«Եկել եմ, որպեսզի ավելի լավ ծանոթանամ արմատներիս». Դավիթ Օհանջանյան

ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագիրը թևակոխեց 6-րդ փուլ, որի բացման հանդիսավոր արարողության ընթացքում «Հայերն այսօր»-ի թղթակիցը զրուցել է նրանցից երկուսի հետ:
Հայկ Եգանյան, 16 տարեկան, Հորդանան
-Ես եկել եմ Հորդանանից, որտեղ մինչև 6-րդ դասարան սովորել եմ «Յուզբաշյան-Գյուլբենկյան» հայկական դպրոցում, որից հետո տեղափոխվել եմ ուրիշ դպրոց: Հիմա պետք է 11-րդ դասարան հաճախեմ, որը սակայն հայկական դպրոց չէ: Որոշել եմ ատամնաբույժ դառնալ և ընդունվել համալսարան, երևի բարձրագույն կրթությունս շարունակեմ Հայաստանում:
Առաջին անգամ եմ Հայաստանում. մեր հայոց լեզվի ուսուցչուհին է պատմել այս ծրագրի մասին, և ես ցանկություն հայտնեցի մասնակցել ծրագրին:
Մինչ Հայաստան գալս՝ շատ եմ լսել Արարատ լեռան, Հայոց ցեղասպանության մասին, տեսել եմ Երևանի մասին պատմող տեսաֆիլմեր: Հիմա արդեն առիթ ունեմ սեփական աչքերով տեսնելու Հայաստանը, Երևանը: Հուսով եմ, որ այս օրերի ընթացքում շատ բան կտեսնեմ ու շատ նոր ընկերներ կունենամ:
Դավիթ Օհանջանյան, 16 տարեկան, Շվեդիա, Ուպսալա
-Ծնվել եմ Շվեդիայում, շատ հայեցի ընտանիքում, ուր պահպանվում են հայկական բոլոր ավանդույթները, մայրենի լեզուն է իշխում մեր ընտանիքում: Ծրագրի մասին լսել եմ ծնողներիցս: Եկել եմ, որպեսզի ավելի լավ ծանոթանամ արմատներիս: Ես Հայաստանում շատ եմ եղել, սակայն այս անգամ Հայաստանի վայրերով կշրջեմ Սփյուռքից եկած իմ տարեկիցների հետ. կարծում եմ՝ այդպես ավելի հետաքրքիր կլինի: Մենք Հայաստանում շատ հարազատներ, ծանոթներ ունենք. համոզված եմ, որ ծրագրի շրջանակներում ես նոր հարազատներ ձեռք կբերեմ: Ցանկալի է, որ երիտասարդական համահայկական այսպիսի ծրագրեր շատ լինեն որի շրջանակներում աշխարհի տարբեր երկրներում ապրող հայորդիները ծանոթանան, շփվեն միմյանց հետ, համագործակցեն հետաքրքիր ծրագրերի շուրջ:
Զրուցեց Կարինե Ավագյանը