Ախալցխայի հայ համայնքի ներկայացուցիչները հյուրընկալվեցին Սփյուռքի նախարարությունում

Հունիսի 26-ին Ախալցխայի հայ համայնքի մի խումբ ներկայացուցիչներ՝ akhaltskha.net կայքի գլխավոր խմբագիր  Էդուարդ Այվազյանի և հոգևոր տեսուչ Տեր Հակոբ աբեղա Սահակյանի ուղեկցությամբ հյուրընկալվեցին Սփյուռքի նախարարությունում: Հանդիպմանը ներկա էր Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական Արսեն Խառատյանը:

Ողջյունելով հյուրերին՝ Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը նշեց, որ դեռևս 1918 թվականին տեղի ունեցած Ախալցխայի հերոսամարտը հայ ժողովրդի հպարտություններից մեկն է, իսկ Ծուղրութի հազարամյա ավետարանը՝ հայկականության խոսուն խորհրդանիշ: Սփյուռքի նախարարը անդրադարձ կատարեց առկա կրթական, մշակութային խնդիրներին՝ ընդգծելով, որ դրանք մշտապես լինելու են ուշադրության կենտրոնում: Մխիթար Հայրապետյանը խոսեց նաև նախարարության նոր՝ «Քայլ դեպի տուն» ուսումնաճանաչողական ծրագրից, որն այս տարի կընթանա անցումային փուլով օգոստոսի 10-24-ը:

Վարչապետի խորհրդական Արսեն Խառատյանը նշեց, որ վիրահայությունը կամրջի դերակատարություն ունի հայ-վրացական հարաբերություններում:

Ախալցխայի հոգևոր տեսուչը ներկայացրեց առկա մտահոգությունները՝ հույս հայտնելով առավել սերտ համագործակցության:

Հանդիպման ընթացքում հնչեցին հայալեզու ուսումնամեթոդական գրականությանը, հայոց լեզվի և գրականության ուսուցիչների վերապատրաստմանն առնչվող հարցեր: Նախարար Մխիթար Հայրապետյանը շեշտեց, որ վրացի գործընկերների հետ համագործակցությամբ առկա խնդիրները լուծումներ կստանան:

Scroll Up