«Հալեպը միշտ կմնա որպես բաբախող մի սիրտ …». Գևորգ Աբահունի
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2017/07/Աբահունի.jpg)
ՀՀ սփյուռքի նախարարությունում Սիրիայից հյուրընկալված «Գանձասար» շաբաթաթերթի վարչական պատասխանատու Գևորգ Աբահունու հետ զրուցել է «Հայերն այսօր»-ի թղթակիցը: Ստորև մեր ընթերցողների ուշադրությանն ենք ներկայացնում այդ հարցազրույցը:
-Պարո՛ն Աբահունի, քաջածանոթ լինելով երկարամյա շաբաթաթերթին՝ այնուամենայնիվ, պետք է խնդրեմ, որ Դուք ավելի մանրամասն ներկայացնեք 25-ամյա շաբաթաթերթի ծավալած գործունեությունը:
-Շաբաթաթերթն անընդմեջ գործում է շուրջ 25 տարի. միակ հայատառ լրատվամիջոցն է Սիրիայում, այն Բերիո Հայոց թեմի Ազգային առաջնորդարանի պաշտոնաթերթն է: Շաբաթաթերթում տպագրվում են բազմաբնույթ բովանդակալից նյութեր: Լեզուն միայն արևմտահայերենն է: Գլխավոր առաքելությունը հայապահպանությունն է, նոր սերնդին իր արմատներին ծանոթացնելն ու մոտ պահելը:
-Դուք վարչական պատասխանատուն եք. ո՞րն է շաբաթաթերթում աշխատանքի Ձեր բաժինը:
-Մենք բոլորս միասին ենք աշխատում, համախմբված, պատասխանատվության մեծ զգացումով ու նվիրումով. անգամ սիրիական պատերազմի ամենածանր տարիներին թերթը ոչ մի օր չդադարեցրեց իր աշխատանքը. տեղից տեղ էինք տեղափոխվում, փնտրում անվտանգ տարածք՝ աշխատելու համար, և շաբաթաթերթը լույս էր տեսնում: Մեր խմբագրակազմը մոտավորապես 12 հոգուց է բաղկացած, գլխավոր խմբագիրը Զարմիկ Պողիկյանն է, ով շատ գնահատելի, մեծ աշխատանք է կատարում և բովանդակալից նյութեր է գրում: Նա վերջերս պարգևատրվեց ՀՀ կառավարության և ՀՀ սփյուռքի նախարարության կողմից:
-Ասացիք, որ մշակութային նյութեր եք նաև զետեղում. ո՞ր լուրերն են շատ՝ քաղաքակա՞ն, մշակութայի՞ն, և ո՞ր երկրների մշակութային լուրերին եք անդրադառնում:
-Մշակութային լուրերը շատ են և հիմնականում ընդգրկում են Սիրիայի ու Հայաստանի մշակութային անցուդարձը: Ունենք նաև Արցախին նվիրված առանձին բաժին, ուր պարբերաբար զետեղվում են Արցախի ազատագրական պայքարի մասին պատմող նյութեր:
-Պարո՛ն Աբահունի, Գանձասարն Արցախում է, դուք՝ Սիրիայում. ինչու՞ շաբաթերթը կոչվեց հե՛նց «Գանձասար», ինչ-որ հատուկ նախապայմա՞ն կար …
-Հատուկ առիթ, նախապայման չկար, ուղղակի ցանկություն կար հայկական պատմական մի վանքի անունով կոչել շաբաթաթերթը: Վերջերս եղանք Արցախում, ուր մասնակցեցինք Գանձասարի 777-ամյակին նվիրված միջոցառմանը: Ես այս անգամ առաջին անգամ եղա նաև Տաթևի վանքում. Հայաստանի շատ եկեղեցիներում եմ եղել, սակայն Տաթևն ամենից տպավորիչն է, լավագույնն է իր տեսքով, խորհրդավորությամբ, աշխարհագրական դիրքով:
-Կարողանու՞մ եք համագործակցել հայաստանյան մամուլի, զանազան լրատվամիջոցների հետ:
-Ոչ այնքան, որովհետև հաղորդակցության միջոցներն այնքան էլ դյուրին չեն. մենք ունենք նաև մեր էլեկտրոնային կայքը, որը կարող են կարդալ աշխարհի տարբեր ծայրերում ապրող մեր հայրենակիցները:
-Հյու՞ր եք , թե՞ գործնական այցով եք Հայրենիքում:
-Իբրև հյուր էի եկել, պետք է մասնակցեի մեր Հրանտ Մարգարյանի հոլովակի միջոցառմանը, նաև այցելություն ունենայի Սփյուռքի նախարարի հետ. պատեհ առիթ ներկայացավ այսօր մասնակցելու «Արի տուն» ծրագրի հերթական փուլի բացման արարողությանը, որից հրաշալի տպավորություններ ստացա:
-Պարո՛ն Աբահունի, սովորաբար, իմ հարցազրույցների վերջում ես հյուրերից ակնկալում եմ լսել ՝ Ի՞նձ է Ձեզ համար Հայաստանը՝ արդեն 7 տարի անընդմեջ տրվող ավանդական հարցիս պատասխանը, սակայն այսօր բացառություն եմ անում և հարցնում՝ ի՞նչ է Ձեզ համար Հալեպը, ո՞վ է հալեպցին, սիրիահայը…
-Հալեպը ծննդավայր է, Հալեպում ապրած մարդն ուրիշ տեղ շատ դժվարությամբ կհարմարվի: Հալեպը հայերի հոգևոր ու ազգային հարուստ կենտրոններից մեկն է. աշխարհի տարբեր ծայրերում կհանդիպես կարևոր աշխատանք զբաղեցնող մեկին ու կիմանաս, որ նա Հալեպի հայ է, սիրիահայ: Մենք Կարեն-Եփփե ճեմարան ունենք, որի շրջանավարտները սփռված են Սփյուռքի ողջ տարածքում և իրենց ստացած հայեցի կրթությամբ, ազգաին ոգով ու դաստիարակությամբ, բարձր գիտելիքներով գլխավոր պաշտոններ են զբաղեցնում: Հալեպը դարբնոց է՝ մտքի ու հայրենասիրության: Հարաբերական դադար է, պատերազմական գործողությունները կարծես թե դադարել են, խաղաղություն է տիրում, հալեպցիները, հալեպահայերը, ծիծեռնակների նման, իրենց բույնն են վերադառնում, նորոգում իրենց տները…Երկար ժամանակ է հարկավոր, որպեսզի Հալեպն իր նախկին տեսքը ստանա: Հալեպը միշտ կմնա որպես բաբախող մի սիրտ:
Զրուցեց Կարինե Ավագյանը