Հայի տեսակը` Արամազդ Պետրոսյան

Վրձինը կտավին է պատմում իր սերը, լցվում է, գույն է ստանում աշխարհը` թավջութակի թավիշը գրկած: Անիրականն իրական է այս հեքիաթում: Հեքիաթ, որը ստեղծում է «Հայերն այսօր»-ի զրուցակիցը՝ գեղանկարիչ Արամազդ Պետրոսյանը:

– Սերը դեպի կերպարվեստ ի սկզբանե պայմանավորված էր բարենպաստ միջավայրո՞վ, արվեստի որևէ ճյուղին կապող արմատներո՞վ, թե՞ պատահականություն է:

– Միանշանակ, միջավայրը մեծ ազդեցություն է ունեցել. ծնվել եմ արվեստագետների ընտանիքում: Հայրս` նկարիչ Միքայել Պետրոսյանն է, մայրս` Անահիտ Ռեիշ-Պետրոսյանը, դաշնակահարուհի է: Տատիկս՝ ազգությամբ գերմանուհի, վաստակավոր ուսուցիչ Տատյանա Ռեիշը, նույնպես դաշնակահար էր: Նման միջավայրում չստեղծագործելը շատ բարդ կլիներ: Մեր տանը, հորս արվեստանոցում մթնոլորտը արվեստով էր հագեցած` ռեժիսորներ, դերասաններ, գրողներ, թատերական գործիչներ, արվեստի մարդկանց յուրահատուկ գունեղ ներկապնակ, ինչն էլ ծնեց մեծ սեր արվեստի նկատմամբ: Կարծում եմ, որ  արվեստի բոլոր ճյուղերը փոխկապակցված են, լրացնում են մեկը մյուսին, ուստի իմ սերը միայն գեղանկարչության հանդեպ չի, այլ, առհասարակ, դեպի արվեստն է՝ իր բոլոր դրսևորումներով;

Նկարել սիրել եմ, ինչպես յուրաքանչուր երեխա, առաջին նկարչական փորձերս չեմ որակի որպես արտակարգ երևույթ: Չորրորդ դասարանում ընդունվեցի Հ.Կոջոյանի անվան նկարչական մասնագիտացված դպրոց: Դպրոցն ավարտելուց հետո ուսումս շարունակեցի Գեղարվեստի պետական  ակադեմիայում` «Գեղանկար և գրաֆիկա» ֆակուլտետում, դրան հաջորդեցին Սանկտ Պետերբուրգի նկարչական ակադեմիայում անցկացրած վեց ամիսները: Այնուհետև զորակոչվեցի բանակ: Բուռն ատեղծագործական կյանքս սկսվեց բանակից զորացրվելուց հետո: 2004 թվականից առ այսօր մասնակցել ու մասնակցում եմ ցուցահանդեսների, սիմպոզիումների, ցուցադրությունների, մշակութային ծրագրերի:

– Նկարիչներ, նկարչական ուղղություններ, դպրոցներ, որոնք ձևավորել են Արամազդ Պետրոսյան արվեստագետի աշխարհայացքը: Ո՞ւմ ոճը, գեղարվեստկան լուծումները են հոգեհարազատ Ձեզ:

– Ութ-ինը տարեկանում շատ տպավորված էի Մեմլինգի, Բոսխի, Վան Դեյկի կտավներից, մինչ օրս սիրում եմ ֆլամանդական, նիդեռլանդական դպրոցը, չեմ կարող ասել, թե ազդեցությունն եմ կրում, սակայն, վստահաբար, ենթագիտակցության մեջ ինչ-որ տեղ պահպանվում է այդ սերն ու արտահայտվում կտավներումդ: Զուգահեռ տարված էի Վերածննդի ժամանակաշրջանի իտալացի վարպետներով: Ինձ հարազատ են իտալական, իսպանական դպրոցները, Վելասկեսի, Գոյայի, Ռեմբրանտի գեղանկարչությունը: Միաժամանակ մոտ եմ ժամանակակից մեկնաբանմանը նկարչության մեջ: Արվեստաբաններն այս ուղղությունը, որում ստեղծագործում եմ, բնորոշում են որպես ժամանակակից ռենեսանս, որն իր մեջ ներառում է էքսպրեսիոնիզմի տարրեր, պոստ-իմպրեսիոիզմի ու սիմվոլիզմի սինթեզով` համեմված այլաբանական նոտայով: Այս ամենին ծանոթ լինելով, այս ամենը ներսումդ  ունենալով՝ փորձում  ես քեզ մոտ ուղղությունները սինթեզել` ներաշխարհդ վրձնելիս:

– Գույն, ձև, բովանակություն,  ո՞րն է առաջնայինն ու ընդգծվածը Ձեր կտավներում, բնութագրեք Ձեզ որպես գույն, գունային համադրություն կամ բնության երևույթ:

– Նկարչության մեջ ինձ համար առաջնային ու երկրորդական բաժանումներ չկան, ամենը միջոց է, որ օգնում է  ընդհանուր սիմֆոնիայի մեջ ստանալ մեղեդի, կոմպոզիցիա, որը կհուզի մարդուն ու հեղինակի ասելիքը տեղ կհասցնի:

Նկարիչը հնարավորինս պիտի մոտ լինի բնությանը, միայն այդպես կարող ես ստեղծել ազնիվ արվեստ: Ինչպես Հայաստանի բնությունն ունի վառ գունավորում ու կլիմայական տարբեր գոտիներ, այնպես էլ իմ խառնվածքին ու իմ արվեստին, կարծում եմ, բնորոշ են անցումները. մեղմից` կոշտ, հանգիստ, խաղաղ վիճակից մինչև փոթորիկ: Որևէ գույնի հետ կդժվարանամ ինձ նույնացնել, որպես գունային համադրություն` ավելի շատ տաք գունային երանգներն են ինձ բնութագրում;

– Անհատական ցուցահանդեսներ եք ունեցել ինչպես Հայաստանում, այնպես  էլ աշխարհի տարբեր ցուցասրահներում: Ռուսաստանում, Ֆինլանդիայում Նիդեռլանդներում, Ֆրանսիայում, Շվեյցարիայում, ԱՄՆ-ում, Լիբանանում, մասնակցել եք ցուցադրությունների  աշխարհի  տարբեր երկրներում,  միջազգային և հանրապետական մրցույթների մրցանակակիր եք. Բարսելոնում` Պիկասսոյին նվիրված ցուցահանդեսում առաջին մրցանակ, Հայաստանում`  Երիտասարդ ստեղծագործողների ցուցահանդեսում` առաջին մրցանակ, ՅՈՒՆԵՍԿՕ միջազգային ասոցիացիայի`«Աշխարհի պրոֆեսիոնալ նկարիչներ»-ի անդամ, Անգլիայի Թագավորական ակադեմիայի պատվավոր անդամ (որպես լավագույն պորտրետիստ), պատվոգրեր, շնորհակալագրեր: Ի՞նչ զգացողություններ,  փոփոխություններ է բերում յուրաքանչյուր նոր ցուցահանդեսը, անմիջական  շփումը ժամանակակից արվեստագետների հետ:

– Ցանկացած ցուցահանդես, քո երկրում կամ երկրի սահմաններից դուրս, առաջին հերթին հաշվետվություն է քեզ համար, քեզ կարողանում ես գնահատել կողքից, տեսնել ուժեղ և թույլ կողմերդ, քո առավելությունները, հասկանալ ինչն է քեզ ավելի բնորոշում,  տարբերում այս կամ այն ստեղծագործողից:  Ցուցադրությունները նման են մեծ նավարկության: Երբ դու ունես նավարկելու որոշակի փորձ, կարողանում ես ավելի ռեալ  տեսնել` ի՞նչ որակների ես տիրապետում, ինչքանո՞վ ես մրցունակ ու ինքնատիպ: Ինչպես յուրաքանչյուր ճանփորդությունից հետո, դու հասկանում ես, որ նույն մարդը չես, ինչ մի քանի ամիս առաջ էիր: Այդպես էլ ցանկացած  ցուցադրությունից հետո մնում է զգացողությունների մի փունջ, որը և՛ մտածելու տեղիք է տալիս, և՛ զգալու ու ստեղծագործելու նոր ազդակ, ինչը շատ կարևոր է: Լինում են շրջաններ, երբ ցուցահանդեսից հետո չես ուզում նկարել, բայց դա չի նշանակում, որ չես ստեղծագործում, պարզապես ժամանակ է պետք, որ վերագտնես, վերաիմաստավորես անցածդ ուղին ու ձեռքբերումները` առաջ գնալու համար:

-Կինը որպես ներշնչանքի աբյուր` կյանքում, արվեստում: Ձեր նկարներում մեծ տեղ է հատկացվում Կնոջ կերպարին: Ո՞վ է Ձեր հերոսուհին, կանացիության, նրբագեղության չափանիշն արվեստում:

– Ճիշտ եք նկատել, իմ կտավներում մեծ տեղ է զբաղեցնում Կինը: Կինն իր էությամբ, բովանդակությամբ զարմացնում, հիացնում, ոգեշնչում է ինձ: Մայրության ֆենոմենը, որն ի վերուստ տրված է Կնոջը, Կին-բնություն կապը` մի անբացատրելի, առեղծվածային փունջ է, որը ոգեշնչում է շատ արվեստագետների: Իմ հերոսուհին  հավաքական կերպար է, որն օժտված է  կանացիությամբ, մեղեդայնությամբ, դուրս է ժամանակից ու ժամանակի ընկալումից: Համաշխարհային արվեստում կանացիության չափորոշիչն ինձ համար հունական քանդակներն են, որոնցով կարող ես անվերջ հիանալ:

– Հարցազրույցներից մեկում ասում եք. «Իմ կտավներում փորձում եմ գտնել իրականի ու անիրականի եզրը»:  Նկարչական տեխնիկա, սիմվոլներ, որոնք Արամազդ Պետրոսյանի ձեռագրի մասն են կազմում, որոնք հաճախ օգտագործում եք, անիրականը` իրական, շոշափելի կտավներին փոխանցելիս:

– Աշխատում եմ յուղաներկով, պաստելով, ինձ ավելի հոգեհարազատ է գունային մեկնաբանումը, որոշակի միջավայր ստանալու համար գունային լուծումները: Գույնին օգնության է գալիս  գծանկարը, միասնության մեջ կտավը դառնում է  ամբողջական: Թեև դու ստեղծում ես ինչ-որ առումով շոշափելի, տեսանելի կտավ (առարկայական արդյունք), այդուհանդերձ փորձում ես սահմանափակ մակերեսի վրա ստանալ հույզերի խտացված լուծումներ` հիմնականում ֆիգուրատիվ, որոնք չլինեն տաղտկալի, կրեն իրենց մեջ քո ներսում գոյություն ունեցող անիրական աշխարհը: Բավական բարդ է ռեալիզմի մեջ, որտեղ ամեն ինչ կարծես թե ասված է, գտնել  նոր, հետաքրքիր լուծումներ ու մեկնաբանություններ: Եթե կտավը հուզում է, կտավը ձգում է, ուրեմն այդ լուծումները ճիշտ են գտնված:

-Ավարտեք նախադասությունը. Աշխարհը կուզեի տեսնել …

– Աշխարհը կուզեի տեսնել սիրով լեցուն:

Հ.Գ. Իրական հերոսները մեր կողքին, մեր շուրջն են. առաքինի, ստեղծագործ, սովորական-արտասովոր  մարդիկ` արվեստագետներ, ում գույնը բնությունն է ու բնությունը`սիրո մեղեդին:

Զրուցեց Աղավնի Գրիգորյանը

Scroll Up