Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն այցելեց Բեյրութի Ազգային միացյալ վարժարան
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2017/07/նախարար2.jpg)
Աշխատանքային այցով Լիբանանում գտնվող ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հուլիսի 10-ին, Լիբանանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանի ուղեկցությամբ այցելեց Բեյրութի Ազգային միացյալ վարժարանի նորակառույց համալիր: Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում են Լիբանանում ՀՀ դեսպանությունից, նախարարին դիմավորեցին Լիբանանի Հայոց թեմի առաջնորդ Շահե արքեպիսկոպոս Փանոսյանը, Ազգային վարչության ատենապետ Հակոբ Հավատյանը, անդամներ Հակոբ Լուսարարյանը, Սյուզի Սեմերջյանը, վարժարանի տնօրեն Թալին Մարդիրոսյանը:
Միջազգային չափանիշներով կառուցված համալիրն առաջին ուսումնական տարին կսկսի այս սեպտեմբերին:
Հրանուշ Հակոբյանը ծանոթացավ վարժարանի դասասենյակներին, ուսումնական գործընթացը լիարժեք կազմակերպելու պայմաններին: Այնուհետ կայացավ հանդիպում ուսուցչական անձնակազմի հետ: Ողջույնի խոսքով հանդես եկավ տնօրեն Թալին Մարդիրոսյանը:
Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, կարևորելով Սփյուռքում նման հիմնավոր կրթական հաստատության առաջիկա գործունեությունը, իր ելույթում անդրադարձավ մրցունակ կրթություն ապահովելու, հայեցի դաստիարակության և մայր հայրենիքի՝ Հայաստանի հետ մշտական կապերի հաստատման և ամրապնդման խնդիրներին: Նախարարն առանձնահատուկ կարևորեց ուսուցչական անձնակազմի դերակատարությունը՝ նշված խնդիրները լավագույնս լուծելու և անհրաժեշտ մակարդակ ապահովելու առումով: Հրանուշ Հակոբյանը ընդգծեց ուսուցիչների Հայաստանում վերապատրաստում անցնելու և փորձի փոխանակում իրականացնելու առաջնահերթությունը:
«Հայերն աշխարհին ապացուցել են՝ որտեղ էլ ապրեն, նպաստելու են այդ երկրի զագացմանը: Լիբանանը դրա լավագույն օրինակն է: Ուրախ եմ, որ այսպիսի հզոր դպրոց է ստեղծվել Սփյուռքի մայրաքաղաք Լիբանանում: Սա մեծ նվեր է ոչ միայն լիբանանահայության, այլև համայն հայության համար», նշեց Սփյուռքի նախարարը:
Իր խոսքում Լիբանանի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ հայր Շահե Փանոսյանը բարձր գնահատեց Հրանուշ Հակոբյանի այցը Ազգային միացյալ վարժարան, արժևորեց Հայաստան-Սփյուռք փոխգործակցությունը, կարևորեց հայ եկեղեցու շուրջ համախմբումը՝ համազգային նպատակների հաջող իրականացման համար:
«Հայությունն ապրել և ապրում է իր եկեղեցիներով, դպրոցներով, մշակութային կետրոններով և կառույցներով: Եվ պիտի շարունակի ապրել, քանի որ երազներ և իդեալներ ունեցող ժողովուդ է: Մաղթենք, որ Ազգային միացյալ վարժարանը առաջնորդվի Միացյալ Հայաստանի տեսլականով»,-նշեց Գերաշնորհ հայր Շահե Փանոսյանը:
ՀՀ սփյուռքի նախարարի՝ Վարժարան կատարած անդրանիկ այցի առթիվ Հայոց թեմի առաջնորդը նրան հանձնեց խորհրդանշական հուշանվեր: