«Հայերն աշխարհի ամենաթանկ մատանու անգին ադամանդն են». Վլադիմիր Գրիգորյան

Մայիսի 17-ից մինչև  21-ը ՀՀ սփյուռքի նախարարաության աջակցությամբ Նորարար փորձառական արվեստի կենտրոնում հայրենադարձ նկարիչ Վարդգես Խախամյանի նախաձեռնությամբ բացվել է Արվեստ-էքսպո-2016 միջազգային 2-րդ ցուցահանդեսը, որին  աշխարհի 18 երկրներից մասնակցում են 40 արվեստագետներ:Իմ զրուցակիցը Ղազախստանի Ալմա Աթա քաղաքից ցուցահանդեսին մասնակցող Վլադիմիր Գրիգորյանն էր, ում հավաստմամբ այսօրինակ ցուցահանդեսները Սփյուռքի տարբեր հատվածներում ապրող ու ստեղծագործող արվեստագետների համար  շփման, համագործակցության, ինչ-որ տեղ նաև փորձի փոխանակման լավագույն հարթակն են:

« Սփյուռքի տարբեր հատվածներում ապրող մեր նկարիչներից շատերն իրար չեն ճանաչում և կարող է երբեք էլ իրար չտեսնեն, չշփվեն, եթե այսպիսի միջոցառումներ չլինեն և այն էլ՝Հայրենիքում: Ողջունում եմ Խախամյանի նախաձեռնությունը, շնորհակալություն եմ հայտնում նրան և ՀՀ սփյուռքի նախարարին:

 Ես եկել եմ Ղազախստանից: Ծնվել եմ Բաքվում, արմատներս Լեռնային  Ղարաբաղից են: Ցուցահանդեսին մասնակցում եմ առաջին  անգամ, ներկայացրել եմ իմ 4 գեղանկարները , կնոջս՝ նկարչուհի Ելենա Գրիգորյանի 3 գեղանկարները և աղջկաս գործերից՝ 4 ֆոտոկոլաժներ: Մենք ընտանիքով ենք մասնակցում այս միջազգային   ցուցահանդեսին: Մայիսի 17-ին էր ցուցահանդեսի բացումը. բազմամարդ էր այն .ներկա էին  նշանավոր արվեստագետներ, զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ, շատ եմ կարևորում ՀՀ սփյուռքի նախարարի ներկայությունը և ցուցահանդեսի բացման առիթով նրա ոգևորիչ ելույթը: Ցավալի է,որ երկուստեք՝ տեղի արվեստագետներն ու դրսից եկածներն իրար գրեթե չեն ճանաչում:Կարծում եմ՝ այս ցուցահանդեսից հետո այդ կապը կլինի. մենք հասցեներ փոխանցեցինք միմյանց, այցեքարտեր, հեռախոսահամարներ,բուկլետներ:Ես և կինս շատ հաճախ ենք ճամփորդում. աշխարհի տարբեր երկրներում մասնակցում ենք ցուցահանդեսների, մասնավորապես՝Եվրոպայում, սակայն Հայաստանում առաջին անգամ եմ մասնակցում ցուցահանդեսի, որի համար շատ ուրախ եմ ու հպարտ. այն մի մեծ խորհուրդ ունի:Այս տարվա օգոստոսին մենք ընտանիքով  մասնակցելու ենք Իտալիայում կայանալիք կերամիկական աշխատանքների ցուցահանդեսին:Իմ աշխատանքների թեման հիմնականում մարդն է, բնությունը և այս սքանչելիքներն Արարողը: Շատ աշխատանքներ ունեմ, սակայն դրանք ցրված են աշխարհով մեկ՝ վաճառվել են, մասնավոր հավաքածուների մեջ են, նվիրատվություններ եմ արել: Բոլոր աշխատանքներս ինձ շատ սիրելի են, սակայն վերջին աշխատանքս առանձնացնում եմ: Ես վերջին տարիներին բոլորովին այլ մեթոդով եմ աշխատում. ինչ-որ միտք է ծագում ներսումս, որը ես իմ մեջ կրում եմ այնպես, ինչպես հղի կինը նոր ձևավորվող մանկանն է կրում ամիսներ շարունակ: Ես շարունակ մտորում եմ դեռևս  չիրականացված գաղափարի շուրջ, ինքս ինձ հետ խոսում եմ այդ թեմայի մասին, հասունացնում եմ այդ աշխատանքն իմ ներսում , որից հետո հանձնում եմ կտավին: Այսինքն՝ առաջվա նման նախնական գծանկարներ չեմ անում, գործը ստեղծվում  է միանգամից կտավի վրա: Եթե Աստված կամենա, Հայաստանում կբացեմ մեր ընտանեկան ցուցահանդեսը: Հաճելի է լինել գարնանային գույներով ծիածանվող Երևանում, քայլել Հյուսիսային պողոտայով: Հայերն աշխարհում մարդ-արարածի՝ մշտապես ստեղծող, արարող, ընտանեսեր, ավանդապաշտ  լավագույն տեսակն են: Ես շատ բարձր եմ գնահատում հային ու նրա տաղանդը. շատ եմ սիրում Մարտիրոս Սարյանի, Մինաս Ավետիսյանի արվեստը, հայկական ավանդական ճարտարապետությունը՝ համակցված նորի հետ: Համաշխարհային մեծություններից դեռևս վաղ պատանեկան տարիներից շատ եմ սիրել Ռեմբրանտի գործերը: Ինձ հոգեհարազատ են Մարկ Շագալի, Մատիսի, Պիկասոյի գործերը: Ընդհանրապես, շատ եմ սիրում Վերածննդի վաղ շրջանի նկարիչների, քանդակագործների արվեստի գլուխգործոցները:

  …Երազանքներ շատ ունեմ, որոնցից  մեկն էլ մաքուր, գրական հայերենով խոսելն է, ես գիտեմ միայն Ղարաբաղի բարբառը, որով տանը խոսում էին արմատներս՝ տատիկս ու պապիկս: Ունեմ նաև մաղթանքներ հայերին ու Հայաստանին, Արցախ աշխարհին՝  հայերը պետք է ապրեն ու հարատևեն , մենք իրավունք չունենք հուսահատվելու, թուլանալու. հայերն աշխարհի ամենաթանկ մատանու անգնահատելի ադամանդն են»:

  Կարինե Ավագյան

Scroll Up