«100 հայտնիները` սիրիահայ 100 երեխաների համար». հարցազրույց

ՀՀ սփյուռքի նախարարության «Հայերն այսօր» էլ. պարբերականի նախաձեռնած «100 հայտնիները` սիրիահայ 100 երեխաների համար» ծրագրին, որի մասին ավելի վաղ տեղեկացրել էինք, անդրադարձել է Life.panorama.am-ն : «Հայերն Այսօր» էլեկտրոնային պարբերականի գլխավոր խմբագիր Նաիրի Մկրտիչյանի հետ հարցազրույցը ներկայացնում ենք ամբողջությամբ:
-Ի՞նչ է իրենից ենթադրում «100 հայտնիները` սիրիահայ 100 երեխաների համար» ծրագիրը և ո՞վքեր են իրականացնողները:
-Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ, «100 հայտնիները` սիրիահայ 100 երեխաների համար» ծրագիրը իրականացնում է ՀՀ սփյուռքի նախարարության «Հայերն Այսօր» էլեկտրոնային պարբերականը՝ համագործակցելով «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կեդրոն»-ի հետ։ 100 թիվը խորհրդանշական է՝ հիշեցնելով Ցեղասպանությունը։ Ծրագրին մասնակցում են Հայաստանի 100 հայտնիներ՝ երգիչ, երգչուհիներ, մարզիկներ, դերասաններ, հաղորդավարներ և այլք, որոնցից նվեր ստանալը ուրախության առիթ կլինի երեխաների համար և միաժամանակ հնչեղություն կտա ծրագրին։ Որոշեցինք ծրագրի մեջ ընդգրկել սիրիահայ երեխաներին, որովհետև իրենք Ցեղասպանությունը ապրածների ժառանգներն են, և այսօր հայության այս հատվածը նույն դաժան օրերն են ապրում, իրենց ծրագրի մեջ ընդգրկեցինք ասելու համար, որ պատմությունը կրկնվում է։
-Ո՞րն է ծրագրի նպատակը և ինչպե՞ս հղացավ գաղափարը:
Ծրագրի նպատակը, Ցեղասպանության 100-րդ տարելիցի կարգախոսն է «կը հիշենք և կպահանջենք»` կհիշենք Ցեղասպանությունը և այս պարագայում պահանջում ենք, որ պատմությունը չկրկնվի։ Այս շրջանում ամբողջ հայությունը Հայաստանի, թե Սփյուռքի մեջ լծված է Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ծրագրեր իրականացնելու գործին, նուն աշխատանքին լծված է նաև ՀՀ սփյուռքի նախարարությունը իր բոլոր վարչություններով, իսկ նախարարության հովանու տակ գործող «Հայերն Այսօր» պարբերականը անմասն չէ այդ աշխատանքից, ուստի մտքերը ի մի բերելով մտածեցինք իրականացնել այս ծրագիրը, որ ե՛ւ մեծ հնչեղություն կունենա և ուրախություն կպարգևի սիրիահայ երեխաներին։
-Հայտնի անձինք արդյո՞ք միայն Հայաստանից են, թե՞ այլ երկրներից նույնպես միանում են:
-Այս ծրագրի մեջ ընդգրկված անձինք գրեթե միայն Հայաստանից են և մենք դիմել ենք միայն Հայաստանի հատնի մարդկանց, չնայած կան նաև Հայաստանից դուրս ապրող մի քանի հայտնիներ: Ի դեպ, նպատակ ունենք իրականացնել այլ ծրագիր, որին կցանկանանք մասնակցեն Սփյուռքի հայտնիները։ Այդ մասին դեռ չեմ ցանկանա մանրամասնել։
Ի՞նչ փուլում է ծրագիրը, քանի՞ հայտնիներ են միացել:
-Մենք արդեն 61 հայտնիներ ունենք, ովքեր մասնակցելու պատրաստակամություն են հայտնել, ունենք արդեն մեզ հանձնած նվերներ, ողջունելի է, որ բացառությամբ մի քանիսի, բոլորը մեծ սիրով ընդունեցին մեր առաջարկը: Կան մարդիկ, ովքեր մեկից ավելի նվերներ են առաջարկել: Ողջունելի է նաև այն, որ երգչուհիներից ոմանք ցանկացան անձամբ հանդիպել այդ երեխաներին և երգել իրենց համար: Հատկապես Զարուհի Բաբայանի այդ պատրաստակամությունը մեզ հուշեց, որ կարելի է նաև երեխաներին նվեր հանձնելու օրը վերածել տոնի: «Ջամբո» ռեստորան-զբոսայգու սեփականատեր, հայրենադարձ Արտյոմ Վարդանյանը, պատրաստակամություն հայտնեց երեխաներին հյուրընկալելու իր մոտ: Այլ արվեստագետներ պատրաստակամություն են հայտնել, որ նույն օրը երգելու կամ վարելու, անակնկալներ մատուցելու: Այսպիսով` ծրագիրը ավելի ծավալուն դարձավ և կարծում եմ մենք պիտի կարողանանք երեխաներին շատ հաճելի օր պարգևել։
-Մասնակցող երեխաները ի՞նչ տարիքային խմբեր են ներկայացնում:
-Ինչպես գիտեք Հայաստանի մեջ հաստատված երեխաների թիվը շատ է, պետք էր մտածել ի՞նչ սկզբունքով ընդգրկել նրանց, որ արդար լինի: Խորհրդակցելով «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն»-ի տնօրեն Լենա Հալաջյանի հետ, նպատակահարմար գտանք ընդգրկելու Հայաստանի մարզերում ապրող երեխաների, մտածելով, որ նրանք առավել անապահով են, քան երևանաբնակները: Այնտեղ ապրող 1-14 տարեկան բոլոր երեխաները ընդգրկելով հանդերձ, թիվը 100-ի չհասավ, ուստի որոշեցինք թիվն ամբողջացնել՝ ընդգրկելով Երևանի ծայրամասերում ապրող երեխաներին և այստեղ տարիքը սահմանափակեցինք՝ 5-14 տարեկան։
-Արդյո՞ք նախատեսվում է այս ծրագրում ընդգրկել նաև այլ թեժ կետերից Հայաստանում գտնվող երեխաների: Եթե չեմ սխալվում Ուկրաինայից Հայաստան եկած ընտանիքներից նույնպես երեխաներ կան:
-Այո իրավացի եք, մի քանի օր առաջ, ծրագրում ընդգրկեցինք նաև նուն տարիքային խմբի 18 ուկրաինացի երեխաների, որոնք արդեն իսկ ունեն իրենց նվիրատուները, 8 հոգու համար նվերներ պիտի տրամադրեն Vitamin ակումբի տղաները և 10 հոգու համար՝ հաղորդավար Հրաչ Մուրադյանը։
-Արդյո՞ք նման ծրագրերը այլ առիթներով շարունակական են լինելու:
-Բարեգործություն իրականացնելը և երեխաներին ժպիտ պարգևելը միշտ էլ հաճելի է, հուսով ենք, որ կիրականացնենք նաև այլ ծրագրեր։ Օրը կգա բարին էլ հետը։