Ազգային բարերար Ալեքքո Պեզիքյանը պարևատրվեց ՀՀ սփյուռքի նախարարության Ոսկե մեդալով

Հունիսի 17-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում հյուր էին ազգային մեծ բարերարներ Ալեքքո և Անի Պեզիքյանները, ովքեր Հայաստան են ժամանել Պեզիքյան ընտանիքի միջոցներով Երևանում կառուցված և կահավորված «Անի Պեզիքյան երիտասարդական կենտրոնի» բացման առիթով:

 Մինչ հանդիպումը սկսելը, նախարար Հրանուշ Հակոբյանի առաջարկով ներկաները  մեկ րոպե լռությամբ հարգեցին ազգային մեծ բարերար Քըրք Քըրքորյանի հիշատակը:

 Այնուհետև, ողջունելով հյուրերին՝ նախարար Հրանուշ Հակոբյանը  գնահատանքի և երախտագիտության ջերմ խոսքեր ուղղեց նրանց: «Պեզիքյան ընտանիքը առաջիններից մեկն էր, որ 1988 թվականի ահեղ երկրաշարժից հետո ձեռք մեկնեց Հայաստանին և այդ ժամանակից ի վեր դարձավ Սփյուռք-Հայրենիք կամուրջն ամրապնդողներից: Այս ընտանիքը ոչ միայն Հայաստանում է իրականացնում բարեգործական նախաձեռնություններ, այլև բազում հայանպաստ ծրագրեր է հովանավորել և հովանավորում Սփյուռքում: Առաջիկա օրերին Բեյրութին մերձակա Ջիբեյլ քաղաքում գտնվող «Թռչնոց բույն» որբանոցի տարածքում կբացվի Պեզիկյան ընտանիքի միջոցներով կառուցված թանգարանը, որը յուրահատուկ հուշահամալիր է՝ նվիրված Հայոց ցեղասպանության ու հայ որբերի պատմությանը»,- նշեց նախարարը՝ ավելացնելով, որ Ալեքքո և Անի Պեզիքյաններն իրենց հայրենասիրական զգացումները լիովին փոխանցում են իրենց զավակներին ու թոռներին: Հենց Հայրենիքի հանդեպ պարտքի զգացումը ամրապնդելու նկատառումով է, որ Երևանում բացված երիտասարդական կենտրոնը կրում է նրանց թոռնուհու՝ 9-ամյա Անիի անունը, ով թերևս ամենափոքր բարեգործն է մեզանում և գիտակցում է իր դերի կարևորությունը:

 Մանրամասն անդրադառնալով և կարևորելով Պեզիքյան ընտանիքի կողմից իրականացված հայրենասիրական, բարեգործական այլ ներդրումներին՝ նախարար Հրանուշ Հակոբյանը Ալեքքո Պեզիքյանին պարգևատրեց ՀՀ սփյուռքի նախարարության բարձրագույն պարգևով՝ Ոսկե մեդալով:

 Շնորհակալություն հայտնելով գնահատանքի համար, Ալեքքո Պեզիքյանը նշեց, որ ազգային խոր գիտակցությունը և Հայրենիքի հանդեպ ունեցած պարտքի զգացումը ինքը ժառանգել է իր ընտանիքից և փորձում է փոխանցել ապագա սերունդներին:

 «Մեր երազանքն է Հայրենիքը և Սփյուռքը տեսնել ապահով, հզոր և միասնական: Մենք հավատում ենք, որ ամեն ինչի կարելի է հասնել, եթե կա հավատ, ձգտում և նվիրում: Այդ հավատով է, որ մեծ սիրով ծառայում ենք մեր ազգին և Հայրենիքին», – ամփոփեց իր խոսքը Ալեքքո Պեզիքյանը:

ggg1g4g3g5g8

Scroll Up