Սիդնեյի «Արշակ և Սոֆի Գոլստըն» ամենօրյա վարժարանի սաներն այցելեցին Սփյուռքի նախարարություն

Հուլիսի 2-ին Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանն ընդունեց Սիդնեյի «Արշակ և Սոֆի Գոլստըն» ամենօրյա վարժարանի սաներին՝ տնօրեն Էդուարդ Դեմիրճյանի և մանկավարժների ուղեկցությամբ:
Նախարարը ողջունեց հյուրերին ու հետաքրքրվեց Հայաստանից նրանց ստացած տպավորություններով: Նա մասնավորապես նշեց. «Ուրախ եմ, որ այսպիսի պայծառ երեխաների հետ ծանոթացա: Առավոտյան «Արի տուն» ծրագրի անցումային փուլի մեկնարկից հետո տրամադրությունս ավելի բարձրացավ»:
Նախարարը ներկայացրեց նոր՝ «Քայլ դեպի տուն» ուսումնաճանաչողական ծրագիրը և հրավիրեց մասնակցելու այդ ծրագրին նույնպես:
Մխիթար Հայրապետյանը շնորհակալություն հայտնեց վարժարանի տնօրինությանը՝ Ավստրալիայում հայապահպանությանն ուղղված ազգանվեր գործունեության համար:
«Որպես պետություն՝ պետք է գերխնդիր սահմանենք նաև հայի տեսակի զարգացումը, հայակերտումը: Սփյուռքի նախարարությունն աշխատանք կտանի Սփյուռքում հայկականությունը ուժեղացնելու ուղղությամբ: Մեր նպատակն է կերտել այնպիսի հզոր Հայաստան, որ լինի յուրաքանչյուր հայի թիկունքին՝ սիրով ու հոգատարությամբ: Այդ ամենին հասնելու ենք միասնականությամբ ու աշխատանքով: Ես այստեղ եմ ծառայելու յուրաքանչյուրիդ: Պետությանն ու հայ ժողովրդին ծառայելը մեծագույն երջանկություն է», – հավելեց Սփյուռքի նախարարը:
Աշխույժ ու անբռնազբոս զրույցի ընթացքում երեխաները պատմեցին իրենց տպավորությունների, սպասումների ու երազանքների մասին:
«Արշակ և Սոֆի Գոլստըն» ամենօրյա վարժարանը հիմնադրվել է 1986թ. Սիդնեյում` ազգային բարերարներ Սոֆի և Արշակ Գոլստընների (Գալստյաններ) նվիրատվությամբ, Համազգային մշակութային միության հովանավորությամբ: Վարժարանում դասավանդվում է հայոց լեզու, պատմություն, կրոն: