«ՀԱԼԵՊ» ՀԿ-ը և ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանատունը միավորում են ջանքերը ի նպաստ սիրիահայերի զբաղվածության խնդրի լուծման

 «ՀԱԼԵՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպությունը («ՀԱԼԵՊ» ՀԿ-ը) եւ ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանատունը մարտի 14-ին  ստորագրեցին «Ալեպպո Քուիզին» կենտրոնին տրամադրվող դրամաշնորհի պայմանագիրը՝ Մարդկային անվտանգության «Grassroots» ծրագրերին ուղղված դրամաշնորհային աջակցության շրջանակում: Ինչպես Հայերն այսօր-ին տեղեկացնում են «ՀԱԼԵՊ» ՀԿ-ից:

Արարողությանը ներկա էին ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Էյջի Տագուչին, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը, ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի ղեկավար Քրիստոֆ Բիերվիրթը, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության «Սիրիացի փախստականների տնտեսական ինտեգրումը Հայաստանում» ծրագրի փորձագետներ Կարինե Սիմոնյանը և Մարտին Հիբշը։

Իր դերով և նշանակությամբ «Ալեպպո Քուիզին» կենտրոնն առաջին սոցիալական ձեռնարկատիրական ծրագիրն է, որի գործունեությունից գոյացած ողջ շահույթը ծառայելու է խոցելի կարգավիճակում գտնվող սիրիահայերի համար նոր աշխատատեղեր հիմնելուն եւ սիրիահայ ընտանիքներին մարդասիրական օգնություն տրամադրելուն։

Նկատի ունենալով սիրիահայերի, մասնավորապես սիրիահայ կանանց շրջանում առկա գործազրկության բարձր մակարդակը եւ հաշվի առնելով նրանց հիմնական կարողություններից խոհարարական հմտությունների տիրապետումը՝ «ՀԱԼԵՊ» ՀԿ-ը հիմնում է «Ալեպպո Քուիզին» արևելյան խոհանոցը, որը նպատակ ունի ստեղծել աշխատատեղեր սիրիահայ կանանց համար ու նպաստել նրանց տնտեսական ու սոցիալական ինտեգրմանը Հայաստանում: Արևելյան խոհանոցի հիմնումը նպատակ ունի նաև խթանել հատուկ կարիքներ ունեցող սիրիահայերի ներգրավումը քաղաքացիական կյանքում:

 «ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանատունը միանալով «Ալեպպո Քուիզին» կենտրոնի հիմքում ընկած գաղափարախոսությանը՝ այն է ապահովել արժանապատիվ կյանք փախստական դարձած սիրիահայերի համար, իր աջակցությունն է բերում կենտրոնի շինարարական աշխատանքներն իրականացնելու և տարածքը խոհանոցային միջավայրին համապատասխանեցնելու գործում՝ տրամադրելով 40 հազար 635 ԱՄՆ դոլար», – նշում է  «ՀԱԼԵՊ»  ՀԿ-ի գործադիր տնօրեն Սարգիս Բալխյանը:

            «Ես ուրախ եմ, որ Ճապոնիայի կառավարությունը համատեղելով իր ջանքերը միջազգային կառույցների հետ կարողանում է իր ուրույն նպաստն ունենալ Հայաստանում գտնվող փախստակաների բարօրության ապահովման գործում։ Ալեպպո Քուիզին սոցիալական ձեռնարկատիրական ծրագրին աջակցելը մի նոր էջ է բացում մեր գործունեությունում։ Լիահույս եմ, որ այս նոր էջում Ալեպպո Քուիզին կենտրոնը միայն կունենա հաջողություններ», – նշում է ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Էյջի Տագուչին։

«Ալեպպո Քուիզին» սոցիալական ձեռնարկատիրական ծրագրին իրենց աջակցությունն են բերել նաև ԱՄՆ-ի Տեխաս նահանգի Հյուսթոն քաղաքի Սբ. Գևորգ հայ առաքելական եկեղեցու ծխական խորհուրդը և Գերմանիայի Միջազգային Համագործակցության ընկերությունը:

Մասնավորապես, Սբ. Գևորգ հայ առաքելական եկեղեցու ծխական խորհուրդի՝ հանձին ատենապետ Վրեժ Քոլանդջյանի ու Տեր և տիկին Օսթերպաուր-Դանիէլեանների ջանքերի շնորհիվ հանգանակվել է բավարար գումար, որը թույլ է տվել «ՀԱԼԵՊ» ՀԿ-ին գնել արևելյան խոհանոցի տարածքը։ Իսկ Գերմանիայի Միջազգային Համագործակցության Ընկերության կողմից տրամադրված աջակցության շնորհիվ խոհանոցը զինվել է անհրաժեշտ խոհանոցային տեխնիկայով, իսկ նոր ձևավորված աշխատակազմը՝ համապատասխան գիտելիքներով և հմտություններով:

Հիշեցնենք՝ «ՀԱԼԵՊ» ՀԿ-ն իր գործունեության առանցքում ունենալով բարեգործությունը՝ սիրիական հակամարտության հետևանքով Հայաստանում ապաստանած 6100 սիրիահայի տրամադրում է մարդասիրական օգնություն, մշակում և իրականացում է տևական ծրագրեր, որոնք ուղղված են Հայաստանում գտնվող սիրիահայերի առաջնային խնդիրների՝ բնակարանային և զբաղվածության խնդիրների լուծմանը։ Կազմակերպության գործունեությունը նաև նպաստում է սիրիահայերի  սոցիալ-մշակութային, հոգևոր և ֆիզիկական, կրթական, գիտական զարգացմանը Հայաստանում։

Scroll Up