«Արցախ-2017» խորագրով բանակում Հորդանանում. լուսանկարներ

Ընդառաջելով ՀՀ սփյուռքի նախարարության «Դու ի՞նչ ես անում Արցախի համար»  համահայկական կոչին՝ Ամմանի ազգային մարզական միության սկաուտական հանձնախումբը որոշեց այս տարի բանակումն անցկացնել «Արցախ-2017» խորագրով, հավատալով, որ Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ուժով առավել կհզորանա Արցախը և կհաղթահարի բոլոր դժվարությունները:

Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում են կազմակերպիչները, հովանավորությամբ ԱՄՄ-ի վարչության և կազմակերպությամբ ԱՄՄ-ի սկաուտական հանձնախմբի՝ բանակումը տեղի ունեցավ սեպտեմբերի 1-3-ը՝ ԱՄՄ-ի բանակավայրում, որին մասնակցեց 42 սկաուտ:

Բանակումի ընդհանուր պատասխանատվությունը ստանձնեց ԱՄՄ-ի վարչական անդամ Հակոբ Հակոբյանը և Միության սկաուտապետ Ավետիս Յաղլյանը, որոնց աջակցեցին սկաուտական հանձնախմբի անդամները:

Եռօրյա բանակումի ծրագիրը հագեցված էր լայնածավալ աշխատանքներով՝ ֆիզիկական և դաշտային, հայկական երգով, պարով, խմբակային խաղերով, սկաուտական սարքավորումներ պատրաստելով և խարույկահանդեսի պատրաստության փորձերով, անշուշտ, միշտ հայկականությունն ու հայախոսությունը դարձնելով սկաուտական կյանքի կիզակետը:

Ստեղծագործ և հագեցած ծրագրերով մշակված այս բանակումն ավարտվեց սեպտեմբերի 3-ին՝ ավանդական խարույկահանդեսով, որի հայտագիրը սկսվեց ԱՄՄ-ի սկաուտների շքերթը՝ սկաուտական փողերախմբի հնչյունների ներքո, որոնք խումբ առ խումբ տողանցեցին բանակավայրում: Հայկական, հորդանանյան  և ԱՄՄ-ի սկաուտական դրոշակների հանդիսավոր արարողությունից հետո խանդավառ մթնոլորտում տեղի ունեցավ բանակումի ավանդական խարույկի հրավառությունը:

Հանդիսության բացումը կատարեց ԱՄՄ-ի վարչության ատենապետ Հակոբ Սերփեքյանը, որը նախ բարի գալուստ մաղթեց ներկաներին, ապա հատուկ գնահատանքի խոսք ուղղեց սկաուտական հանձնախմբի ղեկավարներին, որոնց ծավալած գործունեության պատճառով, երիտասարդության մոտ օրըստօրե բարգավաճում և զարգանում է հայկական դաստիարակությունը: Ապա խոսքը փոխանցվեց Սկաուտական հանձնախմբի ատենադպիր Թալին Հակոբյանին, որը ջերմորեն ողջունեց ներկաները, խոսեց հայ սկաուտի  Հայրենիքի, ազգի, Հայ եկեղեցու ու փառավոր մշակույթի հանդեպ դաստիարակության կարևորության մասին, նաև շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց, որոնք հավատալով Սկաուտական հանձնախմբի առաքելությանը՝ միշտ քաջալերում են հանձնախմբի գործունեությունները:

Այնուհետև տեղի ունեցավ սկաուտների կողմից պատրաստված գեղարվեստական գեղեցիկ հայտագիրը, որին մասնակցեցին սկաուտական բոլոր խմբերը, իրար հաջորդեցին պարեր, երգեր, որոնք արժանացան ներկաների բուռն ծափահարությանը: Ապա ներկաները մեծ պաստառի վրա դիտեցին բանակումի ընթացքում սկաուտների գործունեությունը արտացոլող տեսաերիզ: Խանդավառությունը և տոնական օրվա պարգևած ուրախությունն ակնհայտ էր ամենուրեք:

ԱՄՄ-ի սկաուտական տարեկան բանակումը և խարույկահանդեսն ավարտվեց Հոգեշնորհ Տեր Ավետիս Ծայրագույն Վարդապետ Իփրաջյանի օրհնության խոսքով և բարեմաղթանքներով՝ մասնակիցներին պարգևելով անմոռանալի ժամանակ՝ լի հետաքրքիր տպավորություններով, հաճելի հուշերով և նորանոր գիտելիքների մեծ վաստակով:

Scroll Up