Հուլիսի 5-ին «Լրագրողների վերապատրաստում» դասընթացի մասնակիցների առաջին դասը վարեց «Մեդիամաքս» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր, ԵՊՀ նոր մեդիայի և հաղորդակցության ամբիոնի դոցենտ Դավիթ Ալավերդյանը։ Դասախոսության ընթացքում սփյուռքից ժամանած լրագրողները ծանոթացան հայկական առցանց լրատվամիջոցներին։ Դավիթ Ալավերդյանը մասնակիցներին խորհուրդ տվեց ուշադիր հետևել լրատվամիջոցների աշխատանքին և առանձնացնել վստահելի կայքերի ցանկ՝ հետագայում ապատեղեկատվություն ստանալուց խուսափելու համար։
ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանի հետ հանդիպման թեման ռազմական ժուռնալիստիկան էր։ Ոլորտի լուսաբանման դժվարություններն ու խնդիրները ներկայացնելուց հետո, Արծրուն Հովհաննիսյանը պատասխանեց մասնակիցներին հուզող հարցերին։
Հաջորդ դասը վարեց «Շանթ» հեռուստաընկերության լրագրող Քրիստինե Ալագուլյանը։ Նա մասնակիցների հետ խոսեց հեռուստալրատվական ծրագրի պատրաստման նրբություններից։ Արդիական թեմաների քննարկման միջոցով Քրիստինե Ալագուլյանը ներկայացրեց օրվա տաբեր ժամերի լրատվական թողարկումների, ինչպես նաև ամփոփիչ թողարկման կառուցման առանձնահատկությունները։
Գործնական պարապմունքների ընթացքում վերապատրաստվող լրագրողները ծանոթացան իրենց ընտրած մեդիատեսակին բնորոշ առանձնահատկություններին և նյութերի կառուցվածքի յուրահատկություններին։ Դասաժամերի ընթացքում քննարկվեցին նաև պատրաստվելիք նյութերի թեմաները։
Օրվա ավարտին «Սփյուռք» ամառային դպրոցի ուսանողները մասնակցեցին ՀՀ պետական դրոշի և պետական խորհրդանշանների օրվան նվիրված տոնական քայլերթին։
Հաջորդ օրը՝ հուլիսի 6-ին, «Լրագրողների վերապատրաստում» և «Երիտասարդ առաջնորդներ և համայնքային գործի կազմակերպիչներ» դասընթացների մասնակիցները լսեցին դասախոսություն «Հասարակայնության հետ կապեր և ԶԼՄ փոխհարաբերություններ» թեմայով։ Հանդիպումը վարեց «Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական ՀԿ նախագահ, ԵՊՀ ռադիոհեռուստատեսային ժուռնալիստիկայի ամբիոնի դոցենտ Աստղիկ Ավետիսյանը:
Դավիթ Ալավերդյանը մասնակիցների հետ 2-րդ հանդիպման ժամանակ ներկայացրեց «Մեդիամաքս» լրատվական գործակալության հրապարակումների թեմատիկան և իրականացվող նախագծերը՝ հետագա համագործակցությունն ապահովելու նպատակով։
Հայ ազգագրական պարի դասին «Լրագրողների վերապատրաստում» դասընթացի մասնակիցները պարուսույց Մեսրոպ Քամալյանի հետ վերհիշեցին նախորդ դասին սովորած «Գյովընդ» և «Թամզարա» պարերը։ Մեսրոպ Քամալյանը սովորեցրեց նաև «երկու գնալ, մեկ դառնալ» պարերի շարքին պատկանող «Վերվերի» ազգագրական պարի դանդաղ և արագ մասերը։
Մասնակիցներին հնարավորություն ընձեռնվեց սկայպ-հանդիպում անցկացնել «Ռադիո Այգ»-ի (ԱՄԷ) հիմնադիր Շաքե Մանգասարյանի հետ։ Սկսելով ռադիոյի ստեղծման պատմությունից՝ Շաքե Մանգասարյանն անդրադարձավ տեխնոլոգիայի զարգացման պայմաններում ռադիոյի ապագային և որոշ ոլորտներում դրա անփոխարինելիությանը։
Դասերի ավարտից հետո մասնակիցներն այցելեցին «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն։
Հուլիսի 7-ին գործնական աշխատանքի ժամերից հետո սփյուռքից ժամանած լրագրողներն ունեցան «Կրեատիվ տեքստի տեխնիկա» թեմայով դաս, որը վարեց Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի պրոֆեսոր Մարի-Հրաչուհի Պօղոսեանը։ Ծանոթացնելով ստեղծարար և նորարարական մտածողության գաղտնիքներին՝ Մարի-Հրաչուհի Պօղոսեանը հորդորեց մասնակիցներին հաղթահարել վախերն ու լինել ինքնավստահ։
«Լրագրողների վերապատրաստում» և «Երիտասարդ առաջնորդներ և համայնքային գործի կազմակերպիչներ» դասընթացների մասնակիցները հանդիպում ունեցան ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի հետ։ Շուրջ 2 ժամ տևած հանդիպման ընթացքում Շավարշ Քոչարյանը խոսեց գլոբալ մարտահրավերներից և պատասխանեց մասնակիցների հարցերին։
«Սփյուռք» ամառային դպրոցի դասընթացների առաջին շաբաթն ավարտվեց։ Մեզ հետ զրույցում «Լրագրողների վերապատրաստում» դասընթացի վիրահայ մասնակից Աղաբեկ Սիմոնյանը նշեց, որ իրեն ուրախացրել է բազում երկրներից մասնակիցների ներգրավվածությունը. «Հայի հազար տեսակ գոյություն ունի։ Նույնիսկ Վրաստանում սխալ է ասել Վրաստանի հայ համայնք և դրանով բոլորին միևնույն կաթսայի մեջ վերցնել։ Շատ տարբեր շերտեր կան, տարբեր ավանդույթներով ու սովորություններով մարդիկ։ Շատ հետաքրքիր է տեսնել այսքան շատ հայի տեսակներ, թե ինչպես են նրանք յուրացրել ուրիշ էթնոսի մշակույթը։ Հայկականի և օտարի յուրօրինակ սինթեզ է ստացվում։ Բայց ես վստահ եմ, որ հայկականը ոչ մի ձևով չի կորչում, այլ միայն ավելի է գեղեցկանում»։
Նյութը հեղինակ՝ ՍԱԴ կամավոր Գայանե Ենոքյանը