Սփյուռքի նախարարությունն ու Հայաստանի զարգացման հիմնադրամը սերտացնում են համագործակցությունը

Փետրվարի 27-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ հանդիպում Հայաստանի զարգացման հիմնադրամի ներկայացուցիչների և նախարարության աշխատակիցների միջև: Հանդիպմանը ներկա էին Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը և հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը:

Ողջունելով ներկաներին՝ նախարար Հրանուշ Հակոբյանը նշեց, որ և՛ Հայաստան-Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովի ընթացքում, և՛ ՀՀ կառավարության 2017-2022 թթ. ծրագրում հիմնական շեշտադրումը ուղղված է եղել ներդրումների, զբոսաշրջության ոլորտի զարգացմանը, որտեղ ակնհայտորեն դերակատարություն ունի նաև Սփյուռքի նախարարությունը: «Փետրվարի 12-ին վարչապետ Կարեն Կարապետյանն այցելեց նախարարություն, քննարկվեց հայապահպանության հարցը, քանի որ այսօր ուծացումը սփյուռքի հիմնական մարտահրավերներից մեկն է: Այս ամենին զուգահեռ՝ ՀՀ վարչապետը մեր առջև խնդիր դրեց շարունակել հետևողականորեն զբաղվել ներդրումների և  մասնագիտական ներուժի համախմբման խնդիրներով, որոնք արդեն իսկ մեր ուշադրության կենտրոնում են: Ունենք 13 մասնագիտական ցանցեր, և համահայկական մասնագիտական ընկերակցություններ ստեղծելու ուղղությամբ աշխատանքները շարունակվում են»,-նշեց նախարար Հրանուշ Հակոբյանը: Նախարարն ընդգծեց նաև, որ բոլոր բիզնես ծրագրերն անհատապես ուղարկվել են սփյուռքահայ գործարարներին, տեղադրվել են նախարարության կայքի «Ներդրումներ Հայաստանում» բաժնում: ««Ուխտագնացություն առաջին քրիստոնյան երկիր», «Յուրաքանչյուր հայ պետք է տեսնի Հայաստանը» և նախարարության այլ կարգախոսներն ուղղված են նաև զբոսաշրջությունը խթանելուն: Յուրաքանչյուր հանդիպման, այցի ընթացքում Հայաստանը ներկայացվում է որպես հնարավորությունների երկիր»,-ընդգծեց Սփյուռքի նախարարը:

Այնուհետև Հյաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը ներկայացրեց հիմնադրամի կառուցվածը, աշխատանքի հիմնական ուղղությունները, արդյունքներն ու տեսլականը: Նա նշեց, որ ՀԶՀ միջազգային համագործակցության թիմն արդեն 30 ներկայացուցիչ ունի աշխարհի 25 երկրում, և շնորհակալություն հայտնեց նախարարությանը ներկայացուցիչների ընտրության հարցում աջակցության համար: Արմեն Ավակ Ավակյանը ընդգծեց նաև, որ 2017 թվականին հիմնադրամը բազմապատկել է իր արդյունքները. տարվա ընթացքում կատարվել են 15 միլիոն դոլարի ներդրումներ, կնքվել են 5.7 միլիարդ դրամի արտահանման պայմանագրեր: «Դուք լավ գիտեք սփյուռքը, մենք լավ ենք տիրապետում բիզնես ոլորտին, հետևաբար համախմբենք մեր ուժերն ու աշխատենք նոր թափով»,-շեշտեց ՀԶՀ գործադիր տնօրենը:

Հանդիպման ընթացքում նախարարության աշխատակիցներն իրենց հուզող հարցերն ուղղեցին Արմեն Ավակ Ավակյանին, հետաքրքրվեցին բիզնես ծրագրերի և առկա վիճակագրության մասին, քննարկվեցին համագործակցության հետագա հեռանկարները:

Հանդիպման ավարտին նախարար Հրանուշ Հակոբյանը շնորհակալություն հայտնեց Արմեն Ավակ Ավակյանին և հիմնադրամի աշխատակազմին բաց համագործակցության համար և վստահություն հայտնեց, որ նախարարության հետ սերտ համագործակցությունն արդյունավետ կլինի:

Scroll Up