Համահայկական մրցանակաբաշխության մրցանակակիրները

Ապրիլի 21-ին տեղի ունեցավ Սփյուռքի նախարարության «Հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար» 2017թ.-ի մրցանակաբաշխության արդյունքների ամփոփման և դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը:

«Հայերն այսօր»-ը զրուցել է մրցանակակիրներից լիբանանահայ ուսուցչուհի Մարիժան Ատուրյանի և լոնդոնաբնակ քարտեզագիր, աշխարհագրագետ Ռուբեն Գալչյանի հետ:

Այնճարի (Լիբանան) Հայ ավետարանական երկրորդական վարժարանը արժանացել է «Մայրենիի պաշտպան» 1-ին կարգի մրցանակի:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ վարժարանի հայոց լեզվի և պատմության երկարամյա ուսուցչուհի Մարիժան Ատուրյանը  «Հայերն այսօր»-ի հետ զրույցում ասաց, որ իրենց համար պատվաբեր է Հայրենիքում նման գնահատականի արժանանալ և հավելեց, որ այս ամենից հետո Սփյուռքում ազգանպաստ գործը առավել ոգևորութամբ են շարունակելու կատարել:

Նա նշեց նաև, որ Այնճարը փոքրիկ Հայաստան է Լիբանանի մեջ, որտեղ միշտ հայկական շունչն ու ոգին է թևածում: Այնտեղ նրանք կարողանում են առանց խոչընդոտների հայապահպանությանն ուղղված տարբեր կրթական, մշակութային ծրագրեր իրականացնել:

Թավրիզում ծնված, այժմ Լոնդոնում ապրող քարտեզագիր, աշխարհագրագետ Ռուբեն Գալչյանը «Մայրենիի պաշտպան» անվանակարգում արժանացել է 1-ին կարգի մրցանակի: Տեղափոխվելով Լոնդոն՝ նա հնարավորություն է ունեցել տարբեր քարտեզագրական նյութեր ուսումնասիրելու: Գալչյանի առաջին գիրքը Հայաստանի պատմական քարտեզների ժառանգության վերաբերյալ է (հրատ. «Tauris», Լոնդոն, 2004):  Վերջին 15 տարիների ընթացքում Ռուբեն Գալչյանը հրատարակել է յոթ գիրք՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն և պարսկերեն լեզուներով: Երկու գիրք էլ հրատարակել է հայկական մշակույթի հանդեպ ադրբեջանական զեղծարարությունների վերաբերյալ:

Գևորգ Չիչյան

Scroll Up