Սփյուռքի նախարարն ընդունեց Բուլղարիայի Հայոց թեմի առաջնորդին և «Երևան» թերթի գլխավոր խմբագրին

Հոկտեմբերի 6-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Բուլղարիայի Հայոց թեմի առաջնորդ Տեր Իսահակ վարդապետ Պողոսյանին և Բուլղարիայի ամենահին «Երևան» հայալեզու թերթի գլխավոր խմբագիր, Բուլղարիայում Հայ Դատի համանախագահ  Վարդանուշ Թոփաքաշյանին:

Ողջունելով հյուրերին՝  Սփյուռքի նախարարը բարձր գնահատեց նրանց համայնքային ակտիվ, հայապահպան գործունեությունը: «Հայաստանի հզորացումը, Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը, Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը, հայապահպանությունը, եկեղեցու շուրջ համախմբումը, սիրիահայերի խնդիրները այսօր մեզ համար դարձել են համահայկական հիմնախնդիրներ, որոնց լուծման համար պիտի համախմբենք համայն հայության ներուժն ու հնարավորությունները: Այս ամենի համար նախևառաջ համախմբված և միասնական պիտի լինեն Սփյուռքի հայկական հազարավոր համայնքները, ուստի կոչ եմ անում ձեզ ճանաչել, վստահել միմյանց, համայնքից հեռացածներին նորից բերել դեպի հայկական միջավայր, ստեղծել ջերմ մթնոլորտ, հաճախ կազմակերպել հավաքներ, միջոցառումներ, հնչեցնել մայրենի լեզուն, հայկական երգն ու պարը»,-նշեց Հրանուշ Հակոբյանը: Նախարարը հյուրերին ներկայացրեց նաև Սփյուռքի նախարարության 2018 թվականի ծրագրերը. «Հաջորդ տարի մենք նշում ենք Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման և Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակը, և մեր բոլոր ծրագրերը նվիրված են լինելու հայոց հաղթական պատմության այս ընթացքին: Չեմ կարող չխոսել «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի մասին, որին նախորդ անգամ մասնակցեց շուրջ 1500 սփյուռքահայ աշխարհի  16 երկրից, մյուս տարի, վստահ եմ, մասնակիցների թիվն ու աշխարհագրությունն ավելի կընդլայնվեն: «Արի տուն», «Սփյուռք» ամառային դպրոց ծրագրերը ևս կշարունակեն իրենց առաքելությունը: Իսկ ահա մոտ ապագայում տեղի կունենա Սրտաբանության եվրակովկասյան համաժողովը, մեծ շուքով կնշվեն Մխիթարյան միաբանության 300 և «Բազմավեպ» հանդեսի 175-ամյակները:  Կհրատարակվի «Սփյուռք» տարեգիրքը, որը Հայաստան-Սփյուռք գործակցության արդյունքների յուրահատուկ ամփոփումն է: Հուսով եմ՝ մյուս տարի բուլղարահայ համայնքն առավել ակտիվ կմասնակցի նախարարության ծրագրերին»:

Հյուրերը շնորհակալություն հայտնեցին ջերմ ընդունելության համար և ներկայացրեցին Բուլղարիայի հայ համայնքի խնդիրները, դժվարություններն ու ունեցած հաջողությունները: ««Երևան» թերթը շարունակում է իր գործունեությունը, ունենք 1200 բաժանորդ: Փորձում ենք համայնքին տեղեկացնել Հայաստանի առօրյայի, հնարավորությունների, Արցախի մասին: Վերջերս պարզեցի, որ մեր թերթը հետևողականորեն ընթերցում է նաև Բուլղարիայում Ադրբեջանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանը, և բնականաբար, վատ է վերաբերվում մեր կողմից իրականացվող հայկական քարոզչությանը: Սերտորեն աշխատում ենք Բուլղարիայում ՀՀ դեսպանության հետ: Երկար ժամանակ է՝ Սոֆիայում գործում է հայկական մի շարք կազմակերպությունների և կառույցների համադրիչ խորհուրդը, որի հիմնական նպատակը համայնքային ներուժի համախմբումն է»,-նշեց Վարդանուշ Թոփաքաշյանը:

Տեր Իսահակ վարդապետ Պողոսյանն ընդգծեց, որ չնայած առկա դժվարություններին ու տարակարծություններին՝ համայնքային կյանքն ակտիվ է, և դրա ապացույցը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում կազմակերպված 35 միջոցառումներն ու ձեռնարկներն էին: «Հոկտեմբերի 3-ին Երևանում բացվեց բուլղարահայ նկարիչ Պետիկ Պետրոսյանի նկարների ցուցահանդեսը, որը կայացավ նկարչի զարմիկ Գևորգ Գրիգորյանի, ՀԲԸՄ-ի և Հայաստանի ու Սոֆիայի ազգային պատկերասրահների համատեղ ջանքերով: Այս առիթով Բուլղարիայից Երևան էր ժամանել 40 հոգուց բաղկացած պատվիրակների խումբը, որի կազմում էին բուլղարացի պետական ու մշակութային գործիչներ, հայ համայնքի ներկայացուցիչներ: Ես շատ ուրախ եմ, որ ցուցահանդեսի հետ մեկտեղ մենք Հայրենիք բերեցինք նաև բուլղարահայ համայնքի շունչն ու ոգին»,- նշեց Տեր Իսահակ վարդապետ Պողոսյանը:

Scroll Up