Հայ մնալու լավագույն միջոցը հայրենաշինության գործին մասնակցելն է. Արա Վարդանյան

2017 թվականը «Հայաստան» համահայկական հիմնադրամի համար հոբելյանական տարի է. լրանում է հիմնադրամի ստեղծման 25-ամյակը: Այս առիթով «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանի հետ «Հայերն այսօր»-ը զրուցել է այս տարիների ընթացքում կատարված աշխատանքների, ձեռքբերումների և հետագա անելիքների շուրջ:

-Պարո՛ն Վարդանյան, ե՞րբ է ստեղծվել «Հայաստան» համահայկական հիմնադրամը և ո՞րն է Հիմնադրամի առաքելությունը:

«Հայաստան» համահայկական հիմնադրամը ստեղծվել է 1992 թվականի մարտի 3-ին՝ ՀՀ նախագահի հրամանագրով` որպես եզակի մի կառույց, որը կոչված է համախմբելու Հայաստանում, Արցախում և արտերկրում ապրող բոլոր այն հայերին և նրանց համախոհներին, ովքեր պատրաստակամ են իրենց ջանքերն ուղղելու նորաստեղծ հայկական 2 հանրապետությունների կայուն զարգացմանը: Այն ժամանակ Սփյուռքը պատրաստ էր օգնելու Հայաստանին և Արցախին, հայկական համայնքներում տարբեր դրամահավաքներ էին կազմակերպվում, բայց չկար նրանց ուղղորդող մարմին, որը կկարողանար այդ գումարները ճիշտ տնօրինել:

Շուկայական հարաբերությունների հաստատման բարդություններին զուգահեռ՝ անհրաժեշտ էր նաև բազում հիմնախնդիրներ հաղթահարել, որոնք պետության առջև ծառացել էին 1988-ի ավերիչ երկրաշարժի, երկրի շրջափակման և Արցախյան պատերազմի հետևանքով:

-Ներկայացրեք խնդրեմ, Հիմնադրամի քսանհինգ տարվա անցած ուղին:

-Այս տարիների ընթացքում շատ լուրջ ձեռքբերումների ենք հասել: Իսկ ամենամեծ նվաճումը համարում ենք նվիրատուների քանակը. ունենք 700 000 նվիրատու, որոնց շնորհիվ Հայաստանի և Արցախի շուրջ 500 000 քաղաքացու կյանքում կարողացել ենք դրական փոփոխություն մտցնել: Հիմնադրամի քսանհինգ տարվա ուղին բնութագրվում է միմյանց հաջորդող մեր հայրենիքի համար կենսական կարևոր նշանակություն ունեցող բազմաբնույթ ծրագրերով:

Ճանապարհների, դպրոցների, մանկապարտեզների, հիվանդանոցների, ջրագծերի ու գազատարների կառուցմանը զուգահեռ՝ օժանդակություն են ստացել բազմաթիվ սոցիալապես խոցելի խմբեր, այդ թվում` ազատամարտիկների ընտանիքներ, անապահով ընտանիքների ուսանողներ: Աշխարհասփյուռ հայության նվիրատվություններով այսօր մեր հարյուր հազարավոր հայրենակիցներ ունեն տուն, ջուր, գազ, ջեռուցում, բարեկեցիկ կյանքի պայմաններ:
Քսանհինգ տարիների ընթացքում կարողացանք կարևոր նշանակության ծրագրեր իրականացնել: Հիմնադրամին վստահվեց Հայաստանում և Արցախում ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված խնդիրների լուծումը: Մեկը մյուսին հաջորդեցին Գորիս-Ստեփանակերտ, ապա Արցախում Հյուսիս-հարավ ավտոմայրուղիների կառուցումը: Արդեն ավարտում ենք Հայաստանը Արցախին կապող Վարդենիս-Մարտակերտ ավտոմայրուղու կառուցումը, որն Ապրիլյան պատերազմից հետո ապացուցեց իր անգնահատելի դեր ունենալու փաստը. մարդիկ այդ ճանապարհով էին Հայաստանից Մարտակերտ մեկնում:

Վերջինս ճանապարհային ցանց ապահովեց ԼՂՀ քաղաքների և գյուղերի միջև` մեծապես նպաստելով երկրում տնտեսության զարգացմանը: Ճանապարհաշինությանը զուգընթաց` Հիմնադրամը ստանձնեց նաև համայնքային զարգացման նպատակային ծրագրեր` կառուցելով ու վերակառուցելով դպրոցներ, բուժհաստատություններ, ջրամատակարարման ու գազամատակարարման համակարգեր, էլեկտրահաղորդագծեր, մշակութային հաստատություններ և այլն:

Աղետի գոտում Հիմնադրամը ձեռնամուխ եղավ բնակարանաշինությանը`1988-ի երկրաշարժից անօթևան մնացածներին կացարաններով ապահովելով Գյումրիում, Վանաձորում, Ստեփանավանում, Սպիտակում:

Մի խոսքով՝ Հիմնադրամը հասցրել է ճանաչվել ողջ հայության կողմից, քանի որ իր ծրագրերում միշտ եղել է արդիական ու սպասված: Հիմնադրամը շարունակում է հավատարիմ մնալ իր առաքելությանը՝ աշխարհասփյուռ հայության միասնական ջանքերն ուղղելով մեր երկրի վերակառուցմանն ու ամրապնդմանը:

– Եկե՛ք թվապատկերի միջոցով խոսենք կատարված աշխատանքների մասին:

-Շատ լավ: Նախևառաջ ասեմ՝ Հիմնադրամը այն եզակի կառույցներից է, որ գրեթե բոլոր ոլորտներում աշխատանքներ է կատարում: Ներկայացվող տվյալները, իհարկե, Հայաստանում և Արցախում կատարված աշխատանքների մասին է: Եվ այսպես. Հիմնադրամը կյանքի է կոչել ավելի քան 330. 000. 000 ԱՄՆ դոլար արժողությամբ ծրագրեր, իրականացվել է 1100 խոշոր /ընդհանուր առմամբ՝ 50 000/ ծրագիր , ունենք 700.000 նվիրատու Հայաստանից, Արցախից և Սփյուռքից:
Կառուցվել, վերակառուցվել և իրականացվել են 605 կմ ճանապարհ, 580 կմ ջրագիծ ու ջրատար, 149 կմ գազամուղ, 70 կմ էլեկտրագիծ, 359 դպրոց ու մանկապարտեզ, 24 համայնքային կենտրոն, 480 տուն ու բնակարան, 75 առողջապահական հաստատություն, 58 մշակույթի ու սպորտային կենտրոն, 100 ջերմոց, 169 կրթական, մշակութային ու գիտական ծրագրեր:

Այսօր էլ նույն տեմպով շարունակում ենք աշխատել, սակայն ավելացրել ենք աշխատատեղերի ստեղծման և տնտեսական զարգացման գործոնը. պետք է ներդրումներ կատարել հատկապես գյուղատնտեսության ոլորտում: Հարկ է նշել Տավուշի մարզում արդեն 6 տարի իրականացվող ջերմոցների կառուցման լայնածավալ ծրագիրը, որի գլխավոր հովանավորը Հիմնադրամի Արգենտինայի տեղական մարմինն է: Այս ձեռնարկին վերջերս միացել է նաև ավստրալահայ համայնքը:

Տավուշի մարզում կառուցել ենք ավելի քան 100 ջերմոց:  Յուրաքանչյուր ջերմոց նախատեսված է մեկ ընտանիքի համար, որը բավարար պայմաններ է ստեղծում այդ ընտանիքի կենցաղային, առօրյա խնդիրները լուծելու համար:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի կարևոր ծրագրերից էր արգենտինահայ բարերարներ Դևեջյան, Էքզերջիյան ընտանիքների և Քիրքոր Շիմշիրօղլուի ֆինանսավորմամբ Շիրակի մարզի Բավրա գյուղում հնդկաձավարի գործարանի կառուցումը, որը նոր մշակույթ է հայկական գյուղատնտեսության ոլորտում: Այս տարի սկսում ենք նաև արևային էներգիայի ստացման մի նոր ծրագիր: Փորձարկումը սկսել ենք Տավուշի մարզի մի քանի գյուղում: Հաջորդ տարվանից Արցախի գրեթե բոլոր գյուղերի դպրոցների, համայնքային կենտրոնների, մանկապարտեզների տանիքներին տեղադրելու ենք արևային մարտկոցներ, որպեսզի զրոյացնենք էլեկտրոէներգիայի ծախսերը:

Առհասարակ, մեր ծրագրերը բաժանված են երկու մասի՝ գլխավոր դրամահավաքի թեման, որը յուրաքանչյուր տարի հաստատում է հոգաբարձուների խորհուրդը, և բարերարների կողմից առաջարկած հատուկ՝ նպատակային ծրագրերը: Այդ ծրագրերը պատրաստակամորեն կատարում ենք Հայաստանում և Արցախում: Հիմնադրամը երկու տեսակի՝ ֆինանսական և ֆիզիկական միջազգային աուդիտ է անցնում: Մենք որդեգրել ենք բաց և թափանցիկ գործելաոճը, և հենց դա է մեր հաջողության գրավականը:

-Հիմնադրամի ստեղծումն ինքնին ուղղված էր Հայաստան-Սփյուռք փոխգործակցության ձևավորմանը: Հե՞շտ ստացվեց շահել սփյուռքահայերի վստահությունը և նրանց համագործակցության կանչել:

Հիմնադրամի հետ համագործակցության շնորհիվ բազմաթիվ սփյուռքահայեր սերտացրին կապը հայրենիքի հետ՝ չկորցնելով ազգային ինքնությունն ու կառչած մնալով սեփական արմատներին: Եղել են հայեր, ովքեր երբեք չէին այցելել Հայաստան, Արցախ, և մեր ջանքերով՝ եկան տեսնելու  իրենց Հայրենիքը:

Խնդիրները շատ են: Հուսով եմ, թե՛ ՀՀ սփյուռքի նախարարության, թե՛ Հիմնադրամի ծավալած գործունեությամբ՝ ամեն ինչ կանենք այդ ամենը հաղթահարելու և Հայաստան-Սփյուռք փոխգործակցությունն  առավել զարգացնելու համար:

– Այժմ խոսենք Հոգաբարձուների խորհրդի մասին:

-Հիմնադրամի յուրահատկություններից է նաև հոգաբարձուների խորհրդի կազմը, որում ներառված են հայկական եկեղեցիների, ավանդական կուսակցությունների, բարեգործական կազմակերպությունների ներկայացուցիչները, անհատ բարերարները՝ ապահովելով բազմաշերտ ներգրավվածություն:

Ըստ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կանոնադրության` Հիմնադրամի բարձրագույն ղեկավար մարմինը Հոգաբարձուների խորհուրդն է, որի նախագահն ի պաշտոնե Հայաստանի Հանրապետության նախագահն է: Խորհրդի կազմում են Ամենայն Հայոց կաթողիկոսը, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը, Հայ Կաթողիկե Եկեղեցու կաթողիկոս-պատրիարքը, Հայ Ավետարանական եկեղեցու ներկայացուցիչը, Արցախի Հանրապետության նախագահը, ՀՀ և ԱՀ վարչապետերը, ՀՀ Սահմանադրական դատարանի, Ազգային ժողովի և Կենտրոնական բանկի նախագահները, նախարարներ, երեք ավանդական կուսակցությունների, խոշոր բարեգործական կազմակերպությունների` ՀԲԸՄ-ի, ՀՕՄ-ի և Ամերիկայի հայկական համագումարի ղեկավարները, սփյուռքահայ ճանաչված բարերարներ ու գործիչներ Հայաստանից, Արցախից և Սփյուռքից:

-Սփյուռքի հայկական համայնքներում տեղական քանի՞ մարմին է գործում:

-Քսանհինգ տարիների ընթացքում բացել ենք խորհրդանշական 25 տեղական մարմին՝ աշխարհի 22 երկրում, որոնք ներկայումս գործում են Ամերիկայի Միացյալ Նահանգներում` Լոս Անջելեսում և Նյու Յորքում, Ֆրանսիայում, Կանադայում` Տորոնտոյում և Մոնրեալում, Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Հոլանդիայում, Շվեյցարիայում, Ավստրիայում, Շվեդիայում, Լիբանանում, Սիրիայում, Քուվեյթում, Ավստրալիայում, Բրազիլիայում, Արգենտինայում` Բուենոս Այրեսում և Կորդոբայում, Հունաստանում, Կիպրոսում, Ուրուգվայում, Ռումինիայում, Ռուսաստանի Դաշնությունում, Իրանում և Իտալիայում:

Տեղական մարմինները սերտորեն համագործակցում են իրենց երկրների հայ համայնքի եկեղեցական, հասարակական և բարեգործական կազմակերպությունների ներկայացուցիչների, ինչպես նաև սփյուռքահայ ճանաչված բարերարների և գործիչների հետ: Հիմնադրամի՝ Երևանում գործող գործադիր վարչությունը և աշխարհասփյուռ տեղական մարմինները հաշվետու են հոգաբարձուների խորհրդին:

-Հիմնադրամի համար առանցքային նշանակություն ունի Լոս Անջելեսում կազմակերպվող ամենամյա հեռուստամարաթոնի անցկացումը: Միայն այս միջոցո՞վ է հնարավոր լինում դրամահավաք կազմակերպել:

-1996 թ-ից սկսած Լոս Անջելեսից հեռարձակվող ամենամյա հեռուստամարաթոնը հանրագումարի է բերում տարվա ընթացքում Հայաստանում, Արցախում ու Սփյուռքում հավաքագրված գումարները, հաշվետվություն ներկայացնում նվիրատուներին, և հայությանը համախմբում հայրենիքի համար կենսական կարևորության ձեռնարկի շուրջ: Հեռուստամարաթոններում հավաքված նվիրատվություններն ուղղվում են հոգաբարձուների խորհրդի ամենամյա նիստերում հաստատված խոշորածավալ ռազմավարական ծրագրերի իրագործմանը:

Մենք աշխարհում գործող բոլոր բարեգործական (նաև` ոչ հայկական) այն եզակի կազմակերպություններից ենք, որը կիրառում է դրամահավաքի բոլոր ձևերը:

Հիմնադրամի դրամական միջոցները գոյանում են տարեկան  տարբեր երկրներում կազմակերպվող հեռախոսամարաթոնների, ռադիոմարաթոնների, հեծանվարշավների, ճաշկերույթների հանգանակություններից, բարեգործական համերգների ու ցուցահանդեսների հասույթներից, փոստային և SMS նվիրատվություններից, անհատների թողած կտակներից և նպատակային հատկացումներից:  Շուրջ 60 հազար ընտանիք ունենք, որոնք ամեն տարի ավանդաբար մասնակցում են հեռուստամարաթոնին. այն դարձել է իրենց կենսակերպի մի մասը, իսկ Հայաստանում կան անգամ թոշակառուներ, ովքեր գալիս են Հիմնադրամ՝ իրենց կենսաթոշակի մի մասը նվիրաբերելով հայրենաշինության գործին:

Կազմակերպվող դրամահավաքները նաև սփյուռքահայ երիտասարդներին է հնարավորություն տալիս կապվելու Հայաստանին: Ինչպես օրինակ՝ հեռախոսամարաթոնի ժամանակ նրանց է վստահվում նվիրատուների հեռախոսազանգերին պատասխանելը. այս գործոնը նրանց՝ հետագայում Հայաստան այցելելու և հայրենասիրությամբ տոգորվելու կարևոր ազդակ է հանդիսանում:

Ինչպե՞ս է որոշվում հեռուստամարաթոնի բուն թեման:

-Յուրաքանչյուր տարի մայիս ամսին տեղի է ունենում Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը, որի ընթացքում Երևանում գործադիր վարչությունը կատարված աշխատանքների մասին հաշվետվություն է ներկայացնում: Նիստի ժամանակ հոգաբարձուների խորհուրդը սկսում է քննարկել դրամահավաքի գլխավոր թեման: Հոգաբարձուների անդամներից յուրաքանչյուրը կարող է առաջարկ ներկայացնել, որից հետո այդ առաջարկներից քվեարկության արդյունքում ընտրվում է գլխավոր թեման:

-Ո՞րն է Ձեր կոչը համասփյուռ հայերին:

-Հիմնադրամն ինքնին ապացուցեց, որ հայերով ազգային համախմբվածության շնորհիվ կարող ենք մեր կյանքում դրական փոփոխություններ մտցնել և լուծել մեր առջև ծառացած հիմնախնդիրները, միայն պետք է հավատալ մեր ուժերին և շարունակել ազգանպաստ այս գործը՝ ի շահ Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության հզորացման: Հիշենք, որ հայ մնալու լավագույն միջոցը հայրենաշինության գործին մասնակցելն է:

Իհարկե, անհիմն մեղադրանքները շատ են, բայց մենք արդար ճանապարհով ենք ընթանում: Պետք է հասկանանք, որ Արցախում կատարվող ցանկացած ներդրում նաև քաղաքական նշանակություն ունի. դեռ ամբողջ աշխարհին ցույց տալու խնդիր ունենք, որ Արցախը եղել և մնում է հայկական տարածք: Իսկ ցույց տալու այդ ձևերից մեկն էլ այդ հողում որևէ գործ անելն է:

Հարցազրույցը՝ Գևորգ Չիչյանի

Scroll Up