«Մեր տանը հայկական միջավայրում ենք ապրում». «Արի տուն 2017» ծրագրի հունահայ մասնակից
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2017/07/ալիսա.jpg)
«Հայերն այսօր»-ը ՀՀ սփյուռքի նախարարության Սփյուռքի երիտասարդների «Արի տուն» հայրենաճանաչության ծրագրի մասնակիցների հետ շարունակում է զրուցել Հայրենիքում անցկացրած օրերի, ծրագրից ստացած տպավորությունների մասին: Մեր հերթական անդրադարձը 13-ամյա հունահայ Ալիսա Քյուրքչյանի մասին է.
– Այս տարի ավարտեցի ՀԲԸՄ «Ա. Գալփակյան» վարժարանը: Կարծում եմ՝ ուսումնական տարիների ամենակարևոր ձեռքբերքումը հայերեն խոսել սովորելն էր. քաջ գիտակցում եմ, որ Մայրենին տիրապետելով՝ կարող եմ պահպանել իմ ազգային դիմագիծը և հպարտանալ հայ լինելով: Մեր տանն էլ հայկական միջավայրում ենք ապրում. միմյանց հետ միայն հայերեն ենք խոսում, բոլոր հայկական տոները պարտադիր նշում ենք, որոնցից հատկապես Սուրբ Զատիկի տոնակատարությունն եմ սիրում:
Իսկ Հայ Առաքելական Եկեղեցուն, քրիստոնեական հավատին հավատարիմ մնալու նպատակով՝ այցելում եմ եկեղեցի և մասնակցում կիրակնօրյա պատարագներին: Շատ համախմբված համայնք ունենք, հայապահպան տարբեր միջոցառումներ են կազմակերպվում, որոնց միջոցով էլ ավելի է ամրապնդվում մեր կապը Հայաստանի հետ:
ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագիրը հիանալի առիթ հանդիսացավ՝ նոր ընկերներ ձեռք բերելու, Հայաստանի տեսարժան վայրեր այցելելու համար: Ծրագրի շրջանակներում շատ լավ ժամանակ ենք անցկացնում, ուրախ եմ, որ Արարատ լեռը տեսա, տպավորված եմ Խոր Վիրապ, Էջմիածին, Մատենադարան և մյուս վայրեր այցելություններից:
Նկատեցի, որ ամեն ինչ լավ էր կազմակերպված՝ սկսած ցուցաբերած հոգատարությունից, վերջացրած մեզ տրվող համեղ սննդից:
Գևորգ Չիչյան