Անահիտ Խալաթյան.ՀՀ սփյուռքի նախարարությունը ևս նպաստեց հայրենադարձվելուս

Հայ երիտասարդներն ապրելով Հայաստանից անդին` տարիների ընթացքում հասկանում են, որ պետք է վերջնականապես իրենց բնօրրանում հաստատվեն և սեփական օրինակով ոգևորեն աշխարհասփյուռ հասակակիցներին: Նրանցից է հայրենադարձության ուղին բռնած Անահիտ Խալաթյանը:

Անահիտը երեք ամիս առաջ Հայաստան է տեղափոփվել Մոսկվայից: Պատճառը մեկն էր. Հայաստանից հեռու ապրելն այլևս անհնարին էր դարձել:

Անահի՛տ,  Ձեր Հայաստան վերադառնալն ի՞նչ նախապատմություն ունի:

-Նախ ասեմ, որ Մոսկվա ենք տեղափոխվել ընտանիքով 90-ական թվականներին: 23 տարի ապրելով Մոսկվայում՝ այլևս չէի կարողանում հաշտվել այն մտքի հետ, որ Հայաստանից հեռու եմ գտնվում: Անընդհատ գլխումս պտտվում էր հայրենադարձության գաղափարը, սակայն չէր ստացվում իրագործել որոշումս: Կտրուկ որոշում կայացնելուց հետո վաղեմի երազանքս իրականություն դարձրեցի: Իմ առջև նպատակ էի դրել հասկանալու համար, թե սեփական ուժերիս ապավինելով, ինչի կարող էի հասնել:

Արդեն երեք ամսի է՝ Հայրենիքումս եմ գտնվում՝ իմ տանը: Հայաստան գալով՝առաջինը մաքրամաքուր օդն էի անհագ շնչում: Սա աննկարագրելի զգացողություն էր, որը ոչ մի բառով չեմ կարող նկարագրել:

Ձեր ծնողներն ինչպե՞ս արձագանքեցին այս որոշմանը:

Ընտանեկան զրույցների ժամանակ, երբ խոսում էի հայրենադարձության մասին, նրանք լուրջ չէին վերաբերվում, կարծում էին, թե կատակում էի: Սակայն, երբ հասկացան հարցի լրջությունն, ամենևին չընդդիմացան:

Ավելին ասեմ, նրանք ևս մտադրվել են վերադառնալ Հայաստան, աշխատանքներ ենք տանում այդ ուղղությամբ: Հայրս առողջական խնդիրներ ունի, ապաքինվելուց հետո հույս ունեմ՝ կմիանան ինձ:

Ինչպե՞ս եք հաղթահարում Ձեր առջև ծառացած խնդիրները: Չէ՞ որ միայնակ եք ապրում այստեղ:

-Այո՛, միայնակ ապրելն ինքնին խնդիրների առջև կանգնել է ենթադրում:Սակայն երբեք չեմ հուսահատվում, քանի որ ես եմ ընտրել այս կենսակերպը:

Հիմնականում կենցաղային բնույթի հարցեր են առաջանում: Եթե նույնիսկ չեմ կարողանում դրանց լուծում տալ, ապա օգնության եմ կանչում ընկերներիս.նրանց ցանկացած հարցով կարող եմ դիմել և անպատասխան չմնալ:

Իսկ մարդկանց հետ հաղորդակցվելիս լեզվի հետ կապված որևէ դժվարություն չեմ ունենում, քանի որ լավ եմ տիրապետում Մայրենիին: Իսկ ընկերական շրջապատ հասցրել եմ ստեղծել Հայաստան կատարած այցելությունների ժամանակ: Ինձ պես 30 երիտասարդներ կան, ովքեր նույնպես տարբեր երկրներից հայրենադարձվել են: Հավաքվում ենք, միասին զբոսնում և մեզ հուզող թեմաների մասին զրուցում:

Մինչև Հայաստան գալս ապահով լինելու համար լուծեցի նաև աշխատանքի հետ կապված հարցը. այժմ աշխատում եմ զբոսաշրջային գործակալությունում:

Անահի՛տ, Մոսկվայում ապրելու տարիներին, ինչո՞վ եք զբաղվել: Ինչպե՞ս եք կազմակերպել առօրյան:

-Հագեցած առօրյաով եմ ապրել: Համագործակցել եմ Մոսկվայի հայ համայնքի, Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի և Ռուսաստանի հայերի միության հետ: 10 տարի միության ակտիվիստներից էի, ինչպես նաև երեք տարի առաջին փոխնախագահի օգնականն էի: Միությունում հայապահպանական տարբեր ծրագրեր ենք կազմակերպել, որի շնորհիվ էլ ավելի էր ամրապնդվում հայրենասիրությունս:

Գտնվելով օտարության մեջ՝շատ էի ցանկանում Հայաստանում կրթություն ստանալ:

Ծնողներս, ընդառաջելով խնդրանքիս, ինձ մի քանի ամսով ուղարկում էին Հայաստան: Սակայն, ցավոք սրտի, չհաջողվեց մինչև վերջ հաճախել դպրոց: Ստիպված ուսումս շարունակեցի Մոսկվայի թիվ 376 դպրոցում, որից հետո ընդունվեցի Մոսկվայի Տուրիզմի ակադեմիա և հմտացա զբոսաշրջության մենեջերի մասնագիտության մեջ:

Իսկ Մոսկվայի հայ երիտասարդները որքանո՞վ են կապված Հայաստանի հետ:

– Մոսկվայի հայ համայնքը մեծ է և բազմաշերտ: Աշխատանքի բերումով շփել եմ ոչ միայն Մոսկվայի, այլև Ռուսաստանի Դաշնության մյուս համայնքների հետ: Շատ տարբեր են երիտասարդները՝ իրենց խառնվածքով և Հայաստանի վերաբերյալ մոտեցումներով: Կան հայրենասերներ և ոչ այնքան…

Նրանք փորձում են ամեն կերպ օգտակար լինել և ավանդ ունենալ Հայաստանի զարգացման գործում: Մոսկվայի հայ համայնքին կից ուսանողական խորհուրդ է գործում: Այնտեղ նրանց համար հայապահպանական տարբեր ծրագրեր ենք իրականացնում: Իհարկե այս հարցում մեծ դեր ունեն ընտանիքները, որոնք պետք է օտարության մեջ ապրող իրենց երեխաներին ամեն կերպ հայեցի դաստիարակություն տան:

-Անահի՛տ, կարելի է Ձեզ ՀՀ սփյուռքի նախարարության վաղեմի բարեկամներից համարել, ով ազնվորեն մասնակցում է նախարարության բոլոր ծրագրերին: Պատմե՛ք այս մասին:

– Ստեղծման առաջին օրերից ակտիվ համագործակցության մեջ եմ եղել ՀՀ սփյուռքի նախարարության հետ: Մասնակցել եմ գրեթե բոլոր ծրագրերին, որոնցից գոհ եմ մնացել: Այդ նույն ծրագրերի ժամանակ տարիների ընթացքում տարբեր երկրներից լավ ընկերներ ձեռք բերեցի, որոնց  կյանքիս կարևոր նվաճումն եմ համարում:

  ՀՀ սփյուռքի նախարարությունը ևս նպաստեց հայրենադարձվելուս, ինչի համար երախտապարտ եմ: Վստահեցնում եմ, որ նույն եռանդով շարունակելու եմ համագործակցությունս  նախարարության հետ արդեն ոչ թե  սփյուռքահայ, այլ իբրև Հայաստանի լիիրավ քաղաքացի:

Զրուցեց Գևորգ Չիչյանը

Scroll Up