«Երբևէ չեմ զղջացել բժշկի մասնագիտությունն ընտրելու համար». նորվեգաբնակ բժիշկ Հայրազատ Ղազարյան
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2017/08/բժիշկ1.jpg)
Սփյուռքի տարբեր երկրներում ապրող մեր շատ հայրենակիցներ իրենց մասնագիտական հմտություններով հաճախ են աչքի ընկնում տարբեր ոլորտներում՝ բարձր պահելով հայ ու Հայաստան անունները: Նրանցից մեկն էլ Նորվեգիայի Օսլո քաղաքում ապրող, ճանաչված երիտասարդ բժիշկ-վիրաբույժ, շուրջ 35 գիտական հոդվածների և 100 ռեֆերատների հեղինակ, բժշկական գիտությունների դոկտոր Հայրազատ Ղազարյանն է, ում հետ հարցազրույց ունեցա «Հայերն այսօր»-ի համար, որը ներկայացնում ենք մեր ընթերցողների ուշադրությանը:
-Բժի՛շկ Հայրազատ, պատմեք, խնդրեմ, Ձեր անցած ճանապարհի, մասնագիտական գործունեության և այն մասին, թե ինչպես հայտնվեցիք հեռավոր Նորվեգիայի թագավորությունում:
-Ծնվել եմ Երևանում. ընտանիքով տեղափոխվել ենք Մոսկվա, երբ ընդամենը 5 տարեկան եմ եղել: Մինչև 25 տարեկան դառնալս՝ ապրել եմ Մոսկվայում, բժշկական կրթություն ստացել տեղի Սեչենովի անվան բժշկական ակադեմիայում: 2003-ին գիտական թեզ եմ պաշտպանել՝ «Վերերիկամային հորմոնալ ակտիվ ուռուցքների լապարասկոպիկ և ավանդական վիրաբուժական մոտեցումների համեմատական գնահատականները» թեմայով: Հետագայում հրավերով տեղափոխվել եմ Օսլո, աշխատել տեղի համալսարանական հիվանդանոցում՝ որպես վիրաբույժ: Այնուհետև պաշտպանել եմ դոկտորականս և մնացել այնտեղ: Հիմնականում լապարասկոպիկ վիրահատություններ եմ իրականացնում, նաև ակադեմիկոսի գիտական աշխատանքներ եմ կատարում:
-Բարդ, հոգնեցուցիչ, մեծ պատասխանատվություն պահանջող աշխատանք է բժշկությունը. երբևէ չե՞ք զղջացել այդ մասնագիտությունն ընտրելու համար:
-Հիիրավի, ծանր և շատ պատասխանատու մասնագիտություն եմ ընտրել, սակայն կա նաև հարցի մյուս՝ մարդասիրական կողմը, այսինքն՝ դու գիտես, որ մարդկային կյանք ես փրկում: Երբևէ չեմ զղջացել այդ մասնագիտությունն ընտրելու համար:
-Ձեր աշխատանքային գործունեության ընթացքում ի՞նչն եք ավելի շատ կարևորում՝ վիրահատական միջամտություն իրականացնելու բուն ընթացքը՞, թե՞ հիվանդներին խորհուրդներ տալը, նրանց հուսադրելը…
-Երեքն էլ շատ եմ կարևորում, որովհետև կարծում եմ՝ բժիշկը հոգեբան է, բժիշկը հիվանդի լավագույն բարեկամն է:
-Ո՞րն է բարդ վիրահատության պատրաստվող հիվանդի հետ շփվելու ամենածանր պահը:
-Ամենադժվար պահը հիվանդին հոգեբանորեն բարդ վիրահատության նախապատրաստելն է, նրան հույս ու հավատ ներշնչելը, որին, առաջին հերթին, հե՛նց բժիշկը պետք է պատրաստ լինի:
-Որպես բժիշկ՝ Հայաստանի տարբեր քաղաքներում, գյուղերում, Արցախում երբևէ մասնակցե՞լ եք բարեգործական գործողությունների:
-Երկու տարի առաջ նորվեգացի գործընկերներիս հետ եկել էինք Հայաստան, վիրահատություններ իրականացրել և դասախոսություններ կարդացել՝ Բժշկական միջազգային օրերի շրջանակներում: Ցավոք, Արցախում չեմ եղել:
-Հայաստանը բժշկության՝ Ձեր ընտրած բնագավառում, նորարարական առումով շա՞տ է ետ մնում նորվեգական բժշկությունից, առհասարակ՝ միջազգային բժշկական հարթակում. եթե այո՝ որո՞նք են պատճառներն ըստ Ձեզ:
-Անկեղծորեն ասեմ՝ այդ մակարդակում՝այո: Իհարկե, դրա առաջին պատճառը տեխնիկական է, սակայն կան նաև այլ պատճառներ՝ մասնագետների պակաս, համակարգային ինչ-ինչ խնդիրներ, որոնք չեն նպաստում մասնագետների զարգացմանը: Իհարկե, կա՛ նաև որոշակի առաջընթաց:
-Պարո՛ն Ղազարյան, Օսլոյում Ձեզ ճանաչում են որպես լավ բժի՞շկ, թե՞ նաև ազգությամբ հա՛յ բժիշկ:
-Բոլորը գիտեն, որ հայ եմ, որովհետև ես, հնարավորինս, նաև Հայաստանի ու հայության քարոզչությամբ եմ զբաղվում. առիթը բաց չեմ թողնում ֆեյսբուքյան իմ էջում գրելու Հայաստանի, Արցախի մասին: Ասեմ նաև, որ ինձ հետ Հայաստան եկան իմ նորվեգացի կոլեգաներն, ում ես ցույց տվեցի Հայասատանի տեսարժան վայրերը, պատմեցի դրանց մասին, հիմա նրանք էլ կվերադառնան Նորվեգիա և ուրիշ նորվեգացիների կպատմեն Հայաստանից ունեցած իրենց տպավորությունների մասին: Սա օտարեկրացիներին Հայաստանին ծանոթացնելու և մերձեցնելու ուղիղ ճանապարհներից մեկն է:
-Դուք մասնակցել եք նաև ՀՀ սփյուռքի նախարարության «Սփյուռք» ամառային դպրոցի Առաջնորդների դասընթացներին: Ասացե՛ք, խնդրեմ, թե ի՞նչ տվեց Ձեզ այդ մասնակցությունը. Ձեզ առաջնորդի դերում տեսնու՞մ եք արդյոք:
-Այդ առիթով արդեն երկրորդ անգամ եմ Հայաստանում: Այդ ծրագրին մասնակցությունն ինձ շատ բան տվեց. այո՛, ես ինձ տեսնում եմ առաջնորդի դերում, երևի ունեմ այդ ներուժը և կցանկանայի լինել այդպիսին իմ մասնագիտական գաղափարներով ու ձեռքբերումներով:
– Ձեր մասնագիտության շրջանակներում ո՞րն եք համարում ամենամեծ ձեռքբերումը:
-Երևի 2014 թվականին Նորվեգիայի թագավորի կողմից գիտական հետազոտությունների մեջ նշանակալի ներդրումների համար ստացած ոսկե մեդալը: Առողջապահության ոլորտում ունեցած իմ գործունեության համար արժանացել եմ Ռուսաստանի, Նորվեգիայի և միջազգային կարգի այլ մրցանակների, որոնք, անշու՛շտ, ոգևորում են, սակայն, առանց դրա էլ, ցանկացած մասնագետ պետք է իր աշխատանքը բարեխղճորեն ու պատասխանատվության մեծ զգացումով կատարի, առավել ևս՝ բժիշկը:
– Արդյոք ժառանգաբա՞ր է Ձեզ փոխանցվել բժշկի մասնագիտությունը. Ձեր գերդաստանում եղե՞լ են բժիշկներ:
-Մայրս բժշկուհի է, աշխատում է Մոսկվայում, հայրս ֆիզիկոս է, սակայն նրա ծնողները՝ տատիկս ու պապիկս, բժիշկներ են եղել, քույրս նույնպես բժշկուհի է…Բժշկությունն, այո՛, ժառանգաբար է շարունակվում մեր գերդաստանում:
-Ի՞նչ առաքելությամբ եք Հայաստանում:
-Ամեն տարի գալիս եմ Հայաստան: Այս տարի եկել եմ հատուկ նպատակով՝ ընկերոջս զավակի հարսանիքին մասնակցելու:
– Բժի՛շկ, եթե որպես լավ մասնագետ՝ Հայաստանում աշխատելու հրավեր չստանաք, Ձեր կամքով երբևէ կվերադառնա՞ք Հայաստան:
-Եթե որպես մասնագետի՝ իմ կարիքը զգացվի և աշխատելու նպաստավոր պայմաններ լինեն, կգա՛մ:
Զրուցեց Կարինե Ավագյանը