Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հանդիպել է Լիոնի հայ համայնքի ներկայացուցիչների հետ
Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նոյեմբերի 26-ին հանդիպում է ունեցել Կենտրոնական Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) անդամների հետ: Հանդիպմանը ներկա են եղել ատենապետ Րաֆֆի Գրիգորյանը, փոխատենապետ Վազգեն Էսքիջյանը, ընդհանուր քարտուղար Մկո Մխսյանը, Աննա Ժամբոն, Լիզա Ժիլիբերը և Արթուր Տերտերյանը:
Հրանուշ Հակոբյանին ուղեկցում էր Լիոնում ՀՀ փոխհյուպատոս Գայանե Մանուկյանը:
Իր ելույթում նախարարը անդրադարձել է Հայաստան-Սփյուռք համաժողովներին, խոսել Հայաստանի զարգացման հեռանկարների մասին:
Հանդիպման ընթացքում CCAF-ի վարչության անդամներն իրենց առաջարկներ են ներկայացրել Հրանուշ Հակոբյանին:
Այնուհետև Սուրբ Հակոբ հայկական եկեղեցուն կից «Կարպիս Մանուկյան» հանդիսասրահում նախարար Հրանուշ Հակոբյանը հանդիպում է ունեցել Լիոնի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Նախարարը ներկայացրել է Սփյուռքի նախարարության ծրագրերը, կատարած աշխատանքը: Համայնքի անդամներին քաջալերել է հայրենիք այցելել, գործուն մասնակցության ունենալ Հայոց պետականության հզորացմանը: Ելույթի վերջում Հրանուշ Հակոբյանը պարգևներ է հանձնել համայնքային գործիչներին:
Հանդիպման ավարտին Սփյուռքի նախարարը պատասխանել է ներկաների հարցերին: