Հայկական ծիրանի համն անմահական է. «Արի տուն» ծրագրի մասնակից ավստրալաբնակ քույրեր

ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն-2017» հայրենաճանաչության ծրագրի 4-րդ փուլի մասնակիցներից Ավստալիայի Մելբուռն քաղաքում ապրող Բրիանա և Բրենդա Քենտիրյանների հետ զրույցը «Հայերն այսօր»-ի խմբագրությունում սկիզբ առավ հայկական արևահամ ծիրանի հյուրասիրությամբ:
Բրիանա Քենտիրյան–Ուրախ ենք, որ Հայաստան կատարած մեր այցելության ընթացքում ոչ միայն կարող ենք ծիրան ճաշակել, այլև հայկական տարբեր մրգեր: Անխոս, այստեղի մրգերն ավելի համեղ են ու հյութալի, քան Ավստրալիայում:
Ավստրալիայում հայկական դպրոց եմ հաճախում, նաև սպորտով եմ զբաղվում:
Ճիշտ է, Հայաստանում մարդկանց հետ հաղորդակցվելիս մի փոքր դժվարանում ենք, բայց չենք հուսահատվում. կարևորն այն է, որ միմյանց հասկանում ենք: Տանն էլ հայերեն ենք խոսում, հայկական մթնոլորտում մեծանում, նաև նշում ենք բոլոր տոներն ու ավանդական ուտեստներ պատրաստում:
Առաջին անգամ ենք Հայաստանում: Երբ օդանավից իջանք ու Արարատի սքանչելի պատկերը տեսանք, չկարողացանք թաքցնել հուզմունքը. մեր հայ լինելու իրական արժեքը այդ պահին հասկացանք: Ազդվել էինք հատկապես Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում գտնվելու ժամանակ, որտեղ հարգանքի տուրք մատուցեցինք Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին:
Եղանք Էջմիածնում, Խոր Վիրապում և բոլոր այն վայրերում, որոնց պատմական նշանակության մասին ուսուցիչները դպրոցում մեզ պատմել էին:
Բրենդա Քենտիրյան–Հայկական ծիրանի համն անմահական է: Ես նույնպես մեծ հաճույքով եմ ուտում այս միրգը: Շնորհակալ եմ հյուրասիրության համար:
Պետք է ասեմ, որ ապրելով օտար ափերում՝ դժվար է պահպանել հայկական ինքնությունը: Ուստի հայոց լեզուն լավ սովորելով, հայկական դպրոց ու եկեղեցի գնալով ենք փորձում չհեռանալ արմատներից և հայ մնալ:
Մեր համայնքն էլ հայապահպանության գործում մեծ դեր ունի, քանի որ տարբեր միջոցառումներ ու ձեռնարկներ է կազմակերպում:
ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագրի մասին դպրոցում են տեղյակ պահել: Ամեն ամառ որոշում էինք գալ, բայց չէր ստացվում, շատ ուրախ ենք, որ այս անգամ վերջապես եկանք: Մեր մայրն էլ հաստատակամորեն մեզ «Արի տուն» ուղարկեց՝ Հայաստանը բացահայտելու, ընկերական նոր շրջապատ ձեռք բերելու համար:
Գևորգ Չիչյան