«Նկարահանած ֆիլմերի միջոցով փորձել ենք վերականգնել պատմությունը».Տիգրան Պասկևիչյան

«Հայերն այսօր»-ի զրուցակիցը լրագրող, սցենարիստ Տիգրան Պասկևիչյանն է:

-Պարո՛ն Պասկևիչյան, վերջին տարիներին խորամուխ եք եղել հայրենադարձության թեմայի ուսումնասիրությանը: Ի՞նչը Ձեզ հանգեցրեց այդ մտքին:

-Այս հարցն ինձ հաճախ են տալիս։ Նաեւ հարցնում են՝ արդյոք ընտանիքս հայրենադա՞րձ է, որ ձեռնարկել եմ նման նախագիծ։ Հայրենադարձ ընտանիքից չեմ, բայց մանկությունս անցել է նրանց շրջապատում՝ հարեւաններ, ընտանիքի բարեկամներ, դպրոցական ընկերներ։ Հետո նրանք անհետացան։ Ես գիտեի՝ ուր են գնում, բայց չգիտեի՝ որտեղից, երբ եւ ինչպես էին եկել։ Եւ մի օր, երբ աղջկաս պատմության դասագիրքն էի թերթում, տեսա, որ 1946-1949-ի Մեծ հայրենադարձությունը ներկայացված է ընդամենը մեկ տողով։ Այդպես գործընկերներիս հետ որոշեցինք վավերագրական ֆիլմ նկարել հայրենադարձության մասին։ Սկսեցինք ուսումնասիրել թեման, որը, կարելի է ասել, դուրս էր մնացել թե՛ խորհրդային եւ թե՛ անկախ Հայաստանի պատմագրության ուշադրությունից։

 -Տեղյակ եմ, որ հայրենադարձության թեմայով երեք ֆիլմ եք նկարահանել: Մանրամասնեք, խնդրեմ, ֆիլմերի մասին:

Արդեն ասացի, որ սկզբում մտադիր էինք մեկ ֆիլմ նկարել, բայց թեման այնքան ծավալուն էր, որ ստիպված եղանք բաժանել երեք մասի։ 2011-ին եղավ «Դարձ ի շրջանս յուր» նախագծի առաջին ֆիլմը՝ «Անծանոթ իմ Հայրենիք», որը ներկայացնում է բուն ներգաղթն՝ իր քաղաքական նախապատմությամբ, այսինքն՝ 1945-1949 թվականները։ Երկրորդը՝ «Օ՜, Հայրենիք, սառն ու անուշ», 1946-1956-ին հայրենադարձների նկատմամբ եղած քաղաքական հալածանքի եւ 1949-ի հունիսի 14-ի աքսորի մասին է։ Երրորդը՝ «Վերջին երազանք կամ Game Over» 1956-ից հայրենադարձների շրջանում երեւակված արտագաղթի միտումներն է ներկայացնում։ Ի լրումն երկրորդ ֆիլմի՝ ՌԴ Ալթայի երկրամասում նկարահանեցինք «Կենսագրության կանոններ» վավերագրությունը, որում տեղացի ռուսները, գերմանացիներն ու այլ ազգերի մարդիկ հիշում են աքսորյալ հայերին։ Այսպես մեկի փոխարեն երեք-չորս ֆիլմ ստացվեց։

Ֆիլմերը, կարելի է ասել, քառաշերտ են։ Հիմքում ականատեսների վկայություններն են, որոնք հաստատվում կամ ճշգտրվում են հայաստանցի, սփյուռքահայ եւ ռուս պատմաբանների խոսքով։ Օգտագործել ենք արխիվային հարուստ նյութ, այդ թվում նաեւ՝ ականատեսների գզրոցներից եւ ժամանակի իրողությունները արձանագրող կինոխրոնիկա՝ Հայաստանի եւ Ռուսաստանի ֆիլմադարաններից։

Նախագիծն իրականացրել է «Վերսուս» ստուդիան, որն արդեն շուրջ քսան տարի զբաղվում է փաստավավերագրական ֆիլմերի եւ հաղորդումների արտադրությամբ։

-Ի՞նչ հաջողություններ են գրանցել ֆիլմերը: Հայաստանից բացի, այլ երկրներում ցուցադրվե՞լ են:

-Երեւանում եւ Հայաստանի մարզերում երեք տասնյակից ավել ցուցադրություններ են եղել։ Բացի այդ՝ ֆիլմերը ներկայացվել են սփյուռքահայ համայնքներում՝ ԱՄՆ, Ֆրանսիա, Կանադա՝ ուղեկցվելով բուռն քննարկումներով։ Որպես պատմության կարեւոր հատվածների հետազոտման արդյունք՝ դրանք ուշադրության են արժանացել ԱՄՆ-ի Միչիգանի, Արիզոնայի, ՌԴ Նովոսիբիրսկի, Իրկուտսկի, Բառնաուլի համալսարանների, Փարիզի Արեւելյան լեզուների եւ քաղաքակրթությունների ինստիտուտի (INALCO) կողմից, դարձել գիտական հավաքների քննարկման առարկա։ «Անծանոթ իմ Հայրենիք» ֆիլմը ցուցադրվել է Մոսկվայի «Մեմորիալ» կենտրոնում կազմակերպված «2-րդ աշխարհամարտի միգրացիոն հետեւանքները» ռուս-ֆրանսիական գիտաժողովում։ Մինչ օրս էլ հրավերներ ենք ստանում գիտակրթական տարբեր հաստատություններից։ Օրինակ՝ ապրիլին «Կենսագրության կանոններ» ֆիլմը ներկայացվելու է Սանկտ Պետերբուրգում՝ Իոֆեի ընթերցումներում, որը հասարակագիտական քննարկումների միջազգային հեղինակավոր հարթակ է։

-Ի՞նչ կոչ էիք ուզում հղել մարդկանց այս ֆիլմերի միջոցով:

Մեր առջեւ որեւէ կոչ կամ ուղերձ հղելու խնդիր չենք դրել։ Մեր նպատակն է վերապատմել պատմությունը՝ ականատեսների վկայությունների եւ արխիվային նյութերի համադրմամբ` այն հասցնելով հնարավոր առավել հավաստիության։ Անցած ութ տարում հարյուրից ավել հարցազրույցներ ենք արել նախկին ներգաղթողների եւ նրանց ժառանգների հետ։ Դրանցում կան ե՛ւ պատմականորեն հավաստի դրվագներ, ե՛ւ սուբյեկտիվ պատկերացումներ, ե՛ւ հուզական պոռթկումներ։

Զտելով ռացիոնալը, համեմատելով դրանք արխիվներում եղած փաստերի, գիտական նյութերի հետ, փորձել ենք վերականգնել պատմությունը։ Քսաներորդ դարի կեսերից համաշխարհային պատմագիտության մեջ բանավոր պատմության (oral history) կիրառումը դարձել է գերակա մեթոդ եւ, գուցե, հենց դրանով է մեր արտադրանքը հետաքրքրում գիտական կենտրոններին ու համալսարաններին։

Գործում է www.hayrenadardz.org կայքը: Ի՞նչ նպատակով է ստեղծվել այն:

Աշխատանքի ընթացքում ահռելի քանակությամբ նյութ էր հավաքվում, որը բնականաբար ամբողջությամբ չէր կարող ներառվել ֆիլմերում, քանի որ դրանց տեւողությունը սահմանափակ է։ Այն հանրության սեփականությունը դարձնելու համար որոշեցինք ստեղծել վեբ կայք եւ տեղադրել համացանցում։ Այս գործում մեզ անգնահատելի աջակցություն ցուցաբերեց «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամը։ Կայքն արդեն երեք տարի գործում է, բայց անընդհատ թարմացման, որոշ բաժիններ վերակառուցելու, անգլերեն թարգմանություններն ապահովելու համար կարիք ունենք լրացուցիչ աջակցության։

Չե՞ք մտածում հայրենադարձության լավագույն օրինակների վերաբերյալ ֆիլմ նկարահանել:

Գիտե՞ք, այս թեման անսպառ է։ Թե՛ Հայաստանում, թե՛ Սփյուռքում ցուցադրություններից հետո մարդիկ առաջարկում, հորդորում կամ պահանջում են շարունակություն։ Այո՛, պետք է անպայման ֆիլմ նկարել հայրենադարձների մասին, ովքեր խորհրդային տարիներին չլքեցին Հայաստանը՝ համարելով այն վերջին հանգրվան։ Արժե առանձին ներկայացնել 1962-1964 եւ հետագա տարիների ներգաղթը, որը, համաձայն արխիվում պահվող պետական փաստաթղթերի, կազմակերպական առումով շատ տարբեր է եղել նախորդներից։ Պետք է պատմել այն ընտանիքների մասին, որոնք անկախությունից հետո են հաստատվել Հայաստանում։ Առանձին թեմա է սիրիահայերի ներգաղթը՝ խնդիրների բարդությամբ եւ բազմազանությամբ զգալիորեն տարբեր մյուսներից։ Կարեւոր է անդրադառնալ նաեւ 1960-1980-ականներին արտագաղթածների սերունդների խնդրին, մի բան որ մշտապես կարեւորվել է Սփյուռքում մեր ֆիլմերի ցուցադրություններին հաջորդած քննարկումներում։ Արտագաղթած հայրենադարձներից շատերը որպես գնալու հիմնավորում ունեցել են երեխաների ապագան, բայց այսօր կանգնած են ուծացման վտանգի առջեւ։ Ուրեմն՝ նրանց սերունդների կյանքը դիտարկելը եւս շատ կարեւոր է։ Այս ամենի մասին մի քանի օր առաջ խոսել ենք ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հետ, եւ վավերագրության միջոցով նման խնդիրներ արծարծելը, կարծում եմ, արժանացավ նախարարի հավանությանը։ Մնում է գտնել միջոցներ եւ իրականացնել նախագծերը։

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀ սփյուռքի նախարարության «ՀայաստանՍփյուռք»  6-րդ համաժողովի ժամանակ հայտարարեց՝ ամեն ջանք գործադրվելու է, որ Հայաստանը 2040 թվականին առնվազն 4 միլիոն բնակիչ ունենա: Ո՞րն է Ձեր կարծիքն այս առումով:

Բարի ցանկություն է, որին հասնելու համար, ըստ իս, անհրաժեշտ է ստեղծել առողջ քննարկումների մթնոլորտ։ Հարցազրույցներից մեկում Եգիպտոսից 1948-ին հայրենադարձված եւ 1970-ականներին ԱՄՆ տեղափոխված մի կին ասում էր, որ կրկին Հայաստան վերադառնալու համար «ուժեղ, շատ ուժեղ պատճառ է հարկավոր»։ Այդ պատճառը հնարավոր չէ մատուցել կարգախոսի ձեւով։ Դա պետք է ձեւավորվի քննարկումներով։ Ուժեղ պատճառ, որը պակաս կարեւոր չէ նաեւ մեր՝ այստեղ ապրողներիս համար։

Հարցազրույցը՝ Գևորգ Չիչյանի

Հ.Գ.-Կից ներկայացնում ենք «ԱՆԾԱՆՈԹ ԻՄ ՀԱՅՐԵՆԻՔ» և «Օ ՜, ՀԱՅՐԵՆԻՔ, ՍԱՌՆ ՈՒ ԱՆՈՒՇ»  ֆիլմերի  թրեյլերների հղումը, որոնց ձայնասկավառակների հավաքածուն կարելի է ձեռք բերել Գլենդելի «Ապրիլ» գրախանութից։

https://www.youtube.com/watch?v=HTKGZZ5dh0U

https://www.youtube.com/watch?v=Bm8p540zIEw

Scroll Up