Աստվածահաճո նախաձեռնություն. բուլղարահայ երիտասարդ գործարարը Երևանում կազմակերպել է Պետիկ Պետրոսյանի նկարների ցուցահանդեսը
ՀՀ սփյուռքի նախարարությունում Բուլղարիայի Վառնա քաղաքից հյուրընկալված երիտասարդ հայ գործարար Գևորգ Գրիգորյանը մի գեղեցիկ առաքելությամբ է եկել Հայրենիք, այն է՝ բուլղարահայ նկարիչ Պետիկ Պետրոսյանի նկարների ցուցահանդեսի կազմակերպումը: Այդ առիթով «Հայերն այսօր»-ի համար մի փոքրիկ հարցազրույց ունեցա Գևորգի հետ, որը ներկայացնում ենք մեր ընթերցողների ուշադրությանը:
-Գևո՛րգ, Դուք գործարար եք, ի՞նչ առնչություն ունեք նկարիչ Պետիկ Պետրոսյանի նկարների ցուցահանդեսի հետ:
-Այո՛, ես գործարար եմ, աշխատում եմ «ԱԳՐԻՔ-Բուլղարիա» կազմակերպությունում, որի գործադիր տնօրենն եմ, արտադրում և արտերկիր ենք ուղարկում ցորեն, եգիպտացորեն: Ծնվել եմ Բուլղարիայում, Եղեռնից մազապուրծ հայերի սերնդից եմ: Նախնիներս Կայզերիից և Պոլսից են: Ծնվելով ու ապրելով Սփյուռքում՝ ես երբևէ չեմ մոռացել իմ ծագման, իմ արմատների մասին: Տարին երկու անգամ լինում եմ Հայաստանում: Ապրելով Վառնայում՝ մանուկ հասակում շատ եմ եղել Սիլիստրա քաղաքում և դպրոցական արձակուրդներս անցկացրել նկարիչ, մեծ մորս քրոջ ամուսնու՝ Պետիկ Պետրոսյանի տանը: Շատ տարիներ են անցել այդ երջանիկ օրերից, ու ես որոշել եմ Հայրենիքում կազմակերպել երջանկահիշատակ (1912-1989թթ.) Պետիկ Պետրոսյանի նկարների ցուցահանդեսը. դա մի տեսակ հոգու պարտք եմ համարում այդ մեծ մարդու և տաղանդավոր նկարչի հիշատակի հանդեպ: Մայրաքաղաքի ազգային պատկերասրահում՝ «Նավամատույցներ» խորագիրը կրող ցուցահանդեսում, կներկայացվեն Պետիկ Պետրոսյանի գեղանկարչական և գրաֆիկական 100 աշխատանքները, որոնք ներկայացնում են Հայաստանի, Սիլիստրայի, Բալչիկի, Դոբրուջայի, Պազարչիկի, Տուտրականի, Դոբրիչի գեղատեսիլ վայրերը: Դրանք բնանկարներ են, ծովային տեսարաններ: Ցուցադրվելու է նաև մեկ սրբապատկեր և եկեղեցու զարդապատկերների վերատպություններ: Ներկայացվող աշխատանքների շարքում ներառված են ընտանիքին պատկանող գործեր, Սոֆիայի պատկերասրահի, Սիլիստրայի, Վառնայի, Պլովդիվի և այլ քաղաքների պատկերասրահների հավաքածուներ:
– Պետիկ Պետրոսյանը, որքանով տեղյակ եմ, Սիլիստրայի հայկական եկեղեցու սրբապատկերների գծագրերի հեղինակն է, այդպե՞ս է…
–Այո՛, նա Սիլիստրա քաղաքի 1620-ականներին կառուցված հնագույն հայկական եկեղեցու պատերն է նկարազարդել 1941-ին: Արժանավոր հայորդու մոնումենտի փոքրիկ մոդելն առաջին անգամ պետք է ցուցադրվի Ազգային պատկերասրահում, որը բուլղարացի հայտնի քանդակագործ, պրոֆեսոր Գեորգի Ցըպկանովի գործն է, իսկ հաջորդ տարի Սիլիստրա քաղաքի պատկերասրահի առջև պետք է կանգնեցվի այդ արձանը, պատկերասրահն էլ պետք է կոչվի Պետիկ Պետրոսյանի անունով: Երեք լեզուներով ՝ հայերենով, անգլերենով, բուլղարերենով տպագրվել է նաև Պետիկ Պետրոսյանի նկարների ալբոմը, որը նույնպես կներկայացվի ցուցահանդեսի ընթացքում: Պետրոսյանը գրել է նաև ոտանավորներ, որոնք, սակայն, գրքի չեն վերածվել. դրանք էլ կցուցադրվեն, իսկ հետագայում կամբողջացնենք մի ժողովածուում և տպագրության կհանձնենք:
-Աստվածահաճո նախաձեռնությամբ եք հանդես գալիս՝ կազմակերպելով հայազգի նկարչի ցուցահանդեսը…Գևո՛րգ, երբ Հայաստան եք գալիս, առաջին հերթին ո՞ւր եք շտապում գնալ:
-Էջմիածի՛ն, Սու՛րբ քաղաք, Ուխտավա՛յր…Իսկ Սփյուռքի նախարարություն առաջին անգամ մտել եմ պատահաբար՝ առանց որևէ մեկին դիմելու…Հրաշալի ընդունելության արժանացա, ասես հարյուր անգամ այստեղ եղած լինեի: Երբ այս մասին պատմում եմ Բուլղարիայի իմ հարազատներին, ընկերներին ու ծանոթներին, զարմանում են…Միայն հարազատ օջախում կգտնես այսպիսի ջերմություն:
Զրուցեց Կարինե Ավագյանը