ՀՀ սփյուռքի նախարարը ողջույնի խոսքով հանդես է եկել Եվրահայկական 23-րդ խաղերի բացման արարողությանը

Ինչպես տեղեկացնում է «Հայերն այսօր»-ը, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը Ավստրիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում Վիեննայում մարտի 31-ին մասնակցել է Եվրահայկական 23-րդ խաղերի բացման հանդիսավոր արարողությանը:

    Ողջունելով ներկաներին՝ նախարարն իր խոսքում ընդգծել է, որ Եվրահայկական խաղերը բոլորի համար դարձել են իսկական հայկական տոն, որոնք մարզական մրցումներ լինելուց բացի, իրենց մեջ կրում են համերաշխություն, միմյանց ճանաչելու, ընկերական սերտ կապեր ստեղծելու լավ հնարավություն, ինչպես նաև՝ միասնականության արտահայտություն:

«Սպորտով զբաղվել նշանակում է կարողանալ պայքարել ու հաղթել, իսկ մասնակցելով համահայկական այս եզակի միջոցառմանը, իմացե՛ք, որ եթե այստեղ եք, արդեն հաղթել եք. դուք հաղթանակա՛ծ հայեր եք, դուք հայրենասե՛ր երիտասարդներ եք, դուք արժանապատի՛վ հայ եք»,-դիմելով համահայկական խաղերին մասնակից սփյուռքյան տարբեր համայնքներից ժամանած մարզական թիմերին՝ ասել է Հրանուշ Հակոբյանը:

Սփյուռքի նախարարն ընդգծել է, որ հայ ժողովրդի ճանապարհի ամենակարևոր ձեռքբերումներից է, հատկապես, վստահ, ուժեղ, կրթված ու կայացած նորօրյա սերունդը՝ երիտասարդ-եիտասարդուհիները, ովքեր մեր ազգի ու պետության վաղվա օրվա առհավատչյան են, և հենց մեր ներկայիս երիտասարդ սերնդի միասնականությամբ մենք կարող ենք դժվարությունները հաղթահարելով ավելացնել մեր ձեռքբերումները, Հայաստան-Սփյուռք-Արցախ եռամիասնությամբ ունենալ հզոր, զարգացած Հայաստան, անկախ ու անվտանգ Արցախ, արդունավետորեն պայքարել հայապահպանության, ինչպես նաև միջազգային հանրության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման համար:

«Մենք փորձում ենք քայլ առ քայլ ստեղծել առավելագույնս բարենպաստ պայմաններ Հայաստանում՝ արարելու, ստեղծագործելու և ներդրում ունենալու համար: Այսօր, հարյուրավոր սփյուռքահայ գործարարներ, տարբեր ոլորտների անհատ մասնագեներ ու երիտասարդներ, ինչպես նաև համահայկական կառույցներ իրենց կարևոր ավանդն են բերում Հայաստանի զարգացման գործին՝ ներդնելով իրենց ֆինանսական, գիտական ու գաղափարական միջոցներն ու կառավարչական հմտությունները: Համոզված եմ նաև, որ ձեզանից շատերը նույնպես ներգրավված են այս կարևոր գործին, և վստահ եմ նաև, որ ամեն օր յուրաքանչյուրիդ մտքում է Հայաստանն առավել զարգացած ու մրցունակ երկիր տեսնելու փափագը, կենտրոն, որը կմիավորի և կգեներացնի աշխարհով մեկ սփռված հայության ներուժը»,-նշել է Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Ամփոփելով խոսքը՝ նախարարը շնորհակալություն է հայտնել Վիեննայի «Արարատ հայկական միության պատվո նախագահ Սեպուհ Բաղդոյանին, միության անդամներին՝ Եվրահայկական 23-րդ խաղերը հյուրընկալելու համար և խաղերի բոլոր տարիների կազմակերպիչներին, հիմնադիրներին, մարզիկներին, մասնակիցներին ու աջակիցներին մաղթել հաջողություններ ու ձեռբերումներ՝ ի շահ Հայրենիքի և Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման:

Ողջույնի խոսքով հանդես են եկել նաև Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը, Վիեննայի «Արարատ» հայկական միության պատվո նախագահ Սեպուհ Բաղդոյանը և Ավստրիայի դաշնային խորհդարանի Ավստրիա-Հայաստան խորհրդարանական խմբի ղեկավար Գուդրուն Քուգլերը:

Հավելենք, որ Եվրահայկական 23-րդ խաղերին այս տարի մասնակցում են 55 պատվիրակներ և մարզական թիմեր՝ աշխարհի 15 երկրներից, որոնց թիվը հասնում է շուրջ 750-ի:

 

 

 

 

Scroll Up