«Ես ինձ ծովի մէջ մի կաթիլ եմ համարում եւ երջանիկ եմ, որ իմ մի կաթիլով եւս ծփում է ծովը». Ֆիրա Ակեան

Բարեբեր է հայաստանեան աշունը բոլոր իմաստներով` տօնական միջոցառումների, ստեղծագործական թռիչքների, զբօսաշրջութեան, Սփիւռքից մեր հայրենակիցների այցելութիւններով: Գրեթէ բոլոր օրերին, երեւանեան տաք աշնան գրկում, անց են կացւում զանազան համերգներ, ցուցահանդէսներ, գիտաժողովներ, մրցոյթներ ու մրցանակաբաշխութեան արարողութիւններ, գրքի շնորհանդէսներ: Այդ միջոցառումների մեծ մասին աջակցում է նաեւ ՀՀ սփիւռքի նախարարութիւնը: Սփիւռքում ապրող ու ստեղծագործող մեր բոլոր հայրենակիցներն իրենց ազգանպաստ գործերի ուրախութիւնը կիսում են Սփիւռքի նախարարութեան հետ. նրանցից մէկը ամերիկաբնակ մանկագիր, երգահան, մանկավարժ, տիկնիկագործ, Ամերիկայի հայ գրողների միութեան փոխնախագահ Ֆիրա Ակեանն է, ում հետ «Հայերն այսօր»-ի համար ունեցած հարցազրոյցիս ընթացքում, այս էլ որերոդ անգամ, համոզուեցի, որ աշխարհով մէկ սփռուած հայե՛րն են մեր մոլորակի գեղեցիկ գոյները:

-Տիկի՛ն Ֆիրա, բարով էք եկել Հայրենիք. կարծեմ`«բերքառատ»է Ձեր աշունը` հեքիաթների երեք նոր հատորեակ. խօէք, խնդրեմ, այդ մասին:

-Ողջունում եմ Հայաստանում ապրող իմ բոլոր հայրենակիցներին եւ ամերիկաբնակ հայութեան կարօտն եմ փոխանցում Հայրենիքում ապրելու երջանկութիւնն ունեցող հայերին: Շնորհակալ եմ ՀՀ սփիւռքի նախարարութիւնում, մասնաւորապէս` «Հաերն այսօր»-խմբագրութիւնում հիւրընկալուելու եւ հարցազրոյցի հրաւիրուելու համար: Յիրաւի, բերքառատ է իմ աշունը. ես ինձ հետ բերել եմ հերթական գրքերս` հեքիաթների երեք հատորեակը, որոնցում զետեղուած են 60 բազմազան` իրապատում եւ հրաշապատում հեքիաթներ: Իրապատում հեքիաթներումս կան իրական դէպքերի հիման վրայ ստեղծուած գործեր: Ապրելով իրական կեանքում` ես ինձ զգում եմ հեքիաթների աշխարհում, ուր միշտ յաղթում է բարին:

-Տիկի՛ն Ակեան, բոլորս էլ գիտենք, որ, սովորաբար, հեքիաթներ կարդում են փոքրերը. մեծերին հետաքրքրու՞մ են Ձեր հեքիաթները:

-Ինձ համար հաճելի հարց է, որովհետեւ իմ հեղինակային «Ծիր կաթին» հաղորդումների ընթացքում ես դիմում եմ եւ՛ փոքրերին, եւ՛ մեծերին` ասելով` իմ սիրելի՛ փոքրիկներ ու սիրելի՛ մեծիկներ…մեծերը երեխաների համար պէտք է կարդան յատուկ առոգանութեամբ, զգացմունքայնութեամբ, որը շատ կարեւոր է երեխաներին հեքիաթի ամբողջ իմաստը, կարեւորութիւնը փոխանցելու համար. եթէ մեծերն անգամ յատուկ կերպով չորոշեն կարդալ այդ հեքիաթները, ապա, իրենց երեխաների համար կարդալով, իրենք էլ, ինքնաբերաբար, դառնում են իմ հեքիաթների ընթերցողները: Այո՛, կարդու՛մ են նաեւ մեծերը, որովհետեւ աւելի հասուն տարիքում մարդիկ ամէնից շատ կարիք ունեն հեքիաթների, բարութեան, խաղաղութեան, աւելին` մեծերի հոգում միշտ ապրում է մանուկը:

-Յարգարժա՛ն հայուհի, իսկ ինչու՞ որոշեցիք դառնալ հէ՛նց մանկագիր եւ ոչ թէ` բանաստեղծուհի, վիպասան…

-Դա էլ ունի իր նախապատմութիւնը. դեռ փոքր հասակից սիրել եմ նկարել, կտրատել գոյնզգոյն թղթեր, դրօշակներով, խաղալիքներով «դպրոց» էի ստեղծում ինձ համար, պոկում էի մայրիկիս մարգարտաշարը, կտորներ էի կտրատում, շորեր յօրինում, մարգարտի հատիկներն օգտագործում իմ երեւակայութեան արդիւնք հագուստների վրա…կարդում էի հայ եւ համաշխարհային մեծանուն մանկագիրների գործերը, յետոյ սկսեցի նաեւ ինքս գրել: Մի օր հայրս ասաց, որ ես պէտք է դադարեմ կարդալ այդ հեքիաթներն ու գրել…չհասկացայ…ամբողջ գիշեր արտասուեցի: Մէկ տարի անց, մի քիչ երկմտելով, հօրս ցոյց տուեցի նոր գրածներս, եւ նա ասաց` դու արդէն կարո՛ղ ես շարունակել, դու արդէն Ֆիրա Ակեանն ես: Հօրս գնահատականն ինձ համար շատ կարեւոր էր, որովհետեւ նա գրականութեանը, գրքերին մօտ կանգնած մարդ էր, Եղիշէ Չարենցի ընկերներից է եղել, մեծ գրողը բանտից հօրս նամակներ է գրել…հայրս ինձ շատ ոգեւորեց, եւ ճանապարհներն ինձ յաւերժ կապեցին հեքիաթի աշխարհին: Ի հարկէ, կար նաեւ ի վերուստ տրուած շնորհը, որի համար երախտապարտ եմ Արարչին: Ասեմ, որ մանուկների համար գրելը շատ աւելի դժուար է:

-Դուք նաեւ Ամերիկայի հայ գրողների միութեան փոխնախագահն էք, գրում էք, տիկնիկներ ստեղծում, երգեր յօրինում, հաղորդումներ վարում, Ձեր հեքիաթների հիման վրայ բեմադրութիւններ պատրաստում, մասնակցում բազմաթիւ միջոցառումների, «Ծիր կաթին» մանկական թերթը ղեկավարում. ինչպէ՞ս էք հասցնում այդ ամէնը, օրը դա՞ր է Ձեզ համար…

-Շատ հետաքրքիր, կարեւոր հարցադրում արեցիք. այո՛, ժամանակի առումով օրը դա՛ր է ինձ համար, մէկ օրում ես «դարաչափ» գործ եմ անում, հասցնում եմ ամէն ինչ, չեմ յոգնում, որովհետեւ այն ամէնն, ինչ անում եմ, սիրո՛վ եմ անում. աշխարհում իմ սիրելի աշխարհը դա՛ է: Աւելի մաքուր, աւելի գեղեցիկ աշխարհ` քան մանուկների աշխարհն է, չկա՛յ, դա՛ է մեր մոլորակի անեղծ օազիսը: Ինչ վերաբերում է Ամերիկայի գրողների եւ լրագրողների միութեանն, ասեմ, որ այն ղեկավարում է մի հրաշալի մտաւորական` Վազգէն Վանատուրը. մեր միութիւնը երկու տարում ահռելի աշխատանք է կատարել: Ունենք երկու ամսագիր, երկու հաղորդաշար, մէկ լրագիր, կարողանում ենք օգնել Ջաւախքին:

-Տիկի՛ն Ֆիրա, Դուք մասնակցել էք նաեւ գրողների համագումարին. եղա՞ն քննարկուող հարցեր, որոնց շուրջ հաւաքուած գրողները հանրագումարի եկան:

-Այո՛, բարձրացրեցինք մի շարք կարեւոր հարցեր, որոնցից մէկը յաջորդ համագումարին աւելի շատ երիտասարդ գրողների ընդգրկելն է, ինչպէս նաեւ` անապահով, անվճարունակ գրողների գրքերի լոյս ընծայման գործին աջակցելը: ՀՀ գրողների միութեան յարգարժան նախագահ պարոն Միլիտոնեանը նոյնպէս համամիտ էր, կարծում եմ` ժամանակի ընթացքում, գոնէ մինչեւ յաջորդ համագումար, այդ հարցերը լուծուած կը լինեն: Ցաւօք, լինում են դէպքեր, երբ աւելի տաղանդաւոր գրողի գործերն այդպէս էլ մնում են անտիպ, որովհետեւ գումար չունի հրատարակման համար, իսկ կան նաեւ շատ դէպքեր, երբ պակաս շնորհալի կամ էլ ` պարզապէս անտաղանդ մէկը տասնեակ գրքեր է հրատարակում, որովհետեւ փող ունի…այս մասի՛ն է պէտք մտածել:

–Ձեզ ճանաչու՞մ են ուրիշ երկրներում:

-Բարեբախտաբար, ճանաչու՛մ են. իմ երգերը կատարում են Միացեալ Նահանգների հայ երեխաները, լիբանանցի հայ երգչուհի Մագին, Հայաստանի տարբեր դպրոցների աշակերտները, ում կը տեսնէք գրքերիս շնորհանդէսի միջոցառման ընթացքում: Ես ինձ ծովի մէջ մի կաթիլ եմ համարում եւ երջանիկ եմ, որ իմ մի կաթիլով եւս ծփում է ծովը:

-Ձեր գրքերը նուիրու՞մ էք, թէ՞ դրանք վաճառքի են հանւում:

-Հեքիաթը չեն վաճառում, այն պէտք է նուիրել, ու ես նուիրում եմ: Ես հարիւրաւոր գրքեր եմ նուիրել Հայաստանի տարբեր մարզերի, գիւղերի երեխաներին: Գրքիս շնորհանդէսին մասնակցող բոլոր երեխաները եւս կը ստանան իմ գրքերից:

-Ձեր մանկական ստեղծագործութիւնները, հանելուկները, ասացուածքները ներառուե՞լ են արդեօք հայաստանեան դպրոցների ծրագրերում:

-Այո՛, «Մանկան պարտէզ» գիրքը ներառուած է դպրոցական ծրագրերում:

-Ձեր գրքերից նուիրե՞լ էք Արցախի երեխաներին:

–Գրողների միութեան համագումարի ընթացքում գրքերիցս նուիրեցի Արցախի գրողների միութեան նախագահ Վարդան Յակոբեանին, ում միջոցով Արցախի մանուկները եւս կը կարդան դրանք:

-Հասանք մեր հարցազրոյցի վերջնակէտին. Դուք մի քանի անգամ եղել էք նախարարութիւնում, Ձեզ այստեղ բոլորը ճանաչում են, սպասում…

–ՀՀ սփիւռքի նախարարութիւնն ինձ համար հարազատ տուն է, ներսի մարդիկ` հարազատներ, ում շատ կարօտում եմ. շատ բարձր եմ գնահատում Սփիւռքի նախարարի աշխատանքը, նրա անսահման աշխատասիրութիւնը, ակտիւութիւնն ու նուիրումը` իրեն տրուած այդ մեծ առաքելութեան գործում:

-Ձեր սրտի խօսքն ու՞մ կը ցանկանաք յղել:

-Հայոց բանակին, մեր սահմանները պաշտպանող զինուորներին եւ շուտով մեր բանակի շարքերը լրացնել պատրաստուող իմ թոռնիկին` Միքայէլին. բարի՛ ծառայութիւն, հա՛յ զինուոր, բարի՛ վերադարձ տուն, մայրական գիրկ: Աստուած պահապա՛ն բոլոր տղաներին, ովքեր, Աստուած չանի, սակայն համոզուած եմ` մի րոպէում կարող են վերածուել առիւծների, եթէ նենգ թշնամին փորձի ոտնձգութիւն անել մեր սահմանների հանդէպ:

-Տիկի՛ն Ակեան, շնորհակալութիւ՛ն հարցազրոյցի եւ Սփիւռքում ծաւալած Ձեր հայրենանուէր գործունէութեան համար: Թո՛ղ Ձեր բարի հեքիաթներն ու երգերը, խօսուն տիկնիկներն աւելի գեղեցկացնեն մանուկների անեղծ մոլորակը:

Կարինէ Աւագեան

 

Scroll Up