու մեր կատարած աշխատանքը նաև հասանելի դարձնել օտարին: Առաջին անգամ էի Արցախում, Ստեփանակերտը շատ գեղեցիկ, մաքուր քաղաք է, իսկ արցախյան բնությունը բառերով հնարավոր չէ նկարագրել: Արցախում ամեն ինչ շատ խաղաղ էր, մարդիկ լավ տրամադրություն ունեին, հանգիստ էին, ուրախ և ամենևին էլ լարված չէին»,- նշեց Մասիս Առաքելյանն ու հավելեց, որ կցանկանար ելույթ ունենալ նաև Արցախում: Այս անգամ երգելու հնարավորություն ունեցել է միայն Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցում: Երբ այցելել է եկեղեցի, չի կարողացել զսպել զգացմունքներն ու կատարել է Կոմիտաս: Երգիչը կարևորում է նաև եկեղեցիներում դասական երաժշտության համերգների կազմակերպումը, ինչն ընդունված է եվրոպական շատ երկրներում:

Մասիս Առաքելյանը թեև այսօր ապրում է Գերմանիայում, սակայն հաճախ է համերգներով լինում իր ծննդավայրում՝ Իրանում: 2016 թվականին Թեհրանի օպերային թատրոնում առաջին անգամ ներկայացրել է հայկական դասական երաժշտություն, խոսել Հայոց ցեղասպանության մասին մի դահլիճում, որտեղ հանդիսատեսի 85 տոկոսը պարսիկ են եղել: Նույն թվականին «Կռունկ և երկխոսություն» խորագրով համերգ է ունեցել Թեհրանի արվեստագետների տանը, որտեղ ներկայացրել է հայկական ստեղծագործություններ և պարսկական հին բանաստեղծությունների հիման վրա գրված երգեր, որոնց հեղինակը Մասիս Առաքելյանն է:

Լուսինե Աբրահամյան


Scroll Up