Աւարտեցաւ «Արի Տուն» Ծրագիրի Երկրորդ Փուլը

Յուլիս 7-ին Աղաւնաձորի «Արի տուն» ճամբարին մէջ տեղի ունեցաւ ՀՀ սփիւռքի նախարարութեան «Արի տուն» ծրագիրի երկրորդ փուլի փակման հանդիսաւոր արարողութիւնը, որուն մասնակցեցան ՀՀ սփիւռքի նախարար Հրանոյշ Յակոբեան, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյեան, պետական եւ մշակոյթի գործիչներ, հիւրեր:
Ողջունելով արիտունցիները` Սփիւռքի նախարար Հրանոյշ Յակոբեան նշեց. իմ սիրելի պատանիներ եւ աղջիկներ, հաւատում եմ, որ մեծանալու էք որպէս հպարտ հայեր, պահպանելու էք մեր ազգի պատիւը, լաւ էք սովորելու: Ոզում եմ շնորհակալութիւն յայտնել այն ընտանիքներին, որ ձեզ պահեցին, սիրեցին, դարձան ձեր հարազատները: Ուզում եմ շնորհակալ լինել ձեր ծնողներին, որ հաւատացին մեզ, ձեզ ուղարկեցին «Արի տուն» եւ ծրագիրը իրականութիւն դարձաւ:Ուզում եմ, որ այս օրը ձեզ համար պատմական լինի, ու երբեք չմոռանաք: Այսօր ձեզ հետ հանդիպման է եկել Հայաստանի Ազգային ժողովի նախագահը` կարեւորագոյն ինստիտուտներից մէկի նախագահը»:
Ազգային ժողովի նախագահը բարի երթ մաղթեց սփիւռքահայ պատանիներուն ու աղջիկներուն: Ան մասնաւորապէս նշեց. «Շնորհակալութիւն «Արի տուն» ծրագրի սիրելի մասնակիցներ, իմ կրտսեր հայրենակիցներ: Ուրախ եմ այսօր ձեզ հետ հանդիպել: Հայաստանը եւ Սփիւռքը միասին աւելի մեծ հնարաւորութիւններ ունեն հասնելու իրենց նպատակներին: Հայաստանը ուժեղ է Սփիւռքով, եւ Սփիւռքը` Հայաստանով, նրանք իրար կապուած են բազմաթիւ երակներով, որոնցից մէկն էլ դուք էք: «Արի տունը» հայապահպանութեան եւ հայրենադարձութեան ծրագիր է: Լիայոյս եմ, որ ձեր կապը Հայրենիքի հետ աւելի կը սերտանայ: Դուք կը լինէք Հայաստանի դեսպանները սփիւռքում եւ սփիւռքի դեսպանները` Հայաստանում: Ուրախ եմ, որ տեսնում եմ ձեզ առողջ, խրոխտ, ուրախ ու համարձակ: Ողջունունում եմ ձեզ, Հայաստանը ձերն է»:
Արիտունցիները հանդէս եկան համերգային ծրագիրով, որ պատրաստած էին ճամբարային օրերուն ընթացքին, երգեցին ու պարեցին խարոյկի շուրջ:
Նշենք, որ ծրագրի 2-րդ փուլին մասնակցում է 109 սփիւռքահայ պատանի ու աղջիկ Աշխարհի 8 երկրէ` Ռուսաստանէն, Ուքրանիայէն, Պելառուսէն, Ուզպեկստանէն, Վրաստանէն, ԱՄՆ-էն, Ֆրանսայէն եւ Հունգարիայէն: