«Ցանկանում եմ, որ ի վերուստ տրված արարման շնորհը հայերը երբեք չկորցնեն, այն շատ խելացիորեն օգտագործեն».Նազարեթ Բինաթլի

Հայ ճարտարապետների, ճարտարագետների ուրույն ձեռագիրը կարող ենք գտնել աշխարհի շատ երկրներում. բազմաթիվ հնագույն քաղաքների նշանավոր կառույցների հեղինակները հայեր են եղել, նրանք կյա՛նք են տվել տվել անշունչ քարին ու հայադրոշմ արտաքին նկարագրով՝ դարակազմիկ պատմության հոլովույթում թողել հայի հանճարի մտքի ու ձեռքի ներդաշնակ առկայծումների հետքը:

Այսօր և միշտ, հայերը շարունակում են կառուցել՝ հիմքում ունենալով հայ հնագույն ազգային ճարտարապետության ավանդույթները:

Օրերս առիթ ունեցա հանդիպելու Թուրքիայից Հայաստանում գտնվող հայ ճարատարագետներից մեկին՝ Թուրքիայի հայ «ճարտարապետների և ճարտարագետների միության» նախագահ Նազարեթ Բինաթլիին և նրա ընկերոջը՝ Երվանդ Դինքին. Բինաթլիի հետ «Հայերն այսօր»-ի համար ունեցած հարցազրույցս ներկայացնում ենք մեր ընթերցողների ուշադրությանը

Բարի՛ գալուստ Հայրենիք, պարո՛ն Նազարեթ. գիտեմ, որ Սփյուռքից Հայրենիք եկող մեր հայրենակիցներից շատերն այցելում են Հայաստան՝ ազգանպաստ, հայապահպան ինչ-ինչ առաքելությամբ և համոզված եմ, որ Դուք այս հարցում բացառություն չեք:

-Շնորհակալությու՛ն. այո՛, Դուք ճի՛շտ եք. մեր առաքելությունն ինքնանպատակ չէ բնավ: Մենք եկել ենք, անշուշտ, գործի բերումով, սակայն ամեն այցը նաև հարստանում է Հայաստանից մեր կարոտն առնելու թանկ զգացումով:

-Ասացեք, խնդրեմ, Ճարտարապետների և ճարտարագետների համահայկական ընկերակցության հետ ե՞րբ է ձևավորվել Ձեր համագործակցությունը և ի՞նչ հարթակի վրա եք սկսել գործունեություն ծավալել նրանց հետ:

-Ես մասնագիտությամբ շինարար-ճարտարագետ եմ, ճարտարապետ-ճարտարագետ, էլեկտրիկ, մեխանիկ, դիզայներ համալսարանավարտ շատ ընկերներ ունեմ. մոտ 20 տարի առաջ որոշեցինք նույն ասպարեզի մարդկանցով համախմբվել, ճանաչել իրար. 2000 թվականից սկսեցինք պարզապես հավաքներ անել, զրուցել, խորհրդակցել, թե ինչ ստեղծենք՝ միությու՞ն, ընկերակցությու՞ն, որևէ հիմնա՞րկ…Այս հավաքների արդյունքը եղավ այն, որ ստեղծեցինք մեր միությունը, որում ինձ շատ օգնեցին զավակներս. նրանք նույնպես համալսարանավարտ են: Փոքր տղայիս խնդրեցի, որ ընկերներով աշխատեն այդ ուղղությամբ. նրանք շատ ոգևորվեցին, սկսեցին համացանցից որոնել, գտնել կազմակերպություններ ստեղծելու կանոնները, ձևաչափերը: Մեզ շատ օգնեց նաև մասնագիտությամբ փաստաբան Տիրան Բագրատ եղբայրը: Ի վերջո, մեր «Հայճար» միությունը պաշտոնապես գրանցվեց Թուրքիայում, բայց այդ անունը իմաստ պետք է ունենար. մենք մեր միությունից մի փաստարկ արեցինք, նաև թուրքերեն թարգմանեցինք անունը, բացատրեցինք, որ դրա արմատը աղբյուրն է, ակունքը, որը վերակենդանացնում է, հետազոտում, և մարդիկ ընդունեցին: «ճարտարապետների և ճարտարագետների համահայկական ընկերակցության» հետ համագործակցում ենք մոտավորապես 7-8 տարի` մասնակցելով արդեն ավանդույթ դարձած «ճարտարապետների և ճարտարագետների համահայկական ընկերակցության» համաժողովներին:

-Ո՞րն է «Հայճար»-ի նպատակը:

-Մեր նպատակն էր նախ՝ հավաքի մի տեղ ունենալ, զրուցել, որոշումներ կայացնել, որից հետո ամենակարևորը՝ շրջել Թուրքիայի արևելյան կողմերում գտնվող բոլոր տարածքներում՝ լեռների վրա, ձորերում, դաշտերում և ուսումնասիրել, գրանցել հայկական բոլոր եկեղեցիները, խաչքարերը, հին աղբյուրները, կամուրջները, հետազոտել, թե ինչ վիճակում են դրանք գտնվում: Մեր նպատակն է համայնքին պատկանող կալվածքների վերանորոգումը, կառուցումը, մասնակցել ենք տարբեր շենքերի վերականգնման, վերանորոգման աշխատանքներին: Մենք մի նոր միություն էլ հիմնեցինք Թուրքիայում՝ «Մշակութային ժառանգության պահպանման միություն»՝ կազմված մոտավորապես 200 հայ ճարտարապետներից ու ճարտարագետներից և սկսեցինք պտույտներ կատարել. մասնագետներ կային նաև Հայաստանից: Այդ խմբում ընդգրկված էին հնագետներ, ճարտարապետներ, ճարտարագետներ, պատմաբանաներ. մի շաբաթ շրջեցինք Կիլիկիայի հատվածում: Այդ վայրերում տեղակայված մշակութային կոթողների մասին գրքույկներ ենք պատրաստում՝ լուսանկարներով, գծագրերով: Միության կողմից կատարված աշխատանքներից են՝ Ստամբուլի Պեշիքթաշի Սուրբ Աստվածածին, Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս, Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցու, Բեշիքթաշի հայական վարժարանի շենքի վերանորոգման և հայկական ճարտարապետական այլ շինությունների վերանորոգումը, վերականգնումը: Հայազգի շինարարները, ճարտարապետները, ոսկեձեռիկ վարպետները ոչ միայն կառուցել են հայկական եկեղեցիներ, խաչքարեր, կամորջներ ու աղբյուրներ, այլև կառուցել են Արևմուտքի պատմական շենքերն ու հուշարձանները և այսօր էլ շարունակում են այդ գործունեությունը: Մեր միության գերնպատակը հայկական ճարտարապետական ժառանգության վերականգնումն է: Մեր առաջնային նպատակն առայժմ այդ հոգևոր-մշակութային հուշարձանները մաքրելն ու ցանկապատելն է, որպեսզի կենդանիները չմտնեն, քարերը չտանեն, որից հետո հերթով կսկսենք ձեռնարկել վերականգնման աշխատանքները, որոնք ֆինանսական ներդրումներ են պահանջում:

-Բնականաբար, Ձեր այցելած, հաշվառած բոլոր հուշարձանները լուսանկարել եք. մտադրություն չունե՞ք Հայաստանում բացել այդ լուսանկարների ցուցահանդեսը, որովհետև, Աստված չանի, հնարավոր է, որ դրանցից առավել վնասվածները մի քանի տարի անց վատթար վիճակում լինեն, ավելին՝ վերանան դրանց հետքեր, և հայը… գոնե լուսանկարով կտեսնի դրանք:

-Այո,՛ լուսանկարել ենք, համամիտ եմ, որ այդպիսի ցուցահանդեսի կարիքը կա և կմտածենք այդ մասին. մեր տեսած հուշարձանների շարքում կան այնպիսինները, որոնցից գրեթե ոչինչ չի մնացել՝ մի պատ, մի քանի քար. ժամանակը, անձրևները, ձյունը, քամիները, ինչպես նաև՝ մարդկային գործոնը, փչացնում են դրանք…այնպես որ՝ ընդունում եմ Ձեր դիտարկումը:

-Պարո՛ն Բինաթլի, թուրքերը ընդունու՞մ են, որ այդ տարածքի հուշարձանների, շենք-շինությունների մեծ մասը հայի ձեռամբ է կառուցվել:

-Այո՛, գիտեն, ընդունում են, սակայն դա միանշանակ չէ, որովհետև երբեմն էլ հերքում են:

Որպես ճարտարագետ՝ ի՞նչ կասեք այսօրվա Երևանի ճարտարապետական տեսքի մասին:

-Երևանը նախկինում իր ճարտարապետական տեսքով յուրահատուկ բնութագիր, ոճ ուներ. այսօր այդպես չէ. թամանյանական շատ գեղեցիկ ու ճիշտ լուծումներով կառուցված շենքերի կողքին վեր են խոյանում 15, 18 հարկանի շենքեր, որոնք ոչ մի կերպ չեն կապվում և ներդաշնակ չեն հին ու հայկական ճարտարապետական հրաշալի զարդաքանդակներով կառուցված շինությունների հետ: Անշուշտ, այդպիսի բարձրահարկեր էլ պետք է լինեն, սակայն դրանք կարող են կառուցել արվարձաններում, քաղաքի ծայրամասերում: Հայաստանն, առհասարակ, շատ գեղեցիկ երկիր է, ինչպես նաև՝ մայրաքաղաք Երևանը:

-Պարո՛ն Նազարեթ, որպես մասնագետ, Ձեր կարծիքով, ո՞ր քարով է տուն կառուցելը ավելի ճիշտ:

-Հայկական տուֆն ամենալավ քարն է, այն ամուր է, թեթև, շնչող, նաև՝ գեղեցիկ. մեր տուֆը մեր հարստություններից մեկն է:

-Խոսենք Ձեր հետագա ծրագրերի մասին. ինչպիսի՞ն եք տեսնում «Հայճար» ճարտարապետների և ճարտարագետների միության ապագան, հեռահար նպատակները:

-Այժմ մենք պատրաստ ենք սիրահոժար կատարել հայկական կառույցների համար կարևոր գործերը: Օրինակ՝ մասնակցեցինք Օսմանյան կայսրությունում հայտնի Պալյանների հայազգի ընտանիքի դամբարանի հետ կապված աշխատանքներին. այս ընտանիքի շառավիղները 18-19 դդ. եղել են օսմանյան արքունի ճարտարապետներ։

Պալյաններն օսմանյան սուլթանների համար կառուցել են բազմաթիվ շքեղ պալատներ, հայկական եկեղեցիներ, մեծ թվով սուլթանական մզկիթներ, ամառանոցներ: Պալյանների նշանավոր գործերից են Ստամբուլի «Դոլմաբահչե»-ի համալիրը, որը Պալյանների մի քանի սերունդի աշխատանք է, «Չրաղան» պալատը. Պալյանների 9-ը սերունդ աշխատել է Թուրքիայում, իսկ նրանցից շատերը հռչակվել են պալատական ճարտարապետներ: Այդ նշանավոր տոհմի մասին Աշոտ Գրիգորյանը գրել է «Հայոց ազգին պարտեզի գանձերը. Պալյաններ» գիրքը, որը պատմում է Պալյան ճարտարապետական գերդաստանի նախագծմամբ Ստամբուլում կառուցված հարյուրավոր շինությունների՝ պալատական, ռազմական կառույցների մասին:

Մեր ծրագրերի մեջ են մտնում այն կառույցների հետ տարվող աշխատանքները, որոնք մեր օգնության կարիքն ունեն, լինի դա՝ եկեղեցի, դպրոց, շենք-շինություն: Մեր նախագծով կառուցվում է նաև երեխաների համար մի ճամբար, ուր երեխաները կարող են ամռանը հանգստանալ, իսկ ձմռանը այն կդառնա Թումոյի նման մի կենտրոն. ի դեպ, Երևանի Թումո կենտրոնի հետ կապերի մեջ ենք:

-Հարգելի՛ հայրենակից, Դուք ծնվել եք Ստամբուլի շատ հայտնի Պեշիկթաշ հայաշատ թաղամասում. դա Ձեր ծննդավայրն է, բնականաբար՝ սիրելի, իսկ ի՞նչ է Հայրենիքը Ձեզ համար:

-Երբ Հայրենիք եմ ասում, փշաքաղվում եմ. խոսքերով դժվար է արտահայտել զգացածս, բայց հոգիս խոսում է ջերմությամբ…Աշխարհի բոլոր հայերն իրենց կյանքում գոնե մի անգամ պետք է տեսնեն ու զգան Հայրենիքը:

-Ի՞նչ կմաղթենք համայն աշխարհի հայությանը Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առիթով:

Մաղթում եմ, որ 2018-ին Հայաստանն ավելի զորանա, զարգանան գործարարության, զբոսաշրջության, գյուղատնտեսության, բժշկության, անասնապահության, նորարարական տեխնոլոգիաների ոլորտները. այս ուղղություններով ես արդեն կայծեր տեսնում եմ, ցանկանում եմ, որ ի վերուստ տրված արարաման շնորհը հայերը չկորցնեն, այն շատ խելացիորեն օգտագործեն:

-Շնորհակալությու՛ն, պարոն Նազարեթ, շնորհակալ եմ նաև Երվանդ Դինքին՝ մեր հարցազրույցի ընթաքում իր մասնակցության ու տեղեկատվության լրացումների համար. մաղթում եմ, որ 2018-ին ևս Ձեր հայանպաստ գործունեությունը, Ձեր բոլոր նախաձեռնությունները լինեն շարունակական:

Կարինե Ավագյան

 

Scroll Up