Սփյուռքի նախարարն ընդունեց ՀՀ-ում Կիպրոսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Լեոնիդաս Մարկիդիսին

Մարտի 6-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց ՌԴ-ում, համատեղության կարգով՝ Հայաստանի Հանրապետությունում Կիպրոսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Լեոնիդաս Մարկիդիսին:

Ողջունելով նորանշանակ դեսպանին՝ նախարար Հրանուշ Հակոբյանը համոզմունք հայտնեց, որ ներկայումս բարձր մակարդակի վրա գտնվող հայ-կիպրական հարաբերությունները նրա պաշտոնավարման ընթացքում ավելի կզարգանան: Նախարարը կարևորեց երկու երկրների միջև տնտեսական, մշակութային կապերի ակտիվացումը, ներկայացրեց գերատեսչության պետական քաղաքականությունը, գերակա խնդիրներն ու անելիքները:

Կիպրոսի դեսպանը շնորհակալություն հայտնեց արդյունավետ զրույցի համար և նշեց, որ առաջին անգամ է Հայաստանում և շատ տպավորված է: «Կիպրոսում հայկական կազմակերպված համայնք կա, որի ներկայությունը շատ կարևոր է երկրի կայունության պահպանման համար: Հայերը շատ մեծ ներդրում ունեն երկրի քաղաքական, տնտեսական, մշակույթի և կրթության բնագավառներում», – հավելեց դեսպանը:

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նշեց, որ 2018 թվականը Հայաստանի համար շատ կարևոր հոբելյանական տարի է. նշվելու են Հայաստանի Հանրապետության հռչակման և Մայիսյան հերոսամարտերի 100,  Երևանի 2800 ամյակները, և վստահություն հայտնեց, որ միջոցառումներ, ցուցահանդեսներ կկազմակերպվեն նաև Կիպրոսում:

Scroll Up