Երևանում ելույթ կունենա Նյու Ջերսիի «Նաիրի» պարախումբը

Հուլիսի 7-ին ՀՀ սփյուռքի նախարարության բարձր հովանավորությամբ Երևանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում Համազգային հայ կրթական և մշակութային միության նախաձեռնությամբ տեղի կունենա Համազգայինի Նյու Ջերսիի մասնաճյուղի «Նաիրի» պարախմբի մենահամերգը՝ Համազգային հայ կրթական և մշակութային միության 90 և Համազգայինի Նյու Ջերսիի մասնաճյուղի հիմնադրման 50-ամյա հոբելյանների շրջանակներում:

«Հայերն այսօր»-ի փոխանցմամբ, «Նաիրի» պարախմբի գեղարվեստական ղեկավարն է Գարիկ Խաչիկյանը, պարուսույցը՝ Հալեպի Համազգային հայ կրթական և մշակութային միության «Սարդարապատ» պարախմբի մենակատար Պարգև Սանոսյանը:

Հավելենք, որ հուլիսի 4-ին և 5-ին  «Նաիրի» պարախումբը համերգներ է ունեցել Արցախում:

Նյու Ջերսիի Համազգային հայ կրթական և մշակութային միության «Նաիրի» պարախումբը հիմնվել է 2004 թվականին: Տարիների բեղմնավոր գործունեության ընթացքում պարախումբը Սփյուռքում մշտապես նպաստել է հայկական պարարվեստը բարձր մակարդակով ներկայացնելու գործին՝ հանրահռչակելով հայկական մշակույթը:  Ներկայումս պարախումբն ունի 80 անդամ:

Պարախումբը հյուրախաղերով հանդես է եկել ԱՄՆ-ի տարբեր քաղաքներում, համատեղ ելույթներ է ունեցել հայաստանյան նշանավոր երգիչների հետ: «Նաիրի» պարախումբը մասնակցել է բազմաթիվ համերգների և փառատոների:

Scroll Up