«Ուրացման ճարտարապետները» ֆիլմի պաստառների՝ «Ամերիկանա»-ի հրապարակում տեղադրելու մերժման դեմ հավաք Գլենդելի քաղխորհրդում
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2017/08/0817americana.jpg)
Գլենդելի քաղխորհրդի օգոստոսի 15-ի նիստի հանրային լսումների հիմնական թեման` «Քարուսո Ըֆիլիեյթըդ» ընկերության կողմից Հայոց ցեղասպանության մասին պատմող «Ուրացման ճարտարապետները» շարժապատկերի պաստառները «Ամերիկանա»-ի հրապարակում տեղադրելու մերժումն էր: «Հայերն այսօր»-ը, հղում կատարելով «Ասպարեզ» օրաթերթին, հայտնում է, որ շուրջ երկու ժամ Գլենդելի բնակիչները` հասարակական-քաղաքական գործիչներ, փաստաբաններ, ուսանողներ իրենց ցասումն ու մտահոգությունները հայտնեցին «Ամերիկանա»-ի տնօրենության որոշման դեմ` քաղխորհրդի անդամներին հորդորելով դատապարտել նման կեցվածքը, որը վիրավորական է քաղաքի բնակչության գրեթե կեսը հանդիսացող հայերի համար, և պահանջել «Քարուսո Ըֆիլիեյթըդ»-ի ղեկավարներին փոխել որոշումը: Ելույթ ունեցողները մասնավորապես նշեցին, որ պաստառները չտեղադրելու որոշումը համազոր է Հայոց ցեղասպանության հերքմանը, ինչը ցեղասպանության վերջին փուլն է, և իրենց դիրքորոշմամբ, «Ամերիկանա»-ի տնօրենությունը միանում է ուրացման ճարտարապետներին: Ներկաները միաժամանակ հիշեցրին, որ «Ամերիկանա» կենտրոնի կառուցումն ու կայացումը հնարավոր է դարձել մեծամասամբ նաև հայ համայնքի շնորհիվ, ովքեր ժամանակին քվեարկել են քաղաքապետարանի կողմից տարածքը «Քարուսո Ըֆիլիեյթըդ»-ին հատկացնելու օգտին, փոխարենը` ներկայում արժանանում եմ նման վերաբերմունքի:
Խոսքի հնարավորությունից առաջինն օգտվեց Կալիֆորնիայի Ծերակույտի անդամ Էնթընի Փորթանթինոն` հայտնելով «Քարուսո Ըֆիլիեյթըդ»-ի դիրքորոշման մասին իր մտահոգությունը, որի մասին նշել էր նաև նրանց ուղղված իր նամակում: «Կալիֆորնիայի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, և հուսով եմ, որ մեր օրինակը ոգեշնչող կլինի մյուսների համար»,- նշեց օրենսդիր մարմնի անդամը` կոչ անելով «Քարուսո Ըֆիլիեյթըդ»-ին թույլ տալ տեղադրել ֆիլմի պաստառները հրապարակում: Փորթանթինոն նամակի օրինակներից հանձնեց նաև քաղխորհրդին:
Հայ իրավաբանների միության անդամ Արմեն Հովհաննեսյանը, ներկայանալով որպես Եղեռնից վերապրածների ժառանգ, նշեց, որ ականատես ենք լինում Ցեղասպանության մերժման ամենավտանգավոր ձևերից մեկին. ««Քարուսո Ըֆիլիեյթըդ»-ը պատասխան նամակում նշում է, որ հարցը քաղաքական է, երկկողմանի մոտեցում է պահանջում, և իրենք հաշվի են առել նաև թուրքական դիրքորոշումը, և իրենց այս մոտեցմամբ նրանք ոչնչացնում են մեր իրական պատմությունը, մեր ժառանգությունը, որ մեր նահատակները մեզ են փոխանցել»,-նշեց բանախոսը` կոչ անելով քաղխորհրդին անհապաղ միջոցներ ձեռք առնել:
Նորա Յագուպյանն էլ նկատեց, որ գրաքննությունը սխալ է, և այն ավելի վատ է, երբ ուղղված է ճշմարտությունը լռեցնելուն` այս դեպքում էլ անարգանք է Գլենդելում բնակվող մեծաթիվ հայ համայնքի նկատմամբ, ում միջոցով «Քարուսո Ըֆիլիեյթըդ»-ը ապահովում է իր շահույթի մեծ մասը: «Դիմում եմ ձեզ` հորդորելով ընդունել բանաձև «Քառուսո» ընկերությանը պարտադրելու վերջ դնել գրաքննությանը, և թույլ տալու մեզ պատմել պատմությունն ողջ ճշմարտությամբ և պատվով, ինչին այն արժանի է»,- քաղխորհդի անդամներին դիմեց ամերիկահայ հասարակական գործիչ Յագուպյանը:
Ձայնի իրավունքից օգտվեցին նաև լսումներին ներկա քաղաքի ոչ-հայ բնակիչները: Գլենդելում երկարամյա հասարակական գործիչ, քաղխորհդի նախկին թեկնածու Մայք Մոհիլը հիասթափություն հայտնեց «Քարուսո Ըֆիլիեյթըդ»-ի մեկնաբանությունից, թե ֆիլմը շատ քաղաքական է` նշելով, որ թուրք լոբբիստները մշտապես պայքարում են կանխելու Հայոց ցեղասպանության մասին յուրաքանչյուր ճշմարիտ տեղեկության տարածում: «Պարոն Կարուսո, եթե 1915թ.ին աշխարհը դատապարտեր Օսմանյան կայսրության իրագործած ոճիրը, իմ ազգի (հրյա) նկատմամբ չէր իրականացվի Հոլոքոստը, որին զոհ գնաց վեց միլիոն մարդ: Թույլ տվեք, որ «Ուրացման Ճարտարապետները» ֆիլմի պաստառները տեղադրվեն»,- «Ամերիկանա» կենտրոնի հիմնադրին դիմեց Մոհիլը: Նա նաև հիշեցրեց, որ Ռիք Կարուսոյին հրապարակը կառուցելու հարցում մեծ է եղել հայ համայնքի աջակցությունը:
Շերըն Վայզմենն էլ հիշեց Էրդողանի անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից Վաշինգտոնում խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնությունների վերջին դեպքերը` նշելով, որ արգելելով Ցեղասպանության մասին ֆիլմի պաստառների տեղադրումը, Քարուսոն, փաստորեն, աջակցում է թուրքերի քաղաքականությանը:
Նաև հավելեց, որ իր որոշմամբ, «Քարոսո» ընկերությունը կյանք է տալիս ստին: Նա նշեց, որ չլինելով հայ, կիսում է մեր ազգի ապրումները, և պաստրաստ է պայքարել հայերի հետ միասին թուրքական քարոզչամեքենայի դեմ:
Հատկանշական է, որ քաղխորհրդի լսումներին ներկա էին, և մեծ հուզումով ելույթ էին ունենում երիտասարդներ: Գլենդելի 20-ամյա բնակիչ Արա Մանուկյանն իր խոսքում մասնավորապես նշեց. «Սա զուտ գովազդային պաստառի տեղադրման մերժում չէ: Այսպես թույլ է տրվում մեկ այլ երկրի, իր քաղաքականությամբ միջամտել մեր քաղաքի գործերին: Սա ստեղծում է վտանգավոր նախադեպ բոլոր գլենդելցիների համար, և միայն ամերիկահայ համայնքի խնդիրը չէ: Հորդորում եմ մեր քաղաքի բոլոր բնակիչներին իրենց ձայնը բարձրացնել այս անհանդուրժելի քայլի դեմ»:
«Եու.Էս.Սի.» համալսարանի ուսանողուհի Ինեսա Կազումյանն էլ նշեց, որ Հայոց ցեղասպանությունը, ինչպես Հոլոքոստը, պատմական փաստ է, որը ենթակա չէ բանավեճի. «Դուք կմերժեի՞ք Հոլոքոստի կամ այլ ցեղասպանության մասին գովազդային որևէ արտադրանքի տեղադրումը, կասկածում եմ»,- ասաց նա:
Մարինա Մանուկյանն էլ նշեց, որ փորձելով հերքել Հայոց ցեղասպանությունը, «Քարուսո Ըֆի-լիեյթըդ»-ը հերքում է նաև Ամերիկայի պատմության հպարտ էջերից մեկը, երբ հազարավոր ամերիկացիներ, անցյալ դարասկզբին, Արևելյան Նպաստամատույցի միջոցով ձեռք մեկնեցին հայերին` ցուցաբերելով իրենց մարդասիրությունը:
Լենա Պոզոյանը քաղխորհրդի անդամներին կոչ արեց դատապարտել և «Ամերիկանա»-ի ղեկավարներին հաշվետու դարձնել իրենց քայլերի համար, որպեսզի այսուհետ ևս՝ որոշումներ կայացնելիս, հաշվի առնվի Գլենդելի բնակիչների մշակութային արժեքները, պատմական անարդարությունները չկրկնվեն, Ցեղասպանության ոճրագործները չօգտվեն լռությունից, և ատելությունն ու մերժումը երբևէ չթույլատրվեն Գլենդելում:
Փաստաբան Լարա Երեցյանը հեգնանք համարեց այն փաստը, որ «Ամերիկանա»-ն կառուցելու հարցում հայ համայնքի աջակցությանը դիմած ընկերության ղեկավարներն այժմ երես են դարձնում իրենց օգտին քվեարկողներից: «Ես բույկոտում եմ «Ամերիկանա»-ն, և չեմ այցելի այդ կենտրոն, մինչեւ «Քարուսո Ըֆիլիեյթըդ»-ը այս հարցին արդար լուծում չտա»,- եզրակացրեց նա:
Կարո Ղազարյանն էլ անընդունելի համարեց ընկերության պատասխան նամակի ոճը` նշելով, որ անհարդուրժելի է, երբ Հայոց ցեղասպանութանն անդրադառնում են, որպես մի ինչ-որ «թեմա»-ի:
Ելույթ ունեցան նաև լրագրող, հասարակական գործիչ Հարութ Սասունյանը, Կարեն Եղբայրյանը, ովքեր մամուլի էջերում ներկայացրել են իրենց կարծիքը:
Լսումներն ամփոփեցին քաղխորհրդի անդամները` համաձայնվելով հարցն ընդգրկել հաջորդ օրակարգում: Փոլա Դիվայնը մասնավորապես առաջարկեց դիմել հնարավոր տարբեր միջոցների` ներառյալ իրավական, ստեղծված իրավիճակից ելք գտնելու համար:
Վրեժ Աղաջանյանն առաջարկեց վերանայել «Քարուսո Ըֆիլիեյթը»-ի հետ քաղաքապետարանի հետ կնքած պայմանագիրը: Զարեհ Սինանյանն էլ նշեց, որ «Ամերիկանա»-ի ղեկավարների որոշումը հստակ քաղաքականության արդյունք է: «Չեմ հավատում, որ սա տեղի է ունենում մեր քաղաքում: Երբ երկու շաբաթ առաջ այս խնդիրը ծագեց, մենք մտածեցինք, որ սա գուցե «Քարուսո Ըֆիլիեյթըդ»-ի մի չտեղեկացված աշխատակցի պատասխան նամակ է, սակայն այսօր արդեն պարզ է, որ սա ինստիտուցիոնալ որոշում է նրանց կողմից ընդունված, ինչը ես համարում եմ լիովին անհարգալից վերաբերմունք հայ համայնքի նկատմամբ: «Քարուսո Ըֆիլիեյթըդ»-ը եթե հաստատում է Հայոց ցեղասպանության հերքումը, ուրեմն` հաստատում է նաև Ցեղասպանությունը: Եթե հաստատում է Ցեղասպանությունը, նշանակում է` ես վտանգի մեջ եմ «Ամերիկանա»-ում: Ես այսպես եմ մեկնաբանում ստեղծված իրավիճակը, և ոտք չեմ դնի այնտեղ, մինչև այս հարցի պարզաբանումն ու արդար լուծումը»,-նշեց Սինանյանը:
Գլենդելի քաղաքապետ Վարդան Կարապետյանը հայտնեց, որ վիրավորված է Ամերիկանայի ղեկավարների վերաբերմունքից` նշելով, որ ոտնահարվել են մարդկանց իրավունքները: «Մենք կդիտարկենք մեր պայմանագիրը «Ամերիկանա»-ի հետ», -վստահեցրեց քաղաքապետը:
Քաղխորհրդի լսումներին մասնակցելու անհրաժեշտության մասին հայ համայնքին տեղեկացրել էր Գլենդելի Հայ դատի հանձնախումբը, որի նախագահ Արթին Մանուկյանը քաղխորհրդի անդամներին ներկայացրեց նաեւ այն հազարավոր բնակիչների կոչը, ովքեր արդարությունը վերականգնելու նամակներով դիմել են «Քարուսո Ըֆիլիեյթըդ»-ին:
«Դատապարտելի և շատ ապշեշուցիչ երևույթ է` նկատի ունենալով այն հանգամանքը, որ «Ամերիկանա»-ն գործում է մի նահանգում, մի քաղաքում, որն ընդունել է, և ամեն տարի պաշտոնապես ոգեկոչում է Հայոց ցեղասպանությունը: Այսպիսով, այս հարցը մեզ համար փակ է, և քննարկման ու բանավեճի ենթակա չէ: Այնինչ, «Քարուսո Ըֆիլիեյթըդ»-ն իր պատասխան նամակում հավասարություն է դնում մեր համայնքի և թուրքական հյուպատոսության արտահայտած կարծիքի միջև, և որոշում է կայացրել, իրենց խոսքով ասած` «Չեզոք մնալ», արդյունքում ընդունելով նման տեսակետ: Սա վիրավորական է մեզ համար, և Հայ դատի հանձնախումբը պատրաստվում է զորաշարժի ենթարկել համայնքը: Այսօր էլ, քաղաքապետարանում մենք ելույթներ ունեցանք, և շատ վճռական մեր դիրքոշումը հայտնեցինք: Մեր պահանջն է, որ նրանք անդրադառնան իրենց սխալին, սրբագրեն իրենց արարքը, ներողություն խնդրեն համայնքից, և երկուստեք նորմալ հարաբերություններ մշակեն, ու մասնակիցը դառնան մեր համայնքի կարիքներին` ոչ միայն օգտվեն, նաև օգուտ տան»,- նշեց Արթին Մանուկյանը` տեղեկացնելով, որ Գլենդելի Հայ դատի հանձնախումը հանդիպում է պահանջել «Քարուսո Ըֆիլիեյթը»-ի ղեկավար Ռիք Քարուսոյի հետ:
ՆԱՆԵ ԱՎԱԳՅԱՆ