« Շա՜տ գեղեցիկ է Երևանը, գեղեցիկ են այստեղի հայերը». Էդմոն Սարգսյան

ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն» հայրենաճանաչողական ու սիրված, արդենիսկ ավանդական դարձած ծրագրի շրջանակներում Հայաստան ժամանող հայ պատանիներից ու աղջիկներից շատերն առաջին անգամ են լինում Հայաստանում, մի մասն էլ շատ փոքր հասակում են եկել Հայրենիք, անշու՛շտ, կան նաև այնպիսինները, ովքեր հաճախ են լինում Հայաստանում, և այստեղ հարազատներ, տուն ունեն: «Հայերն այսօր»–ի համար ունեցած հարցազրույցիս ընթացքում իրենց խոհերն ու տպավորությունները կիսեցին Հունգարիայից եկած Էդմոն Սարգսյանն  ու Թուրքմենստանից եկած Գեորգի Օսիպովը, որոնց հետ ունեցած զրույցները ներկայացնում ենք մեր ընթերցողների ուշադրությանը:

Գեորգի Օսիպով, 17 տարեկան, Թուրքմենստան, Աշխաբադ

-Ընկերոջիցս լսեցի «Արի տուն» ծրագրի մասին և որոշեցի անպայման մասնակցել: Շատ եմ լսել Հայաստանի մասին, նրա տեսարժան վայրերի, իսկ հիմա սեփական աչքերով կտեսնեմ այդ ամենն ու վերադարձիս կպատմեմ ընկերներիս: Հայերեն ընդհանրապես չգիտեմ խոսել. մայրս ազգությամբ ռուս է, հայրս՝ հայ: Ասում են՝ այս օրերին նաև հայերենի դասընթաց է լինելու, գուցե այս կարճ ժամանակում մի քիչ սովորեմ հայերեն, հետագայում կձգտեմ կատարելագործել հայերենս: Շատ ուրախ եմ՝ այս ծրագրին մասնակցելու համար:

Էդմոն Սարգսյան, 13 տարեկան, Հունգարիա, Բուդապեշտ

-Հայաստանում բարեկամներ ունենք, ես առաջին անգամ չէ, որ Հայաստան եմ գալիս: Ծրագրի մասին ինձ տեղյակ է պահել հայրս՝ Հունգարիայի Հայ սփյուռքի նախագահ Ադամ Սարգսյանը, ով ծնունդով երևանցի է: Նախկինում եղել եմ Սևանում, Էջմիածնում և Երևանում: Այս անգամ, ծրագրի շրջանակներում, լինելու ենք Հայաստանի պատմամշակութային շատ վայրերում, ես շատ եմ ցանկանում տեսնել Գառնին ու Գեղարդը: Շա՜տ գեղեցիկ է Երևանը, գեղեցի՛կ են այստեղի հայերը:

…Թեև մանկան նման թոթովախոս, սակայն հոր օգնությամբ իմ հարցերին հայերենով պատասխանող Էդմոնի սևորակ հայկական աչքերում կարոտից ու հուզմունքից ալիքվող մի շատ հարազատ բան կար, որն անուն ունի՝ հայկականություն:

Կարինե Ավագյան

Scroll Up