Սփյուռքի նախարարն ընդունեց ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինին
Հունիսի 22-ին նախարար Մխիթար Հայրապետյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության նորանշանակ դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Հանդիպմանը մասնակցում էր նաև նախարարի օգնական Վաղարշակ Հակոբյանը:
Նախարարը շնորհավորեց դեսպանին ու մաղթեց արդյունավետ աշխատանք: Պարոն Կոպիրկինը նշեց, որ չնայած նոր-նոր է անցել պաշտոնավարման, բայց արդեն հասցրել է շրջել Հայաստանի տեսարժան վայրերով ու ծանոթացել նաև ստեղծված քաղաքական նոր իրավիճակին:
Հանդիպման ժամանակ կողմերն անդրադարձան ՀՀ և ՌԴ լիդերների հաճախակի դարձած հանդիպումներին՝ նշելով, որ դրանք Հայաստան-Ռուսաստան եղբայրական հարաբերությունների լավագույն ապացույցն են, բայց համագործակցության ոլորտներն անսպառ են ու պետք է շարունակել աշխատել այդ ուղղությամբ ևս:
Անդրադարձ եղավ նաև Ռուսաստանի Դաշնությունում բնակվող բազմահազար հայերին, որոնք դեսպանի խոսքով վաղուց ինտեգրվել են, բայց միևնույն ժամանակ շարունակում են պահպանել ազգային դիմագիծը:
Հանդիպման վերջում կողմերը պատրաստակամություն հայտնեցին համագործակցել նաև երիտասարդներին վերաբերող տարբեր նախագծերի շրջանակում՝ ամրապնդելով իրենց հարաբերությունները նաև այս ոլորտում: