Լրագրողների վերապատրաստում դասընթացը «Սփյուռք» ամառային դպրոցում

Հուլիսի 4-ին, «Սփյուռք» ամառային դպրոց 2017-ի շրջանակներում «Լրագրողների վերապատրաստում» դասընթացի մասնակիցների առաջին դասախոսությունը վարեց ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը։ Դասախոսության թեման հայաստանյան հեռուստատեսության և ռադիոյի արդի փուլն էր։ Մասնակիցներից շատերը արբանյակային հեռարձակման շնորհիվ արդեն ծանոթ էին հայկական որոշ հեռուստաընկերությունների և ռադիոընկերությունների։ Խոսելով լրատվամիջոցների կատարած գործառույթների մասին՝ Նաղաշ Մարտիրոսյանը կարևորեց հատկապես սփյուռքում գործող հայկական լրատվամիջոցների սոցիալ-դաստիարակչական կամ կառավարման գործառույթի դերը, որը, նրա համոզմամբ, ազգապահպանության խնդրի կարևոր լուծումներից է։
«Լրագրողների վերապատրաստում» դասընթացի մասնակցները հանդիպում ունեցան ծրագրի ղեկավար Մհեր Հովհաննիսյանի հետ։ Նրանք ուղղեցին իրենց հուզող հարցերը, տեղեկացան դասընթացի հետագա ընթացքի ու սպասվող քննությունների մանրամասների մասին։ Մասնակիցները, ըստ իրենց նախասիրությունների և մասնագիտացման, բաժանվեցին 3 խմբի՝ հեռուստալրագրություն, ռադիոլրագրություն և տպագիր մամուլ։ Գործնական պարապմունքների ընթացքում ուսանողները կաշխատեն իրենց ընտրած ուղղության մասնագետների հետ և կպատրաստեն համապատասխան նյութեր։
Մասնակիցները նաև հայ ազգագրական պարի իրենց առաջին դասն ունեցան։ ԵՊՀ մեծ դահլիճում «Կարին» ավանդական երգի-պարի համույթի գեղարվեստական ղեկավարի օգնական Մեսրոպ Քամալյանը ներկայացրեց «Գյովընդ» և «Թամզարա» պարերի խորհուրդը, այնուհետև անցավ պարի ուսուցմանը։ Թեև ժամանակը քիչ էր, և մասնակիցներից շատերն առաջին անգամ էին պարում, սակայն պարուսույցը բոլորից գոհ էր։
ԵՊՀ Պալյանների անվան դահլիճում տեղի ունեցավ հանդիպում տեղեկատվական տեխնոլոգիաների անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանի հետ «Տեղեկատվական պատերազմներ և տեղեկատվական անվտանգություն» թեմայով։ Սեմինար-քննարկմանը մասնակցեցին «Լրագրողնեի վերապատրաստում» և «Երիտասարդ առաջնորդներ և համայնքային գործի կազմակերպիչներ» դասընթացի մասնակիցները։ Փորձագետը խոսեց քարոզչական նոր գործիքներից և նշեց տեղեկատվական պատերազմներում դրանց կիրառման օրինակներ։ Մասնակիցներին հետաքրքրում էր, թե ինչպես կարելի է զոհ չգնալ սոցիալական ցանցերով իրականացվող համատարած քարոզչությանը և ձևավորել սեփական կարծիք։ Հնչած հարցին ի պատասխան՝ Սամվել Մարտիրոսյանը խոսեց ընդհանուր կրթվածության և լայն աշխարհայացք ունենալու կարևորությունից, ինչպես նաև «Մեդիագրագիտություն» առարկայի դասավանդման անհրաժեշտության մասին։
Նյութի հեղինակ՝ ՍԱԴ կամավոր Գայանե Ենոքյան