Լրագրողների համահայկական 9-րդ համաժողովի մասնակիցները հանդիպեցին Կրթության և գիտության նախարարին

Հունիսի 1-ին Լրագրողների համահայկական 9-րդ համաժողովի մասնակիցները հանդիպում ունեցան Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի հետ:

Ողջունելով համաժողովի մասնակիցներին՝ Արայիկ Հարությունյանը նշեց, որ կարևորում է սփյուռքահայ լրագրողների հետ նման ձևաչափով հանդիպումը, քանի որ նրանց շնորհիվ են նաև ուղերձներ փոխանցվում Սփյուռքի հայ համայնքներին: Կրթության և գիտության նախարարն ընդգծեց, որ թավշյա հեղափոխությունից հետո կրթական ոլորտի բարեփոխումներն առաջնային են, և առկա է քաղաքական կամք՝ լուծելու և՛ այժմեական, և՛ ռազմավարական մոտեցում պահանջող խնդիրները:

«Կրթությունը պետք է հասանելի լինի բոլորին: Սա լուրջ հրամայական է»,-նշեց Արայիկ Հարությունյանը:

«Օրեր» ամսագրի գլխավոր խմբագիր Հակոբ Ասատրյանը (Չեխիա) հետաքրքրվեց՝ արդյոք նախարարը հասցրել է ծանոթանալ Կրթության և գիտության նախարարության՝ Սփյուռքին առնչվող ծրագրերին, և հետագայում ի՞նչ փոփոխություններ են սպասվում: Արայիկ Հարությունյանը նշեց, որ Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանի հետ այս թեմայով քննարկում  արդեն եղել է, սակայն թեման խորը ուսումնասիրությունների կարիք ունի:

«Ազատ օր» թերթի խմբագիր Հովսեփ Բարազյանը (Հունաստան) ողջունելի համարեց դպրոցների ապաքաղաքականացման գործընթացը:

Ամերիկահայ լրագրող, հրապարակախոս Հակոբ Պալյանը նախարար Արայիկ Հարությունյանին հարցրեց միասնական ուղղագրության անհրաժեշտության, դասական ուղղագրությանն անցման և հայերենի անաղարտության պահպանման մասին: Կրթության և գիտության նախարարը նշեց, որ Հայաստանում և Սփյուռքում անցումը միասնական ուղղագրության ներկայիս ժամանակավոր կառավարության համար առաջնային չէ, իսկ թեման մեծ լարվածություն առիթ է հանդիսնում նաև Սփյուռքում:

«Խոսնակ» ամսաթերթի խմբագիր Համբիկ Մարտիրոսյանը (Լիբանան) ընդգծեց, որ  այսօր արդեն արևմտահայերենը կանգնած է լուրջ վտանգի առաջ, և կարևոր համարեց Հայաստանի դպրոցներում արևմտահայերենի ուսուցման մակարդակի բարձրացումը:

Արայիկ Հարությունյանը նշեց, որ Սփյուռքի նախարարության կողմից թեմայի առնչությամբ արվել են առաջարկություններ, որոնք կդիտարկվեն և կյանքի կկոչվեն:

Ամերիկահայ լրագրող Լիլիա Ավագյանը հարցրեց 12-ամյա կրթական համակարգի արդյունավետության, սպասվող փոփոխությունների մասին: Արայիկ Հարությունյանը շեշտեց, որ որդեգրված համակարգը լավն է, սակայն ներդրման գործընթացը արդյունավետ չի իրականացվել:

Համաժողովի մասնակիցները Կրթության և գիտության նախարարի հետ զրուցեցին դպրոցներում ուսուցչի դերի և հեղինակության վերարժևորման մասին: Նախարարը նշեց, որ ուսուցիչը նախևառաջ պետք է աշակերտներին մտածել սովորեցնի, փոխանցի անհրաժեշտ հմտություններ, զբաղվի ինքնակրթությամբ և կիրառի նոր մեթոդներ:

Սփյուռքահայ լրագրողները անդրադարձան նաև Լեզվի պետական տեսչության աշխատանքին, սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներում հայերենի ներկա վիճակին, Սփյուռքի դպրոցներում հայերենի իմացությունը փաստող վկայականների անհրաժեշտությանը:

Scroll Up