«Երուսաղեմի Ժառանգավորաց վարժարանն ու Ընծայարանը հայապահպանության գործում մեծ դեր է ունեցել». Տեր Կորյուն վարդապետ Բաղդասարյան
Ապրիլի 21-ին տեղի ունեցավ Սփյուռքի նախարարության «Հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար» 2017թ.-ի մրցանակաբաշխության արդյունքների ամփոփման և դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը: Մրցանակաբաշխության ընթացքում Երուսաղեմի Ժառանգավորաց վարժարան և Ընծայարանը «Լավագույն հայկական կրթօջախ» անվանակարգում 1-ին կարգի մրցանակին արժանացավ, որը ստացավ Երուսաղեմի Հայոց պատրարքարանի դիվանապետ, Ժառանգավորաց վարժարանի և Ընծայարանի տնօրեն Տեր Կորյուն վարդապետ Բաղդասարյանը:
«Հայերն այսօր»-ի հետ զրույցում Հայր սուրբն ասաց՝ Սփյուռքի նախարարության կողմից պարտավորեցնող՝ Հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար մրցանակ ստանալն իրենց համար մեծ պատիվ և ուրախություն է:
«Այս տարի լրանում է 1843 թվականին հիմնադրված վարժարանի 175-ամյակը, և այս պարգևատրումը մեր հոբելյանական ձեռնարկների շրջանակներում յուրահատուկ է իր տեսակի մեջ: Ժառանգավորաց վարժարանն ու Ընծայարանն, իրոք, Սփյուռքի ամենահին կրթօջախներից մեկն է, որը մեծ դեր է ունեցել հայապահպանության գործում»,-նշեց Տեր Կորյուն վարդապետ Բաղդասարյանը՝ հավելելով, որ այդ տարիների ընթացքում կրթօջախն այնպիսի շրջանավարտներ է տվել, ովքեր սփյուռքյան տարբեր համայնքներում զգալիորեն նպասատել են ազգային, կրթական և եկեղեցական գործի զարգացմանը և Հայոց թեմերում հոգևոր սպասավորություն կատարելուն: