ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը հանդիպեց աշխարհահռչակ Flying Steps խմբի ղեկավար Վարտան Բասսիլին

Հունիսի 23-ին ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը հանդիպեց աշխարհահռչակ Flying Steps խմբի ղեկավար Վարտան Բասսիլի հետ: Հանդիպմանը ներկա էր նաև «Հայաստանի բրեյք դանսի ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Գարիկ Ալեքսանյանը:

Ողջունելով հյուրին՝ Սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը բարձր գնահատեց Վարտան Բասսիլի ձեռքբերումները պարարվեստի ոլորտում: Նա հյուրին փոխանցեց Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ողջյունի խոսքը և մասնավորապես նշեց. «Սիրելի´ Վարդան, ծնվելով Լիբանանում, այնուհետ տեղափոխվելով Բեռլին՝ Դուք չեք մոռացել մայրենին և անընդհատ պահպանել եք կապը Հայրենիքի հետ: Դեռևս 13 տարեկանից զբաղվել եք պարարվեստով և այսօր համարվում եք եվրոպական Բրեյք դանսի հիմնադիրներից մեկը: Դուք 1993 թվականին ստեղծել եք Flying Steps հանրահայտ խումբը և շնորհիվ Ձեր արտասովոր բեմական և խորեոգրաֆիկ պարային լուծումների՝ հաղթել եք բազմաթիվ մրցույթներում և առաջնություններում։ Պատահական չէ, որ 2007 թվականից Flying Steps խումբը հիմնել է սեփական պարային ակադեմիան Բեռլինում: Մենք պատրաստակամ ենք համագործակցել Ձեզ հետ, ներգրավել Ձեզ Սփյուռքի նախարարության ծրագրերին, աջակցել Ձեր ծավալած գործունեության հանրահռչակմանը: Այսօր հասարակության շարժիչ ուժը երիտասարդությունն է, և նրա բերած թարմությունը, ժամանակակից արվեստը չի կարելի անտեսել: Մենք ուրախ կլինենք, եթե այդ ամենը հարստացվի նաև հայկականության շնչով»:

Վարտան Բասսիլը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար և նշեց, որ միշտ ցանկություն է ունեցել իր արվեստը ներկայացնել նաև Հայրենիքում: «Ես ամենուր հպարտանում եմ հայ լինելուս համար: Յուրաքանչյուր համերգային շրջագայության ընթացքում, երբ այցելում եմ տասնյակ երկրներ և ելույթ ունենում մի քանի հարյուր հազարանոց լսարանի առջև, փորձում եմ ներկայացնել Հայաստանը: Վաղուց եմ ցանկություն ունեցել իմ խմբին հայկական տարրեր հաղորդել և հուսով եմ՝ Սփյուռքի նախարարության հետ համագործակցության արդյունքում դա կստացվի»,-նշեց Վարտան Բասսիլը:

Այնուհետև ներկաները ուրվագծեցին հետագա համագործակցության ուղիները:

Scroll Up