Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հանդիպումը Կիպրոսի ներկայացուցիչների պալատի նախագահի հետ
Հոկտեմբերի 20-ին Կիպրոսի ներկայացուցիչների պալատում տեղի է ունեցել ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հանդիպումը Ներկայացուցիչների պալատի նախագահ Դեմիտրիս Սիլլուրիսի հետ: Ներկա է եղել նաև Կիպրոսի ներկայացուցիչների պալատում հայ համայնքի պետական ներկայացուցիչ Վարդգես Մահտեսյանը:
Հանդիպման ընթացքում նախարար Հրանուշ Հակոբյանը նշել է, որ Կիպրոսում հայ ինքնության պահպանման գործում մեծ է Կիպրոսի իշխանությունների և ժողովրդի դերը, որ նրանց բարեկամական վերաբերմունքի շնորհիվ հայ համայնքը կարողացել է գոյատևել՝ պահպանելով իր ազգային նկարագիրը, լեզուն, մշակույթը և այժմ էլ շարունակում է ապրել և բարգավաճել:
Նախարարը փոխանցել է նաև Հայաստանի կառավարության գոհունակությունը՝ հայ համայնքի հանդեպ ցուցաբերվող ուշադրության և պետական հոգատարության համար, ինչի շնորհիվ պահպանվում են հայ-կիպրական հոգևոր-մշակութային դարավոր ժառանգությունն ու ավանդույթները, ֆինանսավորվում են կրթամշակութային ծրագրերը և համայնքային կառույցների գործունեությունը:
Նախարարն իր խոսքում ողջունել է նաև 2015թ. Կիպրոսի օրենսդիր մարմին՝ Ներկայացուցիչներ պալատի կողմից Հայոց ցեղասպանության ժխտողականությունը քրեորեն պատժող օրենքի ընդունումը՝ նշելով, որ այս քայլով Կիպրոսը լուրջ մարտահրավեր նետեց ժխտողականությանը և հավատարիմ մնաց համամարդկային արժեքներին և սկզբունքներին: