Սփյուռքի նախարարն ընդունեց Ռալֆ Յիրիկյանին
Հուլիսի 20-ին Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանն ընդունեց «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանին:
Ռալֆ Յիրիկյանը ներկայացրեց ընկերության իրականացրած ծրագրերը՝ նշելով, որ իրենց ներգրավվածությունը տարբեր ծրագրերում նախևառաջ պայմանավորված է տվյալ ծրագրերի շարունակականությամբ: «Մենք դեմ ենք միայն մեկ անգամ իրականացվող ծրագրերին, որոնք արվում են մեկ պահի համար»,-շեշտեց պարոն Յիրիկյանը:
Ռալֆ Յիրիկյանը կարևորեց նաև այն հանգամանքը, որ իրականացվող ծրագրերը պետք է ուղղված լինեն նաև մարզերի զարգացմանը:
Մխիթար Հայրապետյանը նշեց, որ համաձայն է գործարարի հետ և պատմեց «ներՈւժ» ծրագրի մասին, որը հիանալի հնարավորություն է ընձեռում Սփյուռքում բնակվող երիտասարդներին՝ ներկայացնել բիզնես գաղափար, այն վերածել ստարտափի ու իրականացնել հենց հայրենիքում:
«Ծրագիրն, իհարկե, պիլոտային է, բայց դրա շուրջ ստեղծված ոգևորվածությունն ու պրոֆեսիոնալների վստահությունը խոսում է այն մասին, որ ծրագիրը կհաջողի»,- նշեց նախարարը:
Մխիթար Հայրապետյանը ներկայացրեց նաև ստարտափ ծրագրի երեք հիմնական ուղղությունները (Գյուղատնտեսություն, Տեղեկատվական տեխնոլոգիաներ, Տուրիզմ), որոնցից օրինակ՝ գյուղատնտեսությունը, հիանալի հնարավորություն է ընձեռում ստարտափներին իրենց ծրագրերն իրականացնել մարզերում և գյուղերում:
Կողմերը պայմանավորվեցին ևս մեկ անգամ հանդիպել ու քննարկել հնարավոր համագործակցությանը վերաբերող տարբեր հարցեր: