Այսօր Սփյուռքում ո´չ թե արևմտահայերենի կորստի խնդիր ունենք, այլ՝ հայախոսության. Մհեր Կարագաշյան

Հոկտեմբերի 18-19-ը Բրյուսելում կայացած Եվրոպահայերի 4-րդ համագումարի առանցքում 4 կարևոր թեմաներ էին՝ Հայոց ցեղասպանության ճանաչման և հատուցման պահանջատիրական պայքար, Արցախի ժողովրդի ազատ ինքնորոշման իրավունք, Հայապահպանության խնդիրներ, Հայաստան-Եվրամիություն երկկողմանի հարաբերություններ:

Հայապահպանությանը նվիրված նիստին որպես բանախոս մասնակցող Մոնրեալի Ս. Հակոբ վարժարանի հայեցի դաստիարակության պատասխանատու Մհեր Կարագաշյանը ներկայացել էր կոնկրետ առաջարկով՝ ստեղծել հայկական համացանցային դպրոց, ինչի շուրջ, և ո´չ միայն, ծավալվել է «Հայերն այսօր»-ի հարցազրույցը:

– Պարո´ն Կարագաշյան, հայապահպանությանը նվիրված նիստի ընթացքում ի՞նչ հարցեր քննարկվեցին և ի՞նչ եզրահանգումներ արվեցին:

«Հայապահպանությունը` գոյատևման հիմնական ազդակ» կլոր-սեղանի ընթացքում քննարկվեցին հետևյալ հարցերը. «Համայնքային կազմակերպության կշիռը ինքնության պահպանման և պահանջատիրության պայքարի մեջ» թեմայով բանախոսեց Հունաստանի Հայ կապույտ խաչի Լևոն և Սոֆիա Հակոբյան Ազգային վարժարանի նախկին տնօրեն  Միհրան Քյուրդօղլյանը, «Արևմտահայերենի գործածության իրավիճակը Եվրոպայում և վերջինիս պահպանման անհրաժեշտությունը» թեման լուսարձակի տակ առավ Փարիզի «Հրանտ Դինք» վարժարանի մանկավարժական բաժնի պատասխանատու Կարապետ Դաքեսյանը:

Իմ ներկայացված նյութը «Հայեցի դաստիարակության ներկայի մարտահրավերները՝ տանից մինչև դպրոց, դասական մամուլ ու համացանց» թեմայի շուրջ էր: Նշեմ նաև, որ կլոր-սեղանի զրուցավարն էր Համազգային կրթական և մշակութային միության Կենտրոնական վարչության ատենապետ Մկրտիչ Մկրտիչյանը, որը բավականին ամփոփ, ճշգրիտ և դիպուկ պատմական ակնարկով ներկայացրեց հայապահպանության հարցերը:

Այս նյութի շրջանակներում, դժբախտաբար, մնայուն օրակարգի վրա են Սփյուռքի այլևս ո´չ թե դանդաղ, ինչպես հաճախ ենք ասում, այլ արդեն բնականոն մաշումը: Սփյուռքի համայնքներում ինքության կորուստը, նոր սերնդի մոտ հայախոսության և հայերենի իմացության չգոյությունը և հայապահպանության հետ առնչվող այլ խնդիրներ ահազանգ են, որոնք ուղղակիորեն սպառնում են, որ մի օր Սփյուռքը այլևս կարող է գոյություն չունենալ:

Թեև կլոր-սեղանի նյութերից մեկը արևմտահայերենի կորստին, վտանգված լինելուն էր առնչվում, սակայն որպես եզրահանգում, սա նաև իմ անհատական մոտեցումն է, հնչեց այն միտքը, որ այսօր մենք Սփյուռքում ո´չ թե արևմտահայերենի կորստի խնդիր ունենք, այլ ընդհանրապես՝ հայախոսության: Եվ դժբախտաբար, այս ամենի առաջ առնելու մեր ունեցած գործիքները, զինանոցը բավարար չեն:

– Պարոն Կարագաշյան, կխնդրեի՝ ներկայացնել Ձեր ելույթի հիմնական շեշտադրումները:

– Ցեղասպանությունից հետո անցնելով մոտ 100-ամյա ճանապարհ, թեևակոխեցինք 21-րդ դար: Հատկապես Միջին Արևելքի հայկական համայնքներում հայապահպանության հստակ մոդելներ էին ստեղծվել՝ տուն-դպրոց-եկեղեցի-ակումբ-հայկական կենտրոն, Լիբանանում, Սիրիայում նաև հայկական թաղամասեր, հայախոս և հայաբնակ բնակավայր, ինչպես օրինակ՝ Այնճարը, որոնք հսկայական գործ են արել և դեռ շարունակում են արդունավետ կատարել: Սակայն այսօր մենք ունենք նոր իրականություն: Նույնիսկ այս մոդելը, որը որոշ չափով փոխադրվեց նաև Արմուտք, այլևս բավարար չէ, շատ քիչ հասանելիություն ունի:

Միջին Արևելքի համայնքներում և Արմուտքում ձևավորված Հայկական սփյուռքում հայպահպանության, հայախոսության, ինքնության պահպանման զարգացումները բոլորովին հակոտնյա էին: Եթե Միջին Արևելքի երկրներում հայկական դիմագիծը պահպանելու առումով ամեն ինչ հստակ էր, ապա Արևմուտքում գոյություն ունեցող իրականությունը բոլորիս է հայտնի՝ կարծես կանգնած ենք հսկայական ամայության առաջ՝ հայկականության, ազգային դիմագծի առումով:

Այս ամենին գումարվեց նաև Խորհրդային Միության փլուզումից հետո հետխորհրդային երկրներում կազմավորված հայկական համայնքների դիմագրաված մարտահրավերները:

Խնդրին առնչվող բոլոր փաստարկները, ինչպես և Հայաստան-Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովի ժամանակ, ներկայացրի թվերի լեզվով:

Թվերը, թերևս, ամենախոսունն են այս պարագայում: Թվեմ մի քանի օրինակ:

ՀՀ սփյուռքի նախարարության տվյալներով Ռուսաստանում գործում է մոտ 200 մեկօրյա կրթօջախ: Եթե դպրոցներից յուրաքանչյուրը լավագույն պարագայում 50 աշակերտ ունենա, ինչը 10 000 է կազմում, 2-2,5 միլիոն հայ բնակչության համար տխուր պատկերը է ներկայացնում, նման թվերով ոչինչ չես կարող անել:

Ամերիկայի Միացյալ Նահանգների Արևմտյան ափի հայկական վարժարաններ հաճախող աշակերտների թիվը, ըստ տեղական հայ մամուլի հրատարակած տվյալների, հասնում է 6000-ի, այն դեպքում երբ օտար կրթական հաստատություններ հաճախում են 50 000 հայ աշակերտ: Ամերիկահայերի թիվը շուրջ 1, 5 միլիոն է, իսկ երկու ափերի ամենօրյա վարժարանների թիվը միայն  26-ն է:

Ֆրանսիայում տարբեր տվյալներով բնակվում է 400 000-ից մինչև 500 000 հայ: Գործում է 7 ամենօրյա վարժարան, որոնցից 5-ը նախակրթարան են, մեկը՝ միջնակարգ, և միայն մեկն է երկրորդական՝ Մարսելի Համազգայինի ճեմարանը: Հայ աշակերտների թիվը մոտ  60 000 է, և միայն 1500-ն է հաճախում հայկական վարժարաններ:

Մտահոգիչ պատկեր, և այստեղ է, որ հարց է առաջանում՝ ի՞նչ պետք է անենք ապագայում, ինչպե՞ս պետք է պահպանենք հայկական ինքնությունը, ի՞նչ եղանակով ենք հայապահպանություն քարոզելու: Նման թվերով անկարելիության առաջ ենք հասնելու՝ սպասարկելու հայ աշակերտներին: Բնական է, եթե հայկական վարժարաններ չհաճախեն ու նախընտրեն օտար դպրոցները, այստեղ է, որ ինքնաբերաբար Սփյուռքը կսկսի մաշել: Ինչքան էլ ընտանիքը ջանք թափի, օտար միջավայրը, տիրապետող մշակույթը, լեզուներն իրենց ազդեցությունը կգործեն: Հնարավոր է, որ այդ մթնոլորտում մեծացող երիտասարդը կունենա պատկանելիության զգացում, ինքնության դիմագիծ, բայց հաջորդ սերունդները դա չեն կարող պահպանել: Եվ 50 տարվա ընթացքում այդ մաշումը բավականին արագ կընթանա:

– Պարո´ն Կարագաշյան, որպես ելք՝ Դուք բարձրաձայնում եք համացանցային դպրոցի գաղափարը:

– Այո´, և չեմ ուզում միայն ախտանշումներ անել: Ինչպես Հայաստան-Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովի ժամանակ հնչեցրի, մենք այսօր կարիք ունենք մասնագիտական, լուրջ ուսումնասիրված, կազմակերպ հայկական համացանցային դպրոցի, որի դասընթացներին կարող են հետևել մանկապարտեզի տարիքից մինչև ավարտական դասարանի աշակերտները:

Առաջարկը պարզ, սիրողական նյութ չէ, այլ լուրջ քայլ՝ համացանցային դպրոց, որի ամենամեծ առավելությունն այն է, որ սահմաններ չի ճանաչում:

Որպես նախատիպ ունենալով ՀԲԸՄ-ի Վիրտուալ քոլեջը, կարող ենք ստեղծել համացանցային դպրոց, որը թեև պատեր, դասարաններ, գրասեղաններ չի ունենա, սակայն կունենա ուսումնական համակարգված դասապրոցես, որը տեղի կունենան վիրտուալ իրականության մեջ:

Բավականին մեծ ծրագիր է, հետևաբար առաջարկս է, որ բոլորիս ուժերի լարումով լինի՝ պետություն, եկեղեցի, կրթական, մշակութային կառուցներ: Բոլորս պետք է կենտրոնացնենք մեր ուժերը և անհրաժեշտության դեպքում ստեղծենք հանձնախումբ, որը նախևառաջ գոյություն ունեցող թվերի հիման վրա ուսումնասիրություններ, հետազոտություններ կկատարվի: Եթե, իհարկե, օգտակար կգտնեն և կհամաձայնեն նման իրականության հետ հաշտվել:

Բնական է, որ գաղափարը կարող է նաև հարցադրումներ առաջացնել, օրինակ՝ եթե ստեղծենք, արդյոք բոլորը կցանկանա՞ն մասնակցել: Հարց, որին հստակ չենք կարող պատասխանել և հավանաբար բոլորին էլ չենք կարող հավաքագրել: Բայց եթե չստեղծենք, ապա հայկական դպրոցների գոյություն ունեցող պակասը այդպես էլ կմնա չլուծված: Իսկ եթե ստեղծենք, ժամանակի ընթացքում այն կարող է նոր թափ հավաքել: Որքան շատ մարդ միանա այս դպրոցին, կարող ենք միայն շահել: Բեռլինում, Կալկաթայում, Սիդնեյում ապրող հայ աշակերտը կարող է լիարժեք հայկական կրթություն ստանալ, եթե մենք կարողանանք ամեն ինչ ճիշտ հիմքների վրա դնել:

Հաճախ տրվող հարցերից է նաև՝ վիրտուալ դպրոցը ոգի և շունչ կարո՞ղ է փոխանցել: Պատասխանս փոխանցեմ մի պարզ օրինակով: Ժամանակին  թատրոնից դեպի կինո անցումը բավակսնին աղմուկ բարձրացրեց: Շատերն էին թերահավատ, կարո՞ղ է արդյոք «սառը» ֆիլմը փոխանցել թատրոնի մարդկային տաք շունչը, ոգին: Ժամանակը ցույց տվեց, թե ֆիլմերն ինչպես կարող են հուզել, ապրումներ փոխանցել մարդկանց, հանդիսատեսին:

Նույն է նաև դպրոցի պարագայում, եթե կարողանանաս ստեղծել դասարան, որտեղ բոլոր դասերը փոխներգործող՝ ինտերակտիվ կլինեն, ֆիզիկական ներկայության խնդիրը  խոչընդոտ լինել չի կարող:

– Պարո´ն Կարագաշյան, որքանով է Ձեր առաջարկած ծրագիրը իրատեսական և ի՞նչ է պետք, որպեսզի այն հնարավոր լինի իրագործել:

– Եթե մտածենք՝ իրականալի է, թե՝ ոչ, ոգի, շունչ կարող է փոխանցել, թե՝ ոչ, միայն կփնտրենք պատճառաբանություններ՝ ոչինչ չձեռնարկելով: Իսկ ոչինչ չանելով՝ կունենանք այն պատկերը, ինչն ունենք այսօր: Սակավաթիվ կրթական հաստատություններ, որոնք մեր կարիքները չեն կարող բավարարել: Այս ամենից հետո անլուրջ է առավոտից իրիկուն հայապահպանության մասին գեղեցիկ ճառեր ասել:

Եթե լուրջ ճամփա պիտի ելնենք կրթական օջախներ ստեղծելու համար, իբրև նմանօրինակ գաղափարի այընտրանք, ապա յուրաքանչյուր համայնքում հարյուրավոր վարժարաններ պիտի ստեղծենք. մի՞թե կարո՞ղ ենք կամ հնարավո՞ր է: Սա ոչ միայն անիրականալի է, մեծածախս, ֆինանսական լուրջ ներդրումներ պահանջող, այլև ռեսուրսներ չունենք այդ ամենը իրականացնելու:

Փոխարենը՝ համացանցային վարժարանը քո առջև լայն հնարավորություններ է ստեղծում և մեկ վարժարանով տալիս բոլոր հարցերի պատասխանը: Մեր տրամադրության տակ են նաև տեղեկատվական տեխնոլգիաները, որոնք օրեցօր զարգանում են և նոր հեռանկարներ բացում: Եթե այս ամենն ի օգուտ մեզ օգտագործենք, եթե ժամանակին համընթաց քայլենք ու պարբերաբար թարմացնենք մեր պարունակությունը, հասնալիության միջոցներն ու մեթոդները, կարծում եմ՝ մեր բոլոր խնդիրների պատասխանը կունենանք:

– Եվ վերջին հարցը. պարո´ն Կարագաշյան, հայապահպանությունը ինչի՞ց պետք է սկսել (նկատի ունենալով Ձեր փորձառությունը` որպես մանկավարժ և մարդ, որն ապրում է Սփյուռքում):

– Ամենից առաջ հայապահպանությունը սկսվում է տանից, ընտանիքից, ընդլայնված ընտանիքից՝ հայր, մայր, մեծ ծնողներ, ազգականներ, բարեկամներ, շրջապատից, տան մեջ տիրող հայկական մթնոլորտից, տան մեջ արծարծվող ազգային զգացողություն ունեցող նյութերից, ինչը հանգեցնում է լեզվի խնդրին: Ես այն մարդկանցից եմ, որոնք տակավին ամուր կառչած են լեզվին, որոնք համարում են, որ հայ լեզուն հայապահպանության առանցքն է: Դասական առումով՝ լեզուն է, որ լեզվամտածողության է ստեղծում, իսկ լեզվամտածողությունը՝ հոգեկերտվածք: Սակայն այսօր մենք ունենք նաև մեկ այլ իրականություն և պետք է մտածենք այլ միջոցների մասին: Եթե Սփյուռքում ապրող 4-րդ, 5-րդ սերնդի երիտասարդի ծնողները հայախոս չեն, շրջապատում հայկական դպրոց չկա, մեծ ծնողները ներկայություն չեն նրա կյանքում, այդ երիտասարդի ինքնությունը չես կարող խարսխել լեզվի վրա: Հետևաբար, պետք է մտածես մնացած բաղադրիչների մասին, պիտի փորձես այդ «բացը» լրացնել մշակույթով, հայկական երգով, պարով, խոհանոցով, այդ ամենին ավելացնես նաև հայկական «ակտիվիզմը»: Կամաց-կամաց, քայլառքայլ այս բաղադրիչներով կսկսես քարոզել այն, ինչը կոչվում է ազգային դիմագիծ:

Օրինակ՝ Եվրոպայում, հատկապես՝ Ամերիկայում, մենք այսօր Հայ դատի աշխատանքներին լծված շատ երիտասարդներ ունենք, որոնք այս կամ այն պատճառներով հայախոս չեն: Սակայն հոյակապ գործ են կատարում, շատ դեպքերում նույնիսկ հայախոս հայերից ավելի հայրենասեր, ազգասեր են ու անում են հնարավոր ամեն ինչ մեր դատը, մեր երազները տեղ հասցնելու և ի կատար ածելու համար:

Այս ամենը մեզ հուշում են, որ որքան էլ կառչած մնանք լեզվի գաղափարով հայապահպանությունը հիմնավորելու խնդրին, այդքան էլ պետք է բաց լինենք պրպտելու, փնտրելու այլազան մոտեցումներ, որպեսզի կարողանանք մարդկանց պահել հայկականության շրջանակներում:

Այս առումով Հայաստանի և Արցախի անկախությունը, մեր երկու հանրապետությունների ներկայությունը շատ մեծ դեր ունեցավ մեր կյանքում և տակավին պետք է ունենա: Հետևաբար, Հայաստանի և Արցախի հետ անմիջական կապը շատ բան կարող է փոխել: Դեպի հայրենիք մեկ այցելությունն անգամ նվազագույն կորիզ ունեցող հայի մեջ շատ բան կարող է փոխել:

Երկրորդ՝ ժամանակն ինքնին ընթանում է այն ուղղությամբ, որ հայության օրը մոտենում է իր արշալույսին: Շատերն են կրկնում այս թռիչքաձև, գեղեցիկ խոսքը: Ես նույնպես հավատում եմ, որ մենք ոչ շատ հեռու ապագայում պետք է ունենանք ամբողջական ծաղկումը մեր ունեցած ստեղծագործ աշխարհի: Անգամ աշխարհը դեմ հանդիման դուրս կգա հայկական ալիքին: Եվ այդ ընթացքում է, որ մենք կտեսնենք հայկականության վերազարթոնքը հայկական շատ կորսված համայնքներում, սերունդների հոգիներում:

Բայց չպետք է այս հեռանկարով առաջնորդվել, պետք է կոնկրետ քայլեր ձեռնարկել:

Այս իմաստով մեր դարաշրջանի տեմպին համընթաց, առաջախացման ալիքի վրա պետք է լուծումներ որոնենք: Եթե մինչ այսօր մեր ունեցած միջոցները մեզ հասցրել են 21-րդ դար, այսուհետ ինքներս պետք է գտնենք նոր ձևեր, որոնք առավել արդյունավետ կլինեն: Այդ հարցում մեր ամենամեծ դաշնակիցը կարող են լինել համացանցային տեխնոլոգիաները: Սփյուռքի պարագայում մենք կարող ենք այն զենքի վերածել, հայապահպանության յուրատեսակ ազդակի:

Մեզ մնում է ընդամենը ոստում կատարել: Մեր հասած ճանապարհից դիմացի ճամփան թռիչքով հասնելու որոշումը կայացնել և անցնել գործի:

Զրուցեց Լուսինե Աբրահամյանը

 

Scroll Up