Սփյուռքի նախարարը հանդիպեց Գրողների համահայկական 6-րդ համաժողովի մասնակիցների հետ

Հոկտեմբերի 12-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Գրողների համահայկական 6-րդ համաժողովի մասնակից սփյուռքահայ հայագիր և օտարագիր գրողներին՝ Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանի գլխավորությամբ:

Է.Միլիտոնյանը Սփյուռքի նախարարին ներկայացրեց հոկտեմբերի 8-12-ը Ծաղկաձորում կայացած համաժողովի արդյունքները՝ նշելով, որ անդրադարձ է կատարվել հայ գրականության արդի խնդիրներին:

Ողջունելով հյուրերին՝ Սփյուռքի նախարարը նշեց, որ հայկական մամուլն ակտիվորեն լուսաբանեց  համաժողովի աշխատանքները, ինչն էլ հայ հասարակությանը հնարավորություն ընձեռեց ծանոթանալ սփյուռքահայ գրողներին և նրանց ստեղծագործությանը: Նախարարը կարևորեց նաև օտար լեզվով հայ գրականությունն ու միտքը աշխարհին ներկայացնելու հանգամանքը: «Ժամանակակից հայ գրականությունը մեծ հարստություն է ստեղծել, որին պիտի հասու լինի ոչ միայն հայ, այլև օտարազգի ընթերցողը: Այս իմաստով շատ կարևոր է մեր օտարագիր գրողների դերը: Սփյուռքահայ գրողներից շատերը մասնակցեցին նաև Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովին, և այս երկու համաժողովները լավագույն հնարավորություն էին ինչպես գրող-ընթերցող, այնպես էլ հայաստանցի և սփյուռքահայ գրողների միջև նոր կապերի ստեղծման համար», – նշեց նախարարը:

Սփյուռքի նախարարը հավելեց, որ հայ գրողներն են մտավորականության զարդը, քանի որ նրանք ոչ միայն ստեղծում են նոր գործեր, այլև մայրենի լեզվի կրողներն ու պահապաններն են օտար երկրներում:

Բարձր գնահատելով ամիրիկահայ գրող, թարգմանիչ և խմբագիր Սարգիս Վահագնի՝ Սփյուռքում հայ մշակույթի տարածմանը նպաստող գործունեությունը և ստեղծագործական գործունեությամբ Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացմանը բերած ավանդը՝ նախարար Հրանուշ Հակոբյանը պարգևատրեց նրան Սփյուռքի նախարարության «Վիլյամ Սարոյան» մեդալով:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և պարգևի համար՝ Սարգիս Վահագնը նշեց, որ հպարտանում է Սփյուռքի նախարարության գործունեությամբ:

Վրաստանում հայ գրողների «Վերնատուն» միության նախագահ, վրաց խորհրդարանի նախկին պատգամավոր Ժորա Սնխչյանն ընդգծեց, որ Սփյուռքի նախարարության հետ ակտիվ համագործակցության արդյունքում միությունը կարողանում է արագ լուծել իր խնդիրները:

Իրանահայ գրող Վարանդն իր ստեղծագործությունների վերջին ժողովածուն նվիրելով Սփյուռքի նախարարին՝ նկատեց, որ համաժողովի ձևաչափով հանդիպումները գրողներին լավագույն հնարավորություն են ընձեռում միասին աշխատելու, համատեղ գրական-մշակութային ծրագրեր մշակելու և իրագործելու:

Ռումինահայ գրող Մադլեն Գարագաշյանը շեշտեց, որ «Արի տուն»-ը լավագույն հայադարձության  ծրագիրն է, և այս տարի իրենց համայնքից ծրագրին մասնակցած երկու աղջնակ վերադարձել են Ռումինիա ու ակտիվորեն ներգրավվել համայնքում իրականացվող հայապահպանական ծրագրերին, հանդես են գալիս հետաքրքիր նախաձեռնություններով:

Լիբանանահայ գրող, հրապարակախոս Խաչիկ Դեդեյանն իր հերթին շնորհավորեց Սփյուռքի նախարարին՝ վերջերս տպագրած «Հայկական Սփյուռքը հարափոփոխ աշխարհում» հանրագիտարանային նշանակություն ունեցող աշխատության համար՝ նշելով. «Տիկի՛ն Հակոբյան, Դուք նույնպես գրում ու ստեղծագործում եք, և մենք ուրախ ենք, որ Սփյուռքի բոլոր համայնքներին վերաբերող Ձեր գիրքն այսուհետև պիտի օգնի մեզ բազում հարցերի լուծումները գտնելու ճանապարհին»:

Ամերիկահայ Ֆիրա Ակյանը նշեց, որ նախարարությունում ստացավ այն ջերմությունը, որն անհրաժեշտ է գրողին լավագույն զգացումներով լիցքավորվելու համար:

Քննարկվեցին առաջիկայում իրանահայ, վիրահայ, պոլսահայ գրողների օրերը Հայաստանում անցկացնելուն, ինչպես նաև երիտասարդ գրողների ընդլայնված խորհրդակցության կազմակերպմանը վերաբերող հարցեր:

Հանդիպման ավարտին Սփյուռքի նախարարը գրողներին նվիրեց «Գրական Սփյուռք 2016» տարեգիրքը:

Scroll Up