Ավարտվեց «Արի տուն» ծրագրի երկրորդ փուլը

Հուլիսի 7-ին Աղավնաձորի «Արի տուն» ճամբարում տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագրի երկրորդ փուլի փակման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցեցին   ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը, պետական և մշակույթի գործիչներ, հյուրեր:

Ողջունելով արիտունցիներին՝ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նշեց.  Իմ սիրելի պատանիներ և աղջիկներ, հավատում եմ, որ մեծանալու եք որպես հպարտ հայեր, պահպանելու եք մեր ազգի պատիվը, լավ եք սովորելու: Ոզում եմ շնորհակալություն հայտնել այն ընտանիքներին, որ ձեզ պահեցին, սիրեցին, դարձան ձեր հարազատները: Ուզում եմ շնորհակալ լինել ձեր ծնողներին, որ հավատացին մեզ, ձեզ ուղարկեցին «Արի տուն» և ծրագիրը իրականություն դարձավ:Ուզում եմ, որ այս օրը ձեզ համար պատմական լինի, ու երբեք չմոռանաք: Այսօր ձեզ հետ հանդիպման է եկել Հայաստանի Ազգային ժողովի նախագահը՝ կարևորագույն ինստիտուտներից մեկի նախագահը»:

Ազգային ժողովի նախագահը բարի երթ մաղթեց սփյուռքահայ պատանիներին ու աղջիկներին: Նա մասնավորապես նշեց. «Շնորհակալություն «Արի տուն» ծրագրի սիրելի մասնակիցներ, իմ կրտսեր հայրենակիցներ: Ուրախ եմ այսօր ձեզ հետ հանդիպել: Հայաստանը և Սփյուռքը միասին ավելի մեծ հնարավորություններ ունեն հասնելու իրենց նպատակներին: Հայաստանը ուժեղ է Սփյուռքով, և Սփյուռքը՝ Հայաստանով, նրանք իրար կապված են բազմաթիվ երակներով, որոնցից մեկն էլ դուք եք: «Արի տունը» հայապահպանության և հայրենադարձության ծրագիր է: Լիահույս եմ, որ ձեր կապը Հայրենիքի հետ ավելի կսերտանա: Դուք կլինեք Հայաստանի դեսպանները սփյուռքում և սփյուռքի դեսպանները՝ Հայաստանում: Ուրախ եմ, որ տեսնում եմ ձեզ առողջ, խրոխտ, ուրախ ու համարձակ: Ողջունունում եմ ձեզ, Հայաստանը ձերն է»:

Արիտունցիները հանդես եկան համերգային ծրագրով, որը պատրաստել էին ճամբարային օրերի ընթացքում, երգեցին ու պարեցին խարույկի շուրջ:

Նշենք, որ ծրագրի 2-րդ փուլին մասնակցում է 109 սփյուռքահայ պատանի ու աղջիկ աշխարհի 8 երկրից՝ Ռուսաստանից, Ուկրաինայից, Բելառուսից, Ուզբեկստանից, Վրաստանից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից և Հունգարիայից:

 

Scroll Up