Ուսումնաճանաչողական ծրագրի շրջանակներում խորհրդակցություն Սփյուռքի նախարարությունում
Հունիսի 29-ին Հայրենիքում Սփյուռքի պատանիների և աղջիկների ուսումնաճանաչողական ծրագրի շրջանակներում Սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ խորհրդակցություն՝ նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար Երեմ Սիմոնյանի, Համահայկական ծրագրերի վարչության գիտակրթական ծրագրերի բաժնի պետ Սիրվարդ Համբարյանի և հայոց լեզու դասավանդող ուսուցիչներ՝ Շողիկ Փահլևանյանի, Լուսինե Հայրիյանի, Անի Խալաթյանի, Մարիամ Սարգսյանի, Սերա Շահինյանի և Սոսե Ավագյանի մասնակցությամբ:
Օրակարգում էին «Արի տուն» ուսումնաճանաչողական ծրագրի շրջանակներում հայոց լեզվի դասավանդումը կազմակերպելու և կարգապահական հարցեր:
Աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատարը հատուկ ուշադրություն դարձրեց ծրագրի մասնակիցների հաճախումների, շրջայցերին մասնակցող էքսկուրսավարների խնդրին: Գիտակրթական ծրագրերի բաժնի պետն ուշադրություն դարձրեց դասավանդման մեթոդիկային, ծրագրերի բովանդակային առանձնահատկություններին՝ ներկայացնելով ուսուցիչների դաս-պլանները:
Քննարկվեցին դասապրոցեսին ինտերակտիվ մեթոդների կիրառման անհրաժեշտության հարցերը, որոնք ավելի գրավիչ կդարձնեն Մայրենիի դասերը:
Խորհրդակցության ընթացքում ուսուցիչները ներկայացրեցին հայերենի արագացված ուսուցումը վարելու իրենց փորձը: